ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Անցած դարի 30-ական թթ. հայ գրականությունը, սովետական երկրի մյուս գրականությունների նման ենթարկվեց մինչ այդ մարդկության պատմության մեջ չտեսնված գաղափարական ու գեղարվեստական սահմանափակումների։ Դրանք խախտելու գինը գրաքննությունը չէր, գրողի կյանքն էր։ Եվ իրենց կյանքով վճարեցին բազմաթիվ գրողներ, նրանց թվում` բոլոր ժամանակների ամենամեծ հայ բանաստեղծ Եղիշե Չարենցը։
Իրավիճակը ծնեց մորթապաշտ, պատեհապաշտ գրողների մի ամբողջ բազմություն, բայց քիչ չէին նաեւ այնպիսիք, որոնք հավատարիմ մնացին իրենց առաքելությանը։ Նրանց համար հետագա տասնամյակներն անցան ճշմարտությունն ասելու եւ ազատորեն, գրողի նախընտրած արտահայտչամիջոցներով այդ անելու պայքարում։ Հրանտ Մաթեւոսյանը, Աղասի Այվազյանը, այլ տաղանդավոր գրողներ անդրադառնում էին փակ թեմաների, գրում էին «սոցիալիստական ռեալիզմի» պահանջներից հեռու ստեղծագործություններ։
Ըստ այդմ էլ, երբ սկսվեց 1988-ի Շարժումը, կարելի է ասել, որ այն գրողների հեղափոխություն եղավ։ Հանրահավաքների հարթակում ավագ սերնդի հայրենասեր գրողներն էին, նրանք էին Կրեմլում բանակցում Միխայիլ Գորբաչովի հետ։ Նրանց փոխարինեցին արձակագիրներ Վանո Սիրադեղյանն ու Վազգեն Սարգսյանը։ Ի դեմս նրանց երկիրը ձեռք բերեց առանցքային գործիչներ, գրականությունը կորցրեց ամենախոստումնալից գրողներից երկուսին։ Գրականությամբ զբաղվելը դարձել էր անվտանգ, մինչդեռ Վազգեն Սարգսյանը ողբերգաբար զոհվեց հանցագործների կրակահերթերից 1999-ին, Ազգային Ժողովի նիստերի դահլիճում, երբ Հայաստանի վարչապետն էր, իսկ Վանո Սիրադեղյանը գրականություն վերադարձավ, երբ ստիպված էր երկրից հեռանալ` ձերբակալության վտանգի առաջ հայտնվելով։
Նոր ժամանակներում հասարակությունը մշակույթից, հատկապես գրականությունից սկսեց պահանջել առաջնորդել ժողովրդին, թեեւ նոր հասարակարգում այդ դերը պետք է ստանձնեին եւ ստանձնեցին քաղաքական մարմիններն ու այրերը։ Հասարակությունը պահանջում էր հերոսական ստեղծագործություններ, հատկապես պատերազմի մասին, երբ որ նույն հասարակությունը ազատ ԶԼՄ-ների աջակցությամբ ներգրավվել էր քիչ թե շատ նշանակալի բոլոր գործիչներին դավադրության տեսության լույսի ներքո ընկալելու, նրանց պսակազերծելու ու վարկաբեկելու գործընթացին։ Այս պատճառները. շուրջ մեկ տասնամյակ հանապազօրյա հացի կարոտ բնակչության նյութական վիճակի հետ միասին, գրականությունը մղեցին լուսանցք, որտեղ եւ մեկ տասնամյակից ավելի ստեղծվում եւ անհետանում են գրական հանդեսներ, իշխանությունից պատվեր են խնդրում կամ նրանից իրենց անկախությունը հայտարարում հին ու նոր գրողները։
Այսուհանդերձ, նորագույն գրականությունն ունի որոշակի նվաճումներ. նրա լեզուն դառնում է ավելի ու ավելի բնական` արտացոլելով խոսակցական շերտերը, նրա թեմաներն իրական են` զերծ կաղապարներից ու տաբուներից, հերոսները գրականությունից հայտնի կերպարներ չեն, այլ մեր փոփոխական ժամանակներում կեղծ բարեպաշտության դիմակներից հրաժարված մարդիկ։
Կայքում ներկայացված գրողների մի մասը որոշակի ճանաչում ունեին դեռ սովետական տարիներին (Արմեն Շեկոյանը եւ Վահրամ Մարտիրոսյանը` որպես բանաստեղծ), ուրիշները հաջողության են հասել անկախության տարիներին կամ այնքան երիտասարդ են (Արփի Ոսկանյան, Համբարձում Համբարձումյան), որ տարիքի բերումով միայն վերջին տարիներին կարող էին հանդես գալ հրապարակումներով։
Հեղինակներից մեկը` ֆրանսագիր Դենի Դոնիկյանը, ներկայացնում է Սփյուռքը։ Վարդան Ջալոյանի ստեղծագործությունը մեր իրականության պարադոքսները նկարագրում է էսսեի ժանրում։
Հեղինակները ներկայացվում են ըստ տարիքի, ավագից` կրտսեր։
Վահրամ Մարտիրոսյան
|