http://www.litlab.org
home about partners terms and conditions
Armenian Azerbaijani English Russian
ԱԴՐԲԵՋԱՆ
ՅԱՇԱՐ ՄԱՄԵԴԱԼԻ ՕՂԼՈՒ ԱԼԻԵՎ
(1963)

Ծնվել է 1963թ. Բաքվում։

1981-1983թթ.. զինծառայությունն անց է կացրել Մոսկվայում։ 1989թ. ավարտել է Բաքվի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։

1983-1986թթ.. եղել է Սննդի առեւտրի վարչության կոմսոմոլի կոմիտեի քարտուղարը, հետո մինչեւ 1989թ. «Ադրբեջանֆիլմ» կինոստուդիայում աշխատել է ռեժիսորի ասիստենտ։ 1989-1992թթ..զբաղեցրել է «Հազար» գրական ամսագրի բաժնի վարիչի, Ադրբեջանի հեռուստառադիոհեռարձակման պետական կոմիտեի խմբագրի պաշտոնները։ 1992-ից մինչեւ 1993-ը ղեկավարել է Բաքու քաղաքի Սուրախանի շրջանի գործադիր իշխանության բաժինը, հետագայում մինչեւ 1995թ. եղել է մայրաքաղաքի Ազիզբեկովի շրջանի գործադիր իշխանության ղեկավարի տեղակալը։ 1995թ.-ից՝ «525-րդ թերթի» խմբագիր։ 2005թ. միաժամանակ «Հազար» ամսագրի աշխատակիցն է։

Այս ողջ տարիների ընթացքում պարբերական մամուլում ակտիվորեն հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, հրատարակել է պատմվածքներ։ Ռուսերենից ադրբեջաներեն է թարգմանել Խուան Ռուլֆոյի «Պեդրո Պարամո» վեպը, Մաթիլդա Ուրիտիայի «Պաբլո Ներուդայի հետ ապրած կյանքը» հուշագրությունը, համաշխարհային գրականության ականավոր դեմքերի շատ պատմվածքներ։

Նրա պատմվածքները նույնպես թարգմանվել են արտասահմանյան լեզուներով։ «Յոթ» պատմվածքների ժողովածուի հեղինակ։ Յաշարի սցենարով, որը գրվել է իր իսկ «Պատ» պատմվածքի հիման վրա, նկարահանվել է համանուն գեղարվեստական ֆիլմ։

ԲԱԺԱՆՈՒՄ

Մայր ու որդի ճանապարհ էին ընկել վաղ առավոտյան և հիմա հազիվ էին ոտ փոխում, հոգնել էին նաև նրանից, որ ամբողջ ճանապարհին բառ անգամ չէին փոխանակել, յուրաքանչյուրը մենակ էր կրում ճանապարհի ծանրությունը։

Մայրը վերջին ուժերն էր ժողովում, որ արագացնի քայլերը, պետք էր լույսով հասնել, որպեսզի որդին մթան բերան չընկնի, գելուգազանի բաժին չդառնա։ Տղան էլ էր նյարդայնանում, ուզում էր էլ ավելի արագ ու մեկընդմիշտ ազատվել այդ կնոջից, ում պատճառով վերջին ժամանակներում այդքան տառապել էր։ Մարդամեջ դուրս գալ չէր լինում, ընկերների մոտ լեզուն կարճ էր։ Ախր գյուղի էդքան մարդկանցից ինչի՞ հենց իր մայրը պիտի հայ լիներ։ Ո՞ր մի մեղքի համար էր Աստված պատժում։ Չէ, Աստված չէր դատապարտել նրան տանջանքների, ամեն ինչում մեղավոր էր էն անկենդան մարմինը, որ առավոտից իրիկուն քնաթաթախ ճանճի պես փայլփլում էր աչքի դեմ՝ հայրը։ Եթե ժամանակին աչքն էդ հայուհու վրա չտնկեր, այլ բոլոր մյուս հարևան տղերքի պես պսակվեր իր գյուղի պարկեշտ աղջիկներից մեկնումեկի հետ, ինքը հիմա այդպես չէր տառապի։

Հանկարծ նկատեց, որ մոր դեմքն այլայլվեց։ Ըստ երևույթին վնասված ոտքն էր ցավում, յուրաքանչյուր քայլն արտատպվում էր ոչ միայն հողին, այլև` դեմքին։

Երբ անցյալ ամառ ռազմաճակատից բերեցին հարևանուհու որդու մարմինը, սա հուսահատությունից նետվեց իրենց բակ և ձեռքն ընկած առաջին երկաթեղենով, ինչքան թևերում ուժ կար, իջավ մոր ոտքին։ Չնայած դժոխային ցավին, մայրն այն ժամանակ ծպտուն էլ չհանեց։ Իմաստ էլ չուներ. ո'չ ամուսինը, ո'չ որդին թիկունքին չէին կանգնի։ Մի ամբողջ շաբաթ, պստիկ աղջիկը գրկին, անկյուն քաշված, սիրտ չարեց՝ տնից դուրս գա։ Եվ հիմա, մեկումեջ վիրավոր ոտքին հենվելով, տանը թողած աղջկան էր հիշում, որ հիվանդացել էր։

Արդեն քանի օր երեխան ջերմության մեջ վառվում էր։ Բժիշկը եկավ, զննեց, ասաց, որ մրսածություն չի, երեխան ինչ-որ բանից վախեցել է։ Եվ գնալիս խիստ պատվիրեց մորը, որ մոտը ձայն չբարձրացնեն։

Մայրը, որ մինչ այժմ քայլում էր որդու առջևից, հանկարծ ցանկացավ մի բան ասել, ընդամենը մի նախադասություն. «երեխուս լավ նայեք»՝ ուզում էր ասել, բայց զսպեց իրեն և քայլեց ավելի արագ՝ ավելի շուտ-շուտ հենվելով հիվանդ ոտքին։

Աղջկան եղբայրն էլ հիշեց։ Իզուր այդպես շտապեց, պետք էր սպասել, մինչև քույրիկը լավանա։ Հիմա երևի զարթնել ու զառանցում է ջերմության մեջ, մորն է կանչում…

Աստված նրա հետ, թող զառանցի, թեկուզ մեռնի։ Դժբախտությունը նրա՞ հետ չմտավ իրենց տուն։ Էդքա՜ն էլ ծանր ոտք կլինե՞ր. հենց ծնվեց, ամեն ինչ շուռ եկավ։ Մինչ այդ իրեն երբևէ որևէ մեկը կշտամբե՞լ էր, թե մայրը հայ է։ Հակառակը, բոլոր կանայք նրան օրինակ էին բերում մեկմեկու։ Չկար այդպիսի ուրիշ մի կին՝ թաղումներին սրտանց լացող և բոլորից շատ պարող հարսանիքներին։

- Արագ քայլիր, լրբի աղջիկ։

Ինքն էլ չհասկացավ՝ ոնց դուրս թռան բառերը։ Իրականում ախր ուզում էր մորը հարցնել՝ ոտքը հո չի՞ ցավում։

Մայրը, թեպետև` դժվարությամբ, բայց արագացրեց քայլերը։ Տեր Աստված, ո՜նց էր նա՝ իր առաջնեկը, սիրում կրտսեր քրոջը։ Նա միշտ զգում էր այդ երկչոտ սերը։ Մինչև աղջնակի ծնունդը որդին մի տեսակ քաշված էր, հնազանդ, ասես կիսով չափ ծնված… Քրոջ ծնունդից հետո ավելի ամուր դարձավ։ Ասես տղայի մեջ մի բան պակաս էր, իսկ աղջիկը եկավ ու լցրեց եղբոր հոգու դատարկությունը։ Այդ մասին մտածելուց մայրը որոշ թեթևություն զգաց։ Չէ, երեխաներն արդեն իր կարիքը չունեն. նրանց հոգիները, միմյանց մասին հոգ տանելով, կյանքին կդիմանան։

Ամուսինն էլ մի ձևով յոլա կգնա առանց իրեն։ Իրականում այդ տղամարդու համար միևնույնն է՝ կողքին է կինը, թե` ոչ։ Եվ մի՞թե` միայն կինը։ Եթե Աստված նրան տասը երեխա պարգևեր, և յոթը հանկարծ կորչեին, նա այն ժամանակ էլ չէր հետաքրքրվի, թե ուր չքվեցին։ Այդ քսան տարիների ընթացքում, որ ապրել էին մի տանիքի տակ, նա երբեք իրեն ոչինչ չի հարցրել։ Միայն առաջին տարիներին, երբ պառկում էին քնելու, երբեմն կամացուկ հարցնում էր՝ «սկսե՞նք», բայց այդ ժամանակ էլ չէր սպասում պատասխանի։ Վստահ էր՝ իր անհետացումը չի էլ նկատի։ Եվ ոչ միայն հիմա. երեք, հինգ, տասը տարի հետո էլ, եթե ողջ լինի, չի փորձի պարզել, թե կինն ուր կորավ այդպես հանկարծակի։ Ախր այդպես էլ չհասկացավ, թե ոնց առհասարակ դարձավ իր կինը։ Պարզապես մի անգամ նկատեց, որ կողքին մեկն էլ կա։ Իսկ վաղն առավոտյան կտեսնի, որ կողքի տեղը նորից թափուր է, ահա և ամբողջը։ Թվում է՝ այդ անկյանք, չորացած մարմնում բոլոր զգացմունքները անջատած են լամպերի պես. որևէ բան տեսնելու կամ լսելու ցանկության ոչ մի նշույլ։ Նա հասկացել էր դա դեռ առաջին գիշերից։

- Պահպանիր հորդ։

Հայրն ի՞նչ կապ ունի։ Բա նրա ժամանա՞կն է։

Ճանապարհը վերջ չուներ։ Վաղ առավոտյան, երբ մորը շտապեցնելով դուրս եկավ տնից, հույս ուներ լույսով վերադառնալ։ Երևում է՝ սխալ էր հաշվարկել։ Արդեն արևը վաղուց մայր էր մտել, իսկ մոր գյուղը դեռ չէր երևում։ Հանկարծ որդուն էլ համակեց վախը։ Ո՞նց է մենակ վերադառնալու գիշերով։ Չէ, ախր իրականում էս ճանապարհն այդքան երկար չպիտի լիներ։ Այն հինգ մատի պես գիտեր։ Կար ժամանակ, երբ մոր հետ, երկուսով հաճախ էին պապին այցելելու համար կտրում այս ճանապարհը։ Եվ ամեն անգամ լույսով էին հասնում։ Ու մինչև մութն ընկնելը հասցնում էին ոչ միայն զրուցել պապի հետ, այլև ընթրել ու սեղանը հավաքել։ Ի՞նչն է հիմա ճանապարհն այսպես երկարացնում։

- Արագացրու, լրբի աղջիկ։

Այս անգամ որդու ձայնն արդեն շատ վճռական չհնչեց։ Այնքան էր հոգնել, որ խոսելու ուժ էլ չէր մնացել։ Իսկ միգուցե դեռ ուշ չէ՝ անցավ մտքով։ Հետո ինչ, որ այսքան ճանապարհ են եկել, միգուցե կա՞նգ առնել հենց այստեղ ու մոր հետ, երկուսով վերադառնա՞լ։ Առաջվա պես։ Մազ էր մնացել, որ ասի՝ մամ, արի հետ դառնանք, բայց նորից հիշեց նրա երեկվա խոսքերը, խոսքեր, որ իրեն հունից հանել էին ու այս ուղուն էին հանել։

«Ինչի՞ չեք թողնում, որ էդ անբախտներն իրենց տներում հանգիստ ապրեն»։

Որդին ոչինչ չպատասխանեց, բայց ողջ գիշեր շուռումուռ եկավ անկողնում, աչք չկպցրեց՝ սպասելով, որ լուսանա։

Ո՞վ է դժբախտը…

Ո՞ւմ տանը…

Իսկ երբ սկսեց լուսանալ, և գնաց մորն արթնացնելու, գտավ նրան բաց աչքերով։ Ըստ երևույթին մայրն էլ, թեպետև ծպտուն չէր հանել այդ խոսքերից հետո, զգացել էր, որ որդին արթնացնելու է իրեն լուսաբացին, ու նույնպես աչք չէր կպցրել։ Որդուն տեսնելով` չշփոթվեց, պարզապես կամաց վեր կացավ, ուղղեց ճմրթված հագուստն ու լուռ դուրս եկավ։

«Ինչի՞ չեք թողնում, որ էդ անբախտներն իրենց տներում հանգիստ ապրեն»։ Ընդամենն այդ մի անզգույշ արտահայտությամբ նա՝ մայրը, ով ցանկանում էր սեփական տանը վերականգնել խաղաղությունն ու կարգուկանոնը, ամեն ինչ վերադարձնել իր տեղը, ընդհակառակը՝ ամեն ինչ շուռ տվեց։ Նա հասկացավ դա դեռ երեկ երեկոյան և ողջ գիշեր ինքն իրեն մեղադրում էր։ Բայց եղածը չես շտկի, դրանից հետո արդեն ոչինչ չէր ազդի որդու վրա, նրա համբերության բաժակը լցված էր։ Մայրը առջևից, որդին հետևից՝ այդպես էլ քայլում էին նրանք վաղ առավոտից, տան շեմից սկսած, ոչ մի անգամ այդ կարգը չխախտելով։

Որդին հասկացավ, որ ուշ է, արդեն չի կարող վերադառնալ մոր հետ։ Արդեն ճանապարհն էլ էր հոգնել, փափկել, ափերից դուրս էր լողացել։ Ճիշտ` ինչպես ծովը։ Եվ հիմա մայր ու որդի հասել էին այդ ծովի ուղիղ մեջտեղը։ Նրանց անհանգիստ հոգիները վերջնականապես ուժասպառվել էին. հետ դառնալ լողալով, շնչահեղձ մայրը՝ մեջքին,  որդին պարզապես անկարող էր։

- Արագ գնա,- ասաց որդին, բայց այս անգամ լեզուն չպտտվեց, որ մորը վիրավորի։ Կարծես թե ցասումը մեղմվել էր։

Եվ հանկարծ ուշքի եկավ, ինչպես սարսափելի երազից։ Ի՞նչ է սա, ո՞ւր է տանում մորը։ Ո՞նց է մտքով անցել։

Որդու մարմինը տարօրինակ դող ընկավ, ասես հոգին, որ մինչ այդ սառած էր, սկսեց քիչ-քիչ հետ գալ։

Հետո հեռվից, ասես աշխարհի մյուս ծայրից, ականջին բառեր հասան.  «վերադարձրու իմ մայրիկին»։

Քրոջ ձայնն էր։

Ինչ-որ բան անսպասելի կոտրվեց նրա ներսում։ Ինչպե՞ս կարող էր քրոջ ձայնն այստեղ լսել։

Կանգ առավ։ Մայրն էլ կանգնեց։ Կարծես նա էլ էր լսել իր երեխայի ձայնը։

- Քրոջդ էլ պահպանիր։

Հետո նա անհետացավ ճանապարհի մթության մեջ, որ տանում էր դեպի գյուղ՝ այսուայնտեղ առկայծող լույսերով։

***

Մայրը կորավ, իսկ մթությունը մնաց։ Տղան իր ողջ կյանքի ընթացքում դրանից ավելի սև մթություն չէր տեսել։ Նշանակում է՝ ամեն ինչ վերջացավ, հիմա՝ մորը գյուղ, իր անբախտների մոտ հասցնելուց և այդ կնոջից ընդմիշտ ազատվելուց հետո, նա կարող էր հանգիստ վերադառնալ։ Որդին իսկապես էլ հոգու վրա մի տեսակ թեթևություն զգաց։ Ասես ոչ միայն մորից էր ազատվել, այլև, հեռացնելով իրենից ամբողջ անցյալը, մնացել էր մորեմերկ։ Տեր Աստված, ինչպես մի ակնթարթում կարող է ամեն բան դառնալ թեթև, հանդարտ, դատարկ։

Օ, Տեր Աստված, անսահման է մեծահոգությունդ, ազատեցիր հոգիս։

Փառք քեզ, Տեր։

Որդին ուզում էր թափ տալ իր ներսն ու դուրսը, ազատվել ամեն ինչից, որպեսզի վերադառնա արդեն բոլորովին նոր մարդ դարձած։ Այն է՝ շրջվեց, որ հետ գնա, տեսավ՝ առջևը գայլ է կանգնած։ Տարօրինակ էր, բայց կենդանու հայացքում ոչ մի գայլային բան չկար։ Երևում է՝ գազանը նրանց հետևից կրնկակոխ եկել էր, հնարավոր է՝ այն պահից, ինչ մոր հետ ճանապարհ էին ընկել, և որսը հետապնդելիս այնքան էր ընտելացել այդ երկու էակներին, որ միայն որդին նրան որպես միս այլևս չէր հետաքրքրում։

Տունը լքել էր լուսաբացին, իսկ վերադարձավ ուշ գիշերով։ Գյուղի բոլոր լույսերը մարած էին, ոչ մի շունչ չէր երևում։ Բայց իրենց տան դարպասը կրնկի վրա բաց էր։ Հանկարծ հիշեց քրոջը, ում առավոտյան ջերմության մեջ էր թողել։

Ինչ եղավ հետո՝ արդեն չէր հիշում։

2005թ.

Էջի սկիզբը

Գրական փորձագիտարան - Գրողներն ընդդեմ բախումների նախագիծը կոչված է հաղթահարելու հակամարտող ժողովուրդների միջեւ առկա ատելությունը։ Դա չի նշանակում, թե կայքի ստեղծագործություններն արտացոլում են բուն ռազմական եւ քաղաքական հակամարտությունը, որն ատելության աղբյուրն է: Ավելին. կայքը չունի գաղափարական կամ բովանդակային որեւէ սահմանափակում: «Ադրբեջանցիները (հայերը) լավ գրականություն ունեն». ընթեցողների այսպիսի արձագանքը գլխավոր արդյունքն է, որին կարող է ձգտել կայքը: Քանի որ այն կարող է ժողովուրդների մեջ իրար հանդեպ փոխադարձ հարգանք ներշնչել, որը բախումները կարգավորելու լավագույն հիմքն է: Բացի այդ, գեղարվեստական գրականությունը, հատկապես` արձակը, ի հայտ է բերում այն ընդհանրությունները, որ կան հարեւան երկրների ներկայացուցիչների վարքի ու մտածողության մեջ, որը նույնպես կնպաստի կեղծ կարծրատիպերի և օտարացման հաղթահարմանը։

Հեղինակներին ընտրելիս կայքի գրական համակարգողները ջանացել են ընդգրկել ավագից մինչեւ երիտասարդ սերունդները, ավանդապաշտներին եւ նորարարներին:

home about partners terms and conditions
Forum