| ՀԱՅԱՍՏԱՆ |
 |
| ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ |
| (1959) |
|
Տպագրվել է վաղ տարիքից։ Հեղինակ է բանաստեղծությունների երկու ժողովածուի։ Համազգային շարժման առաջին տարիներից սկսել է զբաղվել քաղաքական լրագրությամբ, ղեկավարել ՀՀ պետական, ապա առաջին մասնավոր հեռուստատեսություններից մեկի լրատվական-վերլուծական խմբագրությունները, հիմնադրել ու վարել հաղորդաշարեր։
2000-ին թողել է հեռուստատեսությունը` հայտարարելով, որ մտադիր է պրոֆեսիոնալ գրողի կյանքով ապրել։ Նույն տարվա վերջին լույս է տեսել Մարտիրոսյանի «Սողանք» գիրքը, որը դարձավ նոր ժամանակների առաջին հայկական բեսթսելլերը։ Շատ չանցած վեպը տպագրվեց հունգարերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, իսկ 2007-ին` ֆրանսերեն, Կանադայում եւ Ֆրանսիայում միաժամանակ։
2001-ին Մարտիրոսյանը համահիմնադիրն ու համախմբագիրն է դառնում «Բնագիր» գրական ինտերնետային կայքի եւ նրա տպագիր հավաքածուների։ Այս հանդեսի շուրջ միավորվեցին նոնկոմֆորմիստ հեղինակները, այն ազատության ու լայնախոհության նոր չափանիշներ ներմուծեց ժամանակակից հայ գրականություն։
2002-ին Վահրամ Մարտիրոսյանը հրատարակել է «Հանուն խաչի ծպտվածները» պատմավեպը, 2005-ին` «Բվերը» վիպակների ժողովածուն։
Վերջին տարիներին գրում է գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերի սցենարներ։
Պոեզիա եւ արձակ է թարգմանում ռուսերենից, ֆրանսերենից, իսպաներենից, անգլերենից, հունգարերենից։
|
|
- Հիշողությունը սպառված է
- Ձուկը
- Կիսագունդը
- Ընկերը
- Ես
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՎԱԾ Է
Խաչիկ Կարապետյանին
Ես տուն էի եկել սովորական ժամին, ավելի ճիշտ՝ սովորականից էլ շուտ։ Առավոտ իմացել էի, որ մահացել է հարազատներիցս մեկը՝ մի հիանալի կին, որի տղան ուշք չէր դարձնում հասակն առած մորը։ Ուզում էի բոլորին բացատրել, թե ինչ ափսոս էր ու ինչպես տղան չէր գնահատում նրան։ Ինչ-որ աշխատելս էլ չէր գալիս, բայց ոչ մեկին չկարողացա կտրել գործից, որ մի-երկու բաժակ խմեինք-խոսեինք-թեթևանայի։ Հետո թողեցի-տուն եկա։ Ընթրիք դրեց։ Կերա՞-չկերա՞։ Պառկեցի անկողնում, ժամը տասը չկար, մի քիչ հեռուստացույցի ալիքները փոխեցի ու քնեցի։
Որ զարթնեցի, վառեցի կողքիս լույսը, նայեցի տեսա, որ դեռ կեսգիշեր էլ չէ՝ ժամը տասնմեկն անց կես էր։ Ի՞նչ էր պատահել, ի՞նչ վիճակում էի, որ չկարողացա քնել. տուն էի եկել սովորական ժամին, ավելի ճիշտ՝ սովորականից շուտ, առավոտ իմացել էի, որ մահացել է հարազատներիցս մեկը՝ մի հիանալի կին, որի տղան ուշք չէր դարձնում տարեց մորը, գործի տեղն ամեն ինչ նույնն էր. մանր-մունր տհաճ խոսակցություններ եղան-անցան… բայց աշխատելս չէր գալիս ու սովորականի պես երկար չմնացի՝ շուտ եկա տուն։
Միայն թե լավ բաներն էլ չմոռանամ։ Օրինակ, հաստատվեց լուրը, որ նոր համակարգիչ եմ ստանալու՝ հզոր հիշողությամբ։ Նոր հերոսներիս ավելի արագ կարող եմ մարմնավորել, հեշտ ու սահուն կշարժվեն։ Երկար կապրեն։
Հետո քիչ մնաց՝ շուտով աշխատավարձ եմ ստանալու։ Կգնամ երկու հատ ճոճաթոռ կառնեմ՝ տեղն իմացել եմ։ Եղբայրս ամառանոցի համար խոստացած փողը կուղարկի, փոքրիկ ամառանոց կառնեմ, վերջապես կհեռանամ էս տնից, սիրածս կինը կտեղափոխվի ինձ մոտ, ճոճաթոռները կդնենք դրսում, սուրճ կխմենք, ինքը կգործի, կբլբլա ականջիս տակ, իսկ ես ուղղակի մայրամուտին կնայեմ՝ հոգնել եմ։
Ուզեցի հիշել դեմքը, բայց աչքերիս առաջ չեկավ։ Ուզեցի վերջերս հնարած կերպարներիս մտաբերել, բայց հիշողությանս առաջ սովորականի նման գունավոր ու շարժուն չբացվեցին։ Ես վերցրի առաջին պատահած թուղթն ու գրեցի.
Հետո ինձ ասվեց.
Դու այնքան էիր ուզում տղա ունենալ, որ Մենք ուղարկեցինք մի հրեշտակի, որ իրագործի քո երազանքը։
Նա ինձ մոտ մնաց 8 տարի։ Իսկ հետո՝ հեռացավ։
Այնժամ ես հասկացա, որ ինձ տրված էր որոշ ժամանակ՝ գոյություն քարշ տալու համար։
Իմ ճյուղը կոտրվեց, ինձ ոչնչացրին ժամանակի մեջ։
Ես արդեն չկամ։
Երբ նույն տարի գնացինք գերեզմաններ՝ ձյուն էր գալիս։ Դա փառահեղ ձյուն էր՝ մեծ փաթիլներով և արագ։ Գերեզմանոցում ոչ մի ոտնահետք չկար։ Կար միայն մի ոտնահետք, որ գնում էր դեպի իմ տղայի գերեզմանը։ Հետո մենք հանդիպեցինք մի 17-18 տարեկան տղայի։ Գերեզմանոցում այլևս ոչ ոք չկար։ Նա ինքը մոտեցավ մեզ և հարցրեց.
Ճի՞շտ է արդյոք, որ պետք է գերեզմաններ գալ Զատիկի հաջորդ օրը։
Մենք ասացինք.
Այո։
Նա հեռացավ։
Միայն շատ հետո իմ մտքով անցավ, որ այդ տղան նույնպես ուղարկված էր որպես բանբեր՝ հասկացնելու համար, որ իմ տղան տրված էր ինձ ինչ-որ ժամանակով, որը լրանալուց հետո՝ հեռացավ։
Դա բանբեր էր։
Եվ մայր էր մտնում արեգակը բորբ՝ որպես պղնձե մետաղադրամ։
16.01.2001
23։45
Գրելուց հետո զգացի, որ մրսում եմ։ Բայց այս երկրում բոլորն են մրսում՝ ի՞նչ արտասովոր բան կա։ Վրաս գցեցի ծածկոցն ու կռացած նստեցի, մինչև զգացի, որ սիրտս կանգնում է։ Ես նրան խնդրեցի, որ աշխատի։ Խոսեցի՝ ինչպես պետք է սրտի հետ խոսել՝ հանգիստ ու մեղմ։ Մանավանդ որ առհասարակ հանգիստ եմ խոսում։ Բայց նա կանգ առավ։ Ասաց, որ հիշողությունը չի բավարարում։ Եվ պահանջեց անջատել ամբողջ ծրագիրը։
Պատմվածքում զետեղված բանաստեղծությունը Խաչիկ Կարապետյանը` Հայաստանում համակարգչային անիմացիայի առաջին և լավագույն վարպետներից մեկը, գրել է սրտի տագնապին հետևած մահվանից անմիջապես առաջ։
Էջի սկիզբը
ՁՈՒԿԸ
Երեքով նստած էինք դեպի վերև նեղացող, բարձր կլոր աթոռակներին, որոնք իրենց բարակ ոտքերի կեսին շրջանակ են ունենում։ Կամրջի վրա էինք, բազրիքի մոտ, նայում էինք ցած ու խոսում էինք այդ ժողովրդի մասին։ Մեզանից ահագին ներքև գետն էր, որի աջ ափին բուսածածկ բլրի ուղղահայաց լանջ էր, ձախ ափին ծառեր էին, որոնց արանքում երևում էին փայտաշեն, մի քիչ խունացած մեկուկես հարկանի տներ։ Հասկացվում էր, որ դրանց թիկունքում ինչ-որ տեղ խճուղին էր։
- Հիմնականում ձկնորսությամբ են զբաղվել, - ասաց ձախ կողքիս նստածը, որին չեմ հիշում։
- Կարծեմ ձուկը շատ առատ է եղել, ու անհոգ ապրել են, - իմացածս հայտնեցի ես։
- Բայց արդեն հարյուր տարի է ձուկ չեն որսում։
-Ինչի՞, - անհանգստացա ես, որ ձկան ուտել սիրում էի, չնայած բուն ձկնորսության հանդեպ հակում չունեի։
- Որ գետը նորից ձուկ լցվի, - ասաց աջ կողքիս նստածը, որը միջնադարյան թուրք ճանապարհորդ էր։
Ես ավելի ուշադիր նայեցի ներքև ու նկատեցի, որ գետը համարյա ճահճակալած է՝ մինչև մեջտեղը եղեգներ ու բարձր մոլախոտեր էին բռնել։ Իհարկե, գետը ոչ մեկի պետքը չէր, ոչ ոք վաղուց նրան մոտ չէր եկել։ Բայց դրանից էլ պետք էր ենթադրել, որ ձուկն հիմա լիքն է, վխտում է խոտերի արանքում, ես նույնիսկ աչքերս լարեցի, որ ջրի մեջ տեսնեմ նրանց խլվլոցը։ Այդ ժամանակ ձախ կողքիս նստածը ձեռքը մեկնեց գետի ձախ ափի բարձր ուռենու կողմը, որի վերևում մի ձուկ էր թրթռում։
- Նայեք, թռչող ձուկ,- ասաց նա։
Ձուկը սկսեց ավելի բարձրանալ՝ թրթռալով, և մեկ-մեկուկես րոպեում հասավ համարյա մեզ։ Ես ձեռքս կտրուկ առաջ գցեցի ու բռնեցի։ Սովորական ձուկ էր՝ 35-40 սանտիմետրանոց, միայն թե դնչից մինչև պոչն ընկած հատվածը ներքևի մասում ուղղագիծ էր, այլ ոչ թե՝ կոր։ Շատ չէր թպրտում, դրա համար ես էլ արդեն բռունցքիս սեղմումը թուլացրի ու ձուկը ցույց տվեցի կողքիս նստածներին։
- Հրաշք է,- ասաց թուրք ճանապարհորդը,- ես արդեն լսել էի այս ձկան մասին։
Մի հատիկ ձուկը ո՛չ ուտելու էր մի քանի հոգով, ո՛չ էլ, քանի որ արտասովոր էր, ուզում էի հենց այնպես կողքիններիս նվիրել։ Նրանից հոգնելով, որոշեցի հետ գցել։ Բայց պարզվեց՝ ուժեղ կպած է ձեռքիս, կարծես՝ սոսնձած։ Ես ձախ ձեռքով աջիս մատներս զոռով պոկեցի իր մարմնից, բայց ձուկը մնաց ափիս կպած և ինձ քաշում էր դեպի գետը։ Սեղմեցի ոտքիս ու, կայծակնային արագությամբ տրորելով, պոկեցի ձեռքիցս։ Բայց հիմա էլ ջինսիցս կպավ ու ծնկիս վերևի մասից շատ ուժեղ ինձ ձգում էր ջրի կողմը։ Քանի որ նստած էի բարձր աթոռակի, իսկ կամրջի փայտե բազրիքը ցածր էր, նույնիսկ թեթևակի առաջ հակվելը կյանքի համար վտանգավոր էր։
- Օգնեցեք,- ցածր ասացի կողքիս նստածներին։
- Ի՜նչ նման է սովորական ձկան։ Իսկ մուգ կապույտ ջինսի վրա ոնց որ մանրոտ թեփուկներով հասարակ ձուկ լինի,- ասաց ձախ կողքինս, որին չեմ հիշում։
Հանկարծ երկու ձեռքի կեռացրած մատներով թուրք ճանապարհորդը քաշեց-պոկեց ձուկը ոտքիցս։ Ձուկը սկսեց նրա դիմաց օդում թրթռալ։ Իսկ թուրքն ուներ մանր-գանգուր մազեր, որոնք դեմքի երկու կողմից առատանում էին դեպի ներքև։ Եթե ձուկը կպչեր ճանապարհորդի մազերին, պրծում չէր ունենա։
2000 թ., նոյեմբերի 28
Էջի սկիզբը
ԿԻՍԱԳՈՒՆԴԸ
Դեռ հեռվից երևում էր։ Եվ ուշադրություն էր գրավում։ Այդ պատճառով թվում էր, որ ինչ էլ անում էի, մեկ է, մոտենում էի հսկա կիսագնդին։ Ինչպես առաջներում էին ասում՝ քայլերս ինձ բերեցին այստեղ։ Իմ երբևէ տեսած ամենամեծ շենքն էր՝ անթերի սպիտակ։ Քանի դեռ կանաչ ու խիտ էին տերևները, որ պարուրել էին այն տաղավարը, որտեղ վերջին ամիսներին լինում էի, կարելի էի միայն պատկերացնել, թե այս կողմում ինչ կլինի։ Երբ դեղնեցին ու կարմրեցին, արանքներից արդեն շողշողում էր տեղ-տեղ։
Ես հետ նայեցի ու տեսա, որ մենակ էի՝ ինչպես միշտ։ Տաղավարի իմ մասը նույնիսկ ձայներ չէին հասնում, ավելի ճիշտ հասնում էին, բայց կարծես` մեկի կողմից ճզմած ու հողին հավասարեցրած։ Տարօրինակ էր, թե տարօրինակ չէր, բայց կիսագունդը մի դուռ ուներ։ Իր չափերի համեմատ փոքր, համարյա՝ աննկատելի։ Ես նորից հետ նայեցի, բայց ծառուղին դատարկ էր. իմ կողմ էր գալիս միայն փողոցի սովորական մի կատու։
Ինձ համար հետաքրքիր էր, թե ինչ եմ հայտնաբերելու, ուստի հասկանալի չէր, թե ինչու՞ էի ձգձգում ներս մտնելը։ Բայց մտնելու համար պետք էր որոշել, թե՝ ինչպես։ Կիսագնդի դռան բռնակն արտաքին չէր, այլ ավտոմեքենաների դռների պես՝ ներկալված։ Այդ պատճառով չհամարձակվեցի միանգամից քաշել արհեստական ինչ-որ նյութից սարքած բռնակի հորիզոնական շերտաձողը և սկսեցի զանգը փնտրել։ Բայց դռան վրա ոչ մի զանգ հիշեցնող բան չկար։ Կիսագունդը պատուհան չուներ, որ թխկթխկացնեի, մեկը ներսից պատասխաներ, ոչ էլ զանգն է դռնից շատ հեռու լինում, որ գնայի՝ պատի որևէ ուրիշ հատվածում որոնեի։
Ես ձեռքս վեր մեկնեցի ու շոշափեցի դռան աջ անկյունը, որտեղ սովորաբար լինում է զանգը։ Ինչ-որ պահի այն հանկարծ հնչեց։ Ընդ որում՝ անընդհատ ու զնգոցով, ինչպես որ հարկն է, և ոչ թե՝ երաժշտական կամ կենդանական տարբեր ձայներով, որոնք միայն վերապահումով կարելի է զանգ կոչել։ Ձեռքս ետ քաշեցի, բայց զնգոցը դեռ երկար ներսից լսվում էր։ Եթե բացեին, պետք է բացատրեի, որ իրենցից է. զանգը երևի լռվել-մնացել է անցքում։ Կավելացնեի նաև, որ ինձ կարելի է համառ համարել, բայց անքաղաքավարի՝ ոչ մի դեպքում։
Միայն թե ցավալին այն էր, որ ոչ ոք չեկավ։ Ես նորից շոշափեցի զանգի աներևույթ տեղը, որ նորից պատահաբար սեղմեի` անջատվեր։
Բայց զանգն ինքնիրեն լռեց։ Մի քիչ էլ սպասեցի, դուռը բացվեց։ Ուղղակի հետ գնաց ու քաշվեց ձախ կողք։ Ես մտա, իմ հետևից դուռն անաղմուկ փակվեց։ Մեծ գմբեթավոր սրահում ամեն ինչ սպիտակ էր։ Կարծես շատ մարդիկ կային, բայց չէին երևում, որովհետև դահլիճը կտրտված էր հաստ ու բարձր սպիտակ միջնորմներով։ Երբ ուշադիր նայեցի, տեսա, որ սառույցից են։
Մտել էի ձմռան մեջ։ Ոչ հեռու եղյամապատ ծառեր կային, տեղ-տեղ էլ գետնին ցեխ էր նշմարվում։ Չգիտես, թե՝ որտեղի՞ց, քանի որ ես այստեղ մտել էի բոլորովին չորային աշունից։
Առանց շտապելու առաջ քայլեցի։ Երբ ինձ համար էլ անսպասելի շուռ եկա-հետ նայեցի, տեսա, որ հետևիցս գալիս է նույն սովորական կատուն։
Մտածեցի, թե՝ երանի ահռելի կիսագնդի վրա աստիճաններ լինեին, թեկուզ շենքերին կպած մետաղե հրշեջ սանդուղքների պես։ Կարելի էր զգույշ կողքերից բռնած բարձրանալ կիսագնդի գագաթն ու տեսնել, թե դեռ քանի եղանակ ունես առջևումդ։ Գարնան կիսագունդը գուցե մուգ կապույտ լիներ, աշնանը՝ կարմիր, իսկ ամառվանը ագաթի գույն կունենար։ Բայց ամռան կիսագունդը կարող էր նաև լրիվ թափանցիկ լինել,
այդ ժամանակ հնարավոր է, որ կիսագնդերի հաշիվը խառնեիր։
2000 թվականի նոյեմբերի 30
Էջի սկիզբը
ԸՆԿԵՐԸ
Ձմեռվա ժամը 7-ը նման բաների համար շատ ուշ է։ Ավելի շուտն էլ, ասենք՝ ցերեկվա չորսը կամ թեկուզ հինգը, ծիծաղելի է։ Չգնալ չեմ կարող, քսան օր է՝ սպասում էի, բայց գնալուց էլ՝ ինչքան մոտենում, էնքան փոշմանում եմ։ Ամենադժվարը վերջին մի քանի հարյուր մետրն է, որովհետև էդ մասում շատ խիտ են կանգնած։ Երեք հոգի մի տեղ՝ պատին հենված, հինգ հոգի՝ ծառի տակ, տասը մոտիկ շինարարության բետոնե սալերին են նստած, մի քանիսն էլ գնում-գալիս են սրանց արանքում։ Զույգ-զույգ կանայք են կանգնած` ժամադրվածներ են։ Չգիտես ում երեխաները ծառերի բների մոտ խաղում են մթան մեջ։
Քայլում եմ՝ գլուխս կախ, բայց շատ կախ՝ չի կարելի, բարձրացնում եմ՝ շատ բարձր է, կմտածեն՝ քիթը ցցել է։ Լավ է, որ մենակ եմ, չնայած՝ էսքան տեղն է լավ մենակ, ներսում պետք է, որ գոնե մեկը հետդ լինի։
Հռհռոց եկավ, բայց ինձ չի վերաբերում։ Ես գիտեմ, որ ինձ չի վերաբերում՝ ի՞նչ հռհռալու բան եմ արել։ Բայց սրանք եթե մի ամիս առաջ հռհռալու են, կսպասեն, մինչև մոտներով անցնելու լինես, նոր հռհռան։ Անասուն... ներ... Ինչ-որ բանէլ են ասում բարձր, բայց ինձ հետ ի՞նչ կապ ունի՝ չեմ հասկանում։ Այսինքն՝ ոչ մի կապ էլ չունի։ Հետո որ օրերով հիշեմ, երևի կապը գտնեմ, բայց ավելի լավ է՝ ոչ էլ գտնեմ։
Իսկ հիմա հավասարվել եմ իրենց, անցնու՜մ եմ, արդեն անցա։ Այ հիմա՝ անցա։ Մուտքը շատ լուսավոր է, լիքը մարդիկ կան հավաքված։ Էլի ինձ են նայում. եթե բոլորը չէ՝ մեծ մասը։ Դե արի ու մի հատը ծախի։ Էս պայմաններում։ Ո՞նց ծախեմ։ Բայց փող է տված, չէ՞, ափսոս չի՞։ Մի շրջան անեմ, գամ՝ ծախեմ։ Բայց, չէ, շրջան անել չեմ կարող, նույն ճանապարհը երկրորդ անգամ անցնելու ի վիճակի չեմ։ Չեմ կարող, համ էլ՝ կուշանամ։ Չնայած, ժամանակին ես մտնում՝ ուշ են սկսում՝ ահավոր ուշ։ Իսկ որ դու ուշ գաս՝ մուտքը փակ կլինի։
Ծախե՞մ-չծախե՞մ, ծախե՞մ-չծախե՞մ։ Բայց երևի մի հատը ոչ մեկը չուզի։ Կհամոզեն, որ երկուսը ծախեմ, բայց ես համաձայն չեմ։ Երկուսին համաձայն չեմ` իմը չեմ ուզում ծախել։
Բայց եթե չէր գալու՝ թող սկզբից ասեր։ Իհարկե, պատճառաբանություն ունի. առնելուց ինձ չես հարցրել։ Էլ չասած, որ խուսափում ես ճանապարհը միասին անցնելուց։ «Ամբողջ ճանապարհը չէ` մի քանի տեղ, դա էդքան կարևո՞ր է»։ «Քեզ համար որ կարևոր է, ինձ համար էլ է կարևոր։ Հետո՝ դու ինքդ երբեք ինձ հետ չես գալիս»։
Դա ճիշտ է. ես ինքս երբեք հետը չեմ գնում։ Վախ, էս ինչ տանջանք է։
Չեմ ծախի։ Թող փողը կորչի՝ մենակ իմ փողը չի, կորչում է՝ կորչի։ Մոտենում եմ մուտքի բազմությանը, բայց չեմ ուզում արանքներից խցկվել՝ չեմ կարող։ Ներողությու՛ն, ասում եմ, ներողությու՛ն՝ ոչ ոք չի լսում, երևի ցածր եմ խոսում։ Մի քիչ կանգնելուց հետո մեկը դուրս է գալիս ինչ-որ բան հայտարարելու, բոլորը շրջապատում են դրան, ես մոտենում եմ հսկիչին։
- Էդ տեսքով ներս չենք թողնի։
- Ի՞նչ տեսք է որ, նորմալ մարդու տեսք է։
- Նորմալ չի։ Չեմ թողնի։
- Ի՞նչը նորմալ չի, նորմալ է։
- Նորմալ չի։ Դու քեզ հայելու մեջ չե՞ս տեսել։
- Լա՜վ, թող էլի՜։
Զզվում եմ ինքս ինձնից, որ խնդրում եմ, գիտեի, որ էսպես էլ կլինի. իրիկունը կգամ, կխնդրեմ ու կզզվեմ ինքս ինձնից։ Բայց եթե չխնդրեմ, շուտով մուտքը կփակեն, դուրս եկածին շրջապատածներն էլ հետ կդառնան, ու ինձ ամենավերջը կմղեն։
- Թողեք՝ մտնի, ինչի՞ համար չեք թողնում,- ասում է մի մարդ։
- Էս տեսքով ո՞նց թողնեմ։
- Ի՞նչ կա որ, առանձնապես ի՜նչ մի տեսք է։
- Իմ գործը ես գիտեմ. սա թողնելու բան չի, իզուր լավամարդ մի եղի։
- Իսկ որտե՞ղ է գրված՝ թողնելու չի։ Չթողնես՝ կբողոքեմ։
Ինչ լավ մարդ է իսկականից՝ ոչ մեկը չէր խնդրել, որ միջնորդեր։ Շնորհակալ եմ՝ ասում եմ քթիս տակ ու մտնում։ Ոչ մի տարօրինակ բան չունեմ։
Նախասրահում բոլորն ինձ են նայում։ Մտնում եմ դահլիճ. ժխոր է, բայց շատերը, որ արդեն տեղերն են նստել, ուշադիր, աչքերը չռած, իրար հետ խոսելը դադարեցնելով՝ ինձ են նայում։ Դրանց հայացքների տակ մի կերպ գտնում եմ իմ տեղն ու նստում։ Ուզում եմ տեսնել՝ ծանոթ մարդ կա՞, բայց գիտեմ, որ բոլորն սպասում են շուռ գալուս, ու մնում եմ անշարժ։ Շուրջս մի կողմից երեք, մյուս կողմից չորս տեղ է ազատ։ Այ եթե հիմա սկսվեր, ինչ լավ կլիներ։ Մի քանի րոպե էլ անցավ. իսկական ժամանակն է սկսելու։ Մի հինգ րոպե էլ անցավ։ Պետք է սկսել, չէ՞։ Մի քանիսը սուլում են։ Մի երկու րոպեից կսկսվի։ Համարյա բոլորով ծափ են տալիս։ Չնայած՝ դա էլ մի բան չի։
Ու գալիս են։ Երկու հոգի՝ մի կողմից, չորս հոգի՝ մյուս։ Անմիջապես առաջարկում են, որ, եթե մենակ եմ, տեղս փոխեմ իրենց երկու ընկերոջ հետ։ Դրանք վերջին շարքում պետք է նստեին. հիմա մեր շարքի առաջ կանգնած սպասում են, որ մյուսներն ինձ համոզեն։ Ինչի՞ համար պետք է փոխեմ. ինչ է թե մենա՞կ եմ։ Ճիշտ է, վերջին շարքում լավ եմ զգում, որ հետևը մարդ չկա նստած, բայց հեռու է, ու իրենց ասելով չէ, որ պետք է գնամ։ Գնա՝ բոլորով միասին նստենք։ Երկուս, երկուս՝ չորս, չորս էլ՝ կանի՝ ութ։ Ուրեմն, ուզում են ութով նստեն միասին։ Չեմ հասկանում ի՞նչ իմաստ կա ութով նստելու մեջ։ Ես չեմ գնա. չե՛մ-գը՛-նա՛։ Տուր հետևի կնիքը նայենք։ Դու մեզնից երեք օր ուշ ես առել, բա ինչի՞ համար մեզ ասին՝ իրար կողք ութ տեղ չկա։ Ես չգիտեմ, իրենց հարցրեք, ինձ երկու տեղ էր պետք՝ երկուսն եմ առել։
Որ էդ ձևով ես խոսում՝ մենք էլ չենք ուզում, որ քո տեսքով մեր կողքը նստես։ Ի՞նչ տեսք է որ։ Հենց քո էդ տեսքով։ Նորմալ տեսք է, շատ սովորական, շատ սովորական տեսք է. ի՞նչ տեսք է որ։ Դա՞ է սովորական. բա արտասովորը ո՞րն է։ Դե որ արտասովոր է, ասեք՝ ի՞նչն է արտասովոր։ Շատ ստիպես՝ կասենք։ Ասե՛ք։ Ու կասենք։
- Ի՞նչ է պատահել, թողե՛ք՝ մարդը հանգիստ նստի իր տեղը,- ասում է մեզ թիկունքի կողմից մոտեցած ընկերս։
- Մենք ուզում ենք, որ մեր ընկերների հետ փոխի տեղը։
- Իսկ ինքը չի ուզում փոխի՝ ուրեմն, ինչի՞ փոխի։
- Դե, լավ, բան չենք ասում՝ թող նստի։ Չնայած էդ տեսքով՝ ճիշտ չի էստեղ նստելը։
- Դուք մի՛ սովորեցրեք, թե ինչ տեսքով նստի։
Նայում եմ էն կողմը, որտեղ ընկերս միշտ նստում է, տեսնեմ՝ կինը ձեռքով է անում։ Ես էլ եմ ձեռքով անում իրեն ու, կողքիս դատարկ աթոռը ցույց տալով, հասկացնում, որ մենակ եմ եկել, բայց իրեն բարևում էր։ Նա գլխով է անում։
- Հը՞, կարո՞ղ է մտածեցիր, որ ընկեր չունես, վախեցար, որ ընկեր չունե՞ս,- ասում է ընկերս։
Երևի վախեցել էի՝ չգիտեմ։
Նա գնում-նստում է իր տեղը՝ կնոջ կողքին։ Ես նստած սպասում եմ, որ սկսվի. ուր-որ է կսկսվի։ Պետք է որ արդեն սկսվի, չգիտեմ։
Նոյեմբերի 12, 2000 թվական
Էջի սկիզբը
ԵՍ
Վահրամ Մարտիրոսյանին
Ժամը տասներկուսի մոտ էր։ Շատ ուշ չէր, գիշերվա երեքին էլ էի եկել, բայց ուշ էր ցերեկվա հինգի համեմատ, երբ խոստացել էի գալ։ Արժեր, ուրեմն, մի քիչ էլ ձգել, որ տանը բոլորը քնած լինեին, որովհետև մյուս առավոտ բացատրվելն ավելի հեշտ է։ Բայց խմիչքը վերջացել էր, մյուսներն էլ ցրվում էին. հո՞ դրսում չէի թափառելու, մինչև տնեցիները քնեին։
Էսպիսի դեպքում, ինձ հուսադրելու համար, տան պատուհաններին չէի նայում, նայում էի ուրիշ կողմ։ Ու աչքս որ ընկնում էր, միշտ փախցնում էի, բայց հասցնելով նկատել՝ լույսերը վառվում են, թե՞՝ չէ։ Որովհետև դեպքեր պատահել են, որ քնած են եղել։ Հենց էս նույն ժամին. իսկ ինչի՞ չէ որ։
Հիմա էլ աչքերս փախցրի, բայց, պարզվեց ճաշասենյակի լույսը վառն է։ Հետո նորմալ նայեցի ու տեսա, որ իմ սենյակում էլ է լույս վառվում։ Ի՞նչ գործ ուներ իմ սենյակում լույսը։ Մենակ թե փոշեծծիչ միացրած չլինեին. ուրիշ բան չեմ ուզում։ Մենակ էս ժամին փոշեծծիչ միացրած չլինեին, որն առած քեզ սենյակից սենյակ են քշում մաքրելու պատրվակով։
Աստիճաններով բարձրանալիս ականջս ձենի էր։ Բայց ձեն չկար. սովորական ձեներ էին։ Մեր հարկում կանգ առա ու ինձ թափ տվեցի։ Ինչ-որ բան ինձ նեղում էր. գոտի՞ս էր պինդ ձգած, թե՞՝ ինչ։ Կամ էլ խմիչքն էր հասել կոկորդիս։ Համենայն դեպս, գոտիս թուլացրի, կանգնեցի մի քիչ, նոր փորձեցի դուռը բացել։ Եթե կարողանամ բանալիովս բացել, ուրեմն, ներսից բանալին հանել են՝ ինձնից հույսները կտրած։ Էդ ժամանակ կուրախանան, որ գոնե կեսգիշերից շուտ եմ եկել։
Բանալիներիս կապոցը գոտուս է ամրացված, խուսափում եմ ամեն անգամ հանել, քանի որ մետաղե լեզվակը պինդ է ու կարող զոռից ջարդվել։ Բայց առանց բանալիները գոտուց անջատելու դուռը բացելն է դժվար։ Որովհետև բանալին մի պտույտ հանգիստ անում է. բայց երկրորդին կարող է լռվել կապոցի մյուս բանալիների մեջ։ Էդ ժամանակ արդեն ինքդ պետք է պտտվես, որ բանալին շարժվի ու դուռը բացի։
Ճիշտ է, միշտ հաջողվում է բացել։ Վերջին րոպեին մեկ էլ բանալին մի քիչ կշարժվի, դու էլ ժամացույցի սլաքի հակառակ կթեքվես, ու արդեն հանգիստ կարող ես անցնել ներս։
Բանալին մտցրի անցքը. իմ բախտից ներսից բանալի չկար։ Սահուն պտտեցի երկու անգամ՝ կողքով դռանը կպած։
Տանը փոշեծծիչի աղմուկ չորսացի։ Միջանցքում վերարկուս հանեցի, ճաշասենյակ գնալուց տեսա, որ սենյակիս դուռը կիսաբաց է։ Գլուխս մտցրի (լույսը դեռ վառն էր), տեսնեմ՝ նստած եմ ներսը։ Իմ տեղում չէի՝ համակարգիչի առաջ, այլ՝ սուրճի փոքր սեղանի մոտ։ Նստած էի սեղանին հակառակ, բայց՝ ոչ թե աթոռին հեծած, այլ՝ կողքանց։ Հագիս կանաչ պոլիսթիլից ձմեռային խշխշան բաճկոն էր, գլխիս՝ դահուկորդի սև գլխարկ, օձիքիս վրայից կապած էր կարմիր վզնոց, շալվարս դարչնագույն էր, աչքերիս՝ դարչնագույն մեծ ապակիներով արևային ակնոց։ Դրանցից ոչ մեկից ես չունեի։ Ոչ էլ սիրում էի. զզվում էի։ Չհաշված՝ որ գլխարկիս տակից ցցված էին հարդագույն ուղիղ մազերը ոչ մի կապ չունեին իմ սև մազերի հետ։
Տեսա, որ նստած էի ոտքս ոտքիս գցած, որի պատճառով շալվարիս փողքը վեր էր քաշվել, և նրա ու սապոգիս միջև բացվել էր սրունքը. այն, երևի ամբողջ մարմնիս նման, վարդագույն գուտապերչից էր։
Սկզբում ուզեցի ներս գնալ, բայց հետո միտքս փոխեցի ու մտա հյուրասենյակ։
2001թ. հունվարի 5
Էջի սկիզբը
|