http://www.litlab.org
home about partners terms and conditions
Armenian Azerbaijani English Russian
ՀԱՅԱՍՏԱՆ
ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
(1963)

Ծնվել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում։ Ավարտել է Եր—անի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Առաջին պատմվածքը` «Երբ ես հեքիաթ էի» վերնագրով, տպագրել է «Պիոներ կանչ» թերթում, 1974-ին, առաջին գիրքը` «Հավերժությունը», 1996-ին։ 2002-ին լույս է տեսել նրա «Դարավերջի երկուշաբթին» արձակ գործերի ժողովածուն, իսկ 2006-ին` «Լուրեր կյանքից»-ը։ Նրա «Ներդաշնակությունը» պիեսը բեմադրվել է Պարսկաստանում։Սուսաննա Հարությունյանը ժամանակակից հայ գրականության ուշագրավ հեղինակներից մեկն է դարձել առանց աղմուկի, սուր քննադատության կամ բարձր գովեստների։ Պարզապես պատմվածքից պատմվածք ավելի ու ավելի նկատելի էր սեփական նյութի առկայությունը, արտահայտչամիջոցների զուսպ ու նպատակային օգտագործումը, որոնք ստեղծում են հեղինակի ու ընթերցողի մասնակցության էֆեկտ։

ԶՈՐԱՎՈՐ ՎԱԽՃԱՆԸ

Տոթ ու լալկան ամառ էր. շո՜գ… Շնչելու օդ չկար, հետն էլ՝ անընդհատ անձրև. երկնքի աչքը՝ անընդհատ թաց. մաղում էր ու մաղում… Լալուց չէր կշտանում։
- Շոգից ու խոնավությունից բույսերի արմատները սկսել են փտել,- դեղնած խոտերին նայելով ասաց մայրս,- էսպես որ շարունակվի, երկնքի ցավը թափվելու է երկրի վրա։ Էս երկինքն ինչի՞ է էսքան խեղճացել, անընդհատ մաղում է։ Վայթե կարտոլները հողի տակ փտեն։
Մենք հասցրեցինք ներս մտնել, ապա անձրևը խշշաց։
- Ես հոգնած եմ,- ցմփոր գրաֆինը սեղանից վերցնելով՝ ջուր խմեցի,- դու գիտես, քո երկինքը… Քնում եմ։
Թաքստոցում մութ էր. փորված էր հողի տակ. օդը գաղջ էր ու մգլահոտ։ Շնչելիս քիմքդ դառնանում էր, կուրծքդ ճնշվում։ Բայց դա միակ ապահով տեղն էր ողջ գյուղում, ու ես հաճույքով պառկեցի խոնավության հոտով ներծծված թախտին։ Դեռ չպառկած, քնեցի։
Արթնացա մորս անհամաչափ ու կոպիտ շնչառությունից։ Երբ ձայն տվեցի՝
- Մեռնում եմ,- ասաց։
- Քեզ մի քաղցրացրու,- ձայնս խստացնելով՝ սաստեցի,- մեռնել ով ասես կարող է, դժվարը ապրելն է…
Առավոտյան, երբ ճանապարհեցինք վերջին վիրավորներին, մորս վերքը փոքր էր, այնքան փոքր, որ մենք այն քերծվածք համարեցինք, և մայրս չթողեց կապել. «Բինտն ափսոս է,- ասաց,- պահիր, մի ուրիշ ժամանակ պետք կգա», իսկ հիմա տնքում էր. «Մեռնում եմ «։
Ես չհավատացի, շրջվեցի մյուս կողքիս ու ավելի հարմար փաթաթվեցի վերմակի մեջ։
- Իզուր մնացինք,- նեղսրտեց մայրս,- խեղճ վարորդը հազար անգամ ասաց. «Նստեք գնանք, ձեր մնալն անիմաստ է «… Գիշատչի նման բան եմ, կապվում եմ տարածքին, մնում, հիմա ո՞նց ես անելու մենակ,- դժգոհեց ինքն իրենից։
- Օ՜ֆ,- փնչացրեցի դժգոհ,- իբր էս խավարը քիչ է, դու էլ տակուծեր խոսում ես։
- Վրաս կլացես,- անսպասելի խնդրեց մայրս։
- Չեմիչե…
- Արցունքն ինչ է, աղի ջուր, ափսոսո՞ւմ ես,- նա չարացավ։
- Հա, որ լացեմ, ջուրը կթափվի, աղը եղյամի պես կնստի հոգուս, և հոգիս կճաքճքի աղուտ հողի պես։
- Փիլիսոփայելու ժամանակ չէ,- խրատեց,- իմ թողած ժառանգը դու ես, մահս կողբաս։
- Ո՜ւֆ, քո հավեսը չունեմ, թող մի քիչ քնեմ, առավոտյան ահագին բան ունեմ անելու. տները մեկ-մեկ պիտի ստուգեմ, հանկարծ ու մի վախեցած երեխա անկյունում կուչ եկած, մնացած լինի, կամ դիակ-միակ…
- Իսկ ես հենց այնպես դիակ չեմ լինի, ես կարգին դաժան կյանք եմ ապրել, և լրիվ արժե, որ իմ հեռանալը ողբաս,- նա շարունակում էր հանգիստ ձայնով համոզել։
Ես զայրացած նստեցի բարակ, մգլահոտ վերմակի տակ.
- Եթե ինձ ուտելու մի բան տաս, գուցե մազերս էլ փետեմ, սովից ուշքս գնում է։
- Պահարանի տակ բազուկ կա… - նա չհասցրեց էլի ինչ-որ բան ասել։
- Հո խո՞զ չես պահում… Բազուկ,- ձայնս գլուխս գցեցի,- քաղցր բան չե՞ս պահել։
- Չէ։
- Քո հոգին խորն է՝ լավ հիշիր,- ես համառում էի,- էն որ տալիս էիր վիրավորներին… Քաղցր բան եմ ուզում։
- Աստծո կրակ էլ չե՞ս ուզում,- իր նվազ ձայնը բարձրացնելով՝ փորձեց գոռալ մայրս,- ես աչքիդ առաջ մեռնում եմ, իսկ դու եկել‚ քաղցր ես ուզում։
- Ի՞նչ կլինի որ։
- Հասկացիր, մեռնում եմ։
- Ի՞նչ անեմ,- սկսեցի հոգու հետ խաղալ,- թարսի պես ես էլ քահանա չեմ, էնպես որ՝ դիմացիր…
- Քահանայով մեռնելու համար պետք է Աստծով ապրել։
- Աստծով ես ապրել, էլի,- մխիթարեցի,- ոչ գող ես, ոչ բոզ. ի՞նչ մեղք ես գործել։
- Իմ մեղքն էլ դու ես,- տրտմեց նա։
Մենք չխոսեցինք երկար ժամանակ։ Ինձ թվաց՝ քնել է. հիմա ավելի հանգիստ էր շնչում։
Մութ էր։ Ես չգիտեի՝ ժամը քանիսն է։ Կուչ էի եկել մորս կողքին, ոտքերս կպցրել էի նրա ոտքերին, որ սառն էին։
- Մեռնում եմ,- նորից շշնջաց նա։
- Գուցե ,- ասացի,- ոտքերդ շատ սառն են, իսկը մեռելի ոտք։
- Եվ դժվար էլ շնչում եմ,- ավելացրեց ընդհատ-ընդհատ շնչելով. կարծես սնքրտում էր մի կուշտ լաց լինելուց հետո։
- Դու համոզվա՞ծ ես, որ այդպես են մեռնում։
- Եսի՞մ,- ասաց,- առաջին անգամ եմ մեռնում։
- Ինչ ասես տեսել եմ, կատակող հանգուցյալ չեմ տեսել,- փռթկացրի,- քեզ բան էլ չի լինի, էն է, որ հոգիս ես ուտում։
- Համենայն դեպս վրաս կլացես,- նորից նախկին խոսակցությանը վերադարձավ մայրս։
- Օ՜ֆ,- հուսահատված հոգոց հանեցի,- պատկերացնում եմ, թե ինչքան անտանելի ես եղել երեխա ժամանակ։
- Ես հրաշք երեխա էի,- իրենով հիացավ մայրս,- բայց խոստացիր, որ վրաս կլացես։
- Հոգիս կերար,- համարյա ճչացի,- կլացեմ… Քեզ էլ թվում է, թե լացելը վշտի նշան է։ Մարդիկ ինչից ասես, որ չեն լալիս. էլ ցավից, էլ ուրախությունից, էլ սիրուց, էլ ատելությունից, էլ անճարությունից, էլ երջանկությունից, էլ դժբախտությունից…- թվարկեցի զայրացկոտ։
- Բա դո՛ւ, դո՛ւ,- պայթեց նա,- դո՞ւ ինչից ես լալիս։
- Ոչ մի բանից,- սառն ու չոր կտրեցի,- իմ հոգին բթացել է։ Պատերազմ տեսած մարդուն դժվար է լացացնել։ Տեսե՞լ ես հոգեկան հիվանդի եղունգի տակ ոնց են ասեղ խրում՝ ցավը արթնացնելու համար։ Հիմա որ ինձ խաչեն էլ, դժվար թե ցավը մեջս արցունք ծնի։
- Վա՜յ, տեր Աստված,- հուսահատ մրմնջաց նա,- էս ի՜նչ սերունդ ես տվել… Իսկ ես մորս մահվան օրը դարձել էի բարի՜-բարի։ Հոգիս կակղել էր ու լալիս էի… Ծաղկեպսակները շատ էին, շատ-շատ… Ներսում արդեն տեղ չկար, ու ես, սրտանց լաց լինելով, դրանք շարում էի դրսի պատի տակ։ Մարդիկ գալիս էին ու գալիս… Մայրս մեռել էր, և բոլորը միանգամից նկատել էին նրա գոյությունը… Բոլոր հայերի նման ես ևս չունեմ զգացմունքների տիրապետում. առավել ևս վշտի. բարձրաձայն ողբում էի, ապա ինձ էին միանում ուրիշ կանայք։ Մենք երգելով ողբում էինք, և իմ ողբը վերածվում էր ողբերգության…
- Չգիտեմ ինչի՞ համար ես պատմում էդ բոլորը, բայց ինձ վրա հույս չդնես, ես ձայն չունեմ։
- Վիշտը լացելու համար պարտադիր չէ սոխակ լինել, մարդկային ձայնը լիուլի բավական է։
- Մի ստիպիր, ես վշտից քարանում եմ, կորցնում խոսելու ընդունակությունս, ուր մնաց, թե երգեմ։
- Ուրեմն իմ մահվան ողբը չե՞ս վերածի ողբերգության,- մորս ձայնում ընդգծված հիասթափություն կար։
- Չէ։
- Բա էլ իմ ապրելը քանի՞ կոպեկ արժեր,- ողբաց։
- Մամ, վայթե գլուխ ես տանում,- հորանջեցի։
- Քիչ մնաց, դիմացիր,- նեղացավ նա,- այ, հիմա Գաբրիել հրեշտակապետը կգա…- նա լացակումած կանգ առավ, հուզմունքից մաքրեց կոկորդը։
- Մամ, ինքը քեզ խոստացե՞լ է, որ կգա,- ծիծաղելով ընդհատեցի ես։
- Չէ,- մայրս անսպասելիությունից կմկմաց ։
- Բա որ չի խոստացել, ինչի՞ ես ուրիշի տղամարդուն աչք գցում,- շարունակեցի կատակել։
- Քո սիրտը չմեռնի…- փռթկացրեց,- ախր ինչի՞ ես սարսաղացել։
- Բա ի՞նչ անեմ։
- Ո՞նց ինչ անես. մայրդ մեռնում է։
- Բայց հլա չես մեռել, չէ՞։
- Ուզում ես ինձ ծաղրիր, ուզում ես՝ հրեշտակապետին, բայց որ ժամդ եկավ, ականջները ջարդած շան թուլի պես ետևից ընկնելու ես, գնաս։
- Էհ, ի՞նչ է եղել որ, երևի մեջը մի լավ բան կա. բոլորը պարտաճանաչ գնում են։
- Ըհը, դե արի սրան էս կիսատ-պռատ խելքով թող ու գնա,- վշվշաց մայրս։
- Բեր էս գիշեր լուսացնենք,- թախանձեցի,- առավոտյան չվացուցակը կկազմենք։
- Ձեռս ճար կա՝ չե՞մ անում…
Գիշերվա կեսից մայրս սկսեց զառանցել։ Երբեմն մեկ-երկու րոպեով սթափվում էր ու ինձ պատվիրում, թե ինչպես թաղեմ իրեն. ըստ կարգի՝ թանկարժեք դագաղով, խաս ու ղումաշ հագցրած, սգավոր հարազատներով ու անթրաշ տղամարդկանցով, ուտելիքի առատությունից պայթող, բայց քաղցրավենիքից զուրկ սեղանով, լացելով ու ողբալով, էս հողի վրա նրա ապրած տառապանքը պահին հարմար չափազանցումով։
… Արևը չհասցրեց դուրս գալ. մայրս մեռավ։ Ես նրան թաղեցի մենակ՝ խոնովությունից տեղ-տեղ փտած խալու մեջ փաթաթած։ Դիակը դրեցի անձրևից ու արևից քայքայված, ճաքած կողերով սայլին։ Սայլը քաշում էի ինքս. անասուններին ձմռան ընթացքում կերել էինք։ Ողջ ճամփին ականջիս տակ ճռճռում էին սայլի կողերը, իսկ կողքին կապված բահը խուլ թխկթխկում էր։
Իմ բախտից լուսավոր ու տաք օր էր։ Սայլի ծանրության տակ քրտնել էի. ուժից վեր բեռ քաշելուց վիզս ցավում էր, ուսերիս մկաններն ուռել ու լարվել էին… Մեռնող ժայռը քար առ քար տարածվել, փառակալվել էր ձորի լեզվին. չեչոտ ճամփան ցավեցնում էր ոտքերս… Սիրտս մղկտում էր, բայց լացս չէր գալիս։
…Արևն արդեն թեքվել էր, երբ հասա գերեզմանատուն։ Առաջվա նման օրը լուսավոր էր, և առաջվա նման լացս չէր գալիս։ Ես հենվել էի սայլին և մտածում էի՝ որտե՞ղ փորեմ մորս գերեզմանափոսը. հո՞րս կողքին, տատի՞ս, թե՞ բոլորովին նոր տեղում, և նրանց հարևանությամբ տեղ թողնեմ նաև ինձ համար…
Միաժամանակ խղճում էի մորս. նրա մահը չկայացավ...

Էջի սկիզբը

Գրական փորձագիտարան - Գրողներն ընդդեմ բախումների նախագիծը կոչված է հաղթահարելու հակամարտող ժողովուրդների միջեւ առկա ատելությունը։ Դա չի նշանակում, թե կայքի ստեղծագործություններն արտացոլում են բուն ռազմական եւ քաղաքական հակամարտությունը, որն ատելության աղբյուրն է: Ավելին. կայքը չունի գաղափարական կամ բովանդակային որեւէ սահմանափակում: «Ադրբեջանցիները (հայերը) լավ գրականություն ունեն». ընթեցողների այսպիսի արձագանքը գլխավոր արդյունքն է, որին կարող է ձգտել կայքը: Քանի որ այն կարող է ժողովուրդների մեջ իրար հանդեպ փոխադարձ հարգանք ներշնչել, որը բախումները կարգավորելու լավագույն հիմքն է: Բացի այդ, գեղարվեստական գրականությունը, հատկապես` արձակը, ի հայտ է բերում այն ընդհանրությունները, որ կան հարեւան երկրների ներկայացուցիչների վարքի ու մտածողության մեջ, որը նույնպես կնպաստի կեղծ կարծրատիպերի և օտարացման հաղթահարմանը։

Հեղինակներին ընտրելիս կայքի գրական համակարգողները ջանացել են ընդգրկել ավագից մինչեւ երիտասարդ սերունդները, ավանդապաշտներին եւ նորարարներին:

home about partners terms and conditions
Forum