http://www.litlab.org
home about partners terms and conditions
Armenian Azerbaijani English Russian
ԱԴՐԲԵՋԱՆ
ՍԱՄԻՐ ՍԱԴԱՂԱԹ ՕՂԼՈՒ ՀՈՒՍԵՅՆՈՎ (ՍԱՄԻՐ ՍԱԴԱՂԱԹՕՂԼՈՒ)
(1975)

Ծնվել է 1975թ. Ադրբեջանի Լենքորանի շրջանում։ 1988 թ. ավարտել է Բաքվի մասնավոր համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Աշխատել է «Գանուն» /«Օրենք»/ ամսագրի թղթակից, ղեկավարել է Ադրբեջանի Գրողների միության դրամատուրգիայի բաժինը։ 2003թ. հիմնադրել է «Սանաթ» /«Արվեստ»/ թերթը և այդ հրատարակության գլխավոր խմբագիրն է։

Գրող, հրապարակախոս։ «Կորսված ժամանակ» գրքի հեղինակն է /2003/։

2001թ. արժանացել է Երիտասարդության, սպորտի եւ զբոսաշրջության նախարարության «Տարվա լավագույն արձակագիր» մրցանակին։ Ադրբեջանի Գրողների միության «Ուգուր» /«Հաջողություն»/ մրցանակի դափնեկիր է /2001/։ 2002թ. նրա «Կորսված ժամանակ» մոնոպիեսի հիման վրա Պետական Կամերային թատրոնում բեմադրված ներկայացումն արժանացավ երկրի Թատերական գործիչների միության հատուկ մրցանակին։

2006թ. նոյեմբերին ձերբակալվել է կրոնական թշնամանք հրահրելու պատճառով եւ ներկայումս գտնվում է հետաքննության տակ։ Ձերբակալության պատճառ է դարձել Ս.Աադաղաթօղլու խմբագրած թերթում մի այլ հեղինակի հոդվածի հրապարակումը։

ԺԱՄԱՆԱԿԸ ՀԱՓՇՏԱԿԱԾԸ

Այս սարսափելի պատմությունը կատարվել է 10  տարի առաջ։ Ուղիղ տասը տարի առաջ նա հանկարծակի, բոլորովին անսպասելի, հոգով ու սրտով, մտքով ու էությամբ գիտակցեց, որ մեռնելու է, օրերից մի օր ընդմիշտ փակելու է աչքերը։ Այդ արտասովոր բացահայտումը նրան աննկարագրելի սոսկում պատճառեց, սառը քրտինքը պատեց մարմինը, մազերը բիզ-բիզ կանգնեցին, եւ նա, առաջին անգամ, վախեցավ մահից։ Նա շատ էր մտածում եւ ոչ մի կերպ չէր կարողանում պատկերացնել, որ այլեւս երբեք չի տեսնելու արեւը, ծաղիկները, ծառերը, խոտը, լուսնի լույսը, իր երեխաներին, այլեւս չի վերանորոգելու կանգնած ժամացույցները, որ բերում էին հաճախորդները, չի սիրելու իր կնոջը եւ ընդհանրապես չի լինելու այս աշխարհում, եւ այդ ահավոր, անհասկանալի ու միաժամանակ զարմանալի, խառը զգացումներից սիրտը պատռվում էր։ Դա իսկապես շատ տխուր էր, մի՞թե նա մեկ անգամ եւ ընդմիշտ կզրկվի կյանքի, վշտի, թախծի, խնդության համից, կզրկվի երեխաներից, կնոջից, զանազան մարդկանցից, որ ապրում են այս աշխարհում։ Եվ եթե ամեն ինչ այդպես էլ լինելու է, ապա ինչ իմաստ ունի այս կիսատ-պռատ, խառնաշփոթությամբ լի, բավականություն չտվող կյանքը, որտեղ վիշտն ու դժվարություններն ավելի շատ են, քան` ուրախությունը։ Իսկ երբ նա պատկերացնում էր, թե ինչ կպատահի այս վաղանցուկ, մինչեւ ուղնուծուծն ուխտադրուժ աշխարհում իրենից հետո, ուզում էր թքել, գոռալ մինչեւ խռպոտելը, ճչալ, ինչքան շունչը հերիք կաներ, ձայնը կկորչեր։ Ինչ էլ պատահեր, նրա համար այս զարմանալի աշխարհը իր անըմբռնելի, երբեմն անընդունելի իրադարձություններով, իր լավ ու վատ մարդկանցով, իր ուրախություններով ու տխրություններով, փոփոխական բարեկեցությամբ, այս աշխարհը, որ կոտրում է մարդուն եւ ստիպում նրան կոտրել ուրիշներին, այս մշտապես հին ու նոր աշխարհն ավելի լավ էր։ Որովհետեւ նա սովորել էր այս աշխարհին, ինչպես իր երեխաներին, ինչպես` ինքն իրեն, ինչպես իր փոքրիկ արհեստանոցին, ինչպես հացին, արեւին, ինչպես կնոջը, եւ այս աշխարհն իր զարմանահրաշ ու այլանդակ դրսեւորումներով, միեւնույն է, ավելի մոտ էր ու հարազատ։

Ամեն ինչ այնքան զարմանալի է, միեւնույն ժամանակ պարզ է, պարզից էլ պարզ։ Նա կմեռնի, ինչպես եւ բոլորին, նրան կտանեն գերեզմանոց եւ, արք ու կարգը պահպանելով, կթաղեն սառը հողում։ Նրա մարմինը կծածկեն հողով, եւ այլեւս երբեք արեւի շողերը չեն թափանցի այս շիրիմը, երկրի այդ երախը, որը մի քանի մետր բացվել է, որ նրան կլանի։ Երբեք։ Երբեք։ Արեւը հավերժ կմարի։ Սրիկաներ։ Միթե կարելի է այդպես խաբել։ Ախր այդ անխիղճ սուտասանները, այդ մարդուկները պնդում էին, որ արեգակը երբեք չի մարի։

Թաղումից հետո բոլորը, ասես բան էլ չի պատահել, կցրվեն տները։ Եվ միայն նա, առաջին անգամ, այդ երեկո չի գնա տուն, չի բացի իր սեփական տան դուռը, եւ այդ դուռն, առաջին անգամ, չի ընկրկի նրա առաջ։ Երեխաները կսպասեն նրան, կհարցնեն մորը. «Իսկ մեր պապան ու՞ր է, ինչի՞ չի գալիս»։ Կինն էլ, իհարկե, ինչ-որ բան կհորինի, անպայման կհորինի։ Քանի որ միակ բանը, որով կին կոչեցյալ այդ արարածները գերազանցում են տղամարդկանց, նրանց կարողությունն է հարկ եղած պահին հնարել այնպիսի մի բան, որ ճշմարտությունից չես տարբերի։ Հենց այդ երեկո, առաջին անգամ, նրանք սեղան կնստեն առանց նրա, կուտեն իր սիրած բոզբաշը` կանաչ սոխով, սինձով, թոնրի բուրավետ չուրեկով[1]։ Իսկ հետո նոր օր կբացվի։ Եվ նրա երեխաները, անմեղ, հարազատ, իր միսն ու արյունը, կպտտվեն կյանքի հորձանուտում փոքրիկ անպաշտպան նավակների նման։

Եվ ամենաահավորը, որ այդ նորը օրը, անկասկած, կբացվի նաեւ իր կնոջ համար։ Եվ միայն աստծուն է հայտնի, թե որ մի ստահակն է համբուրելու նրա կապտաչյա կնոջը, շոյելու նրա շիկակարմիր, փափուկ մազերը` կպչելով ձյունաճերմակ, սարի կատարի նստած ձյունից սպիտակ կրծքին, գգվելու նրա ուսերը, ճերմակ, կլոր փորը, ում ձեռքերը, երկու օձի պես գալարվելով,  կսահեն ջերմ ու սիրելի մարմնի վրայով` այն սեղմելով գրկի մեջ։

Շատ հնարավոր է, որ դա լինի նոր ժամագործը, որը նրա տեղը կզբաղեցնի արհեստանոցում։ Իսկ գուցեեւ` մեկ ուրիշը։ Բայց ցանկացած դեպքում հենց այդպես էլ կպատահի։ Որովհետեւ կանայք ամենաուխտադրուժ ու անհավատարիմ արարածներն են, համարյա այնպիսիք են, ինչպիսին ինքը` կյանքը։ Իսկ ինչ կլինի նրա հետ այդ ժամանակ պաղ հողի մեջ, առանց արեւի, լույսի, միայն աստված գիտե։

Օ, աստված, ի~նչ մղձավանջ։ Սարսա'փ։

Թյու…

Այս զգացմունքները, մտքերը բզկտում էին նրա սիրտը, նա իր ամբողջ էությամբ զգում էր ինչ-որ վճռի ընդունման անհրաժեշտությունը, անխուսափելիությունը։ Քանի որ նրան բոլորովին դուր չէր գալիս կյանքը, որ նա պատկերացնում էր իր մահից հետո։ Նյարդերը տեղի էին տալիս, երբ նա մտածում էր, թե ինչ է պատահելու աշխարհի հետ իրենից հետո։ Եվ ինչ-որ պահի սկսեց ահավոր խղճալ հորը, պապին, տատին, բոլոր նախնիներին, որ հեռացել էին կյանքից։ Եվ, որքան էլ զարմանալի է, հենց այդ պահին նա պայծառացավ, հանկարծ, բոլորովին անսպասելի կերպով գտավ ելքը։ Անպայման, անպայման պետք է կանգնեցնել ժամանակը, ավելի ճիշտ` հետ շրջել ժամանակի անիվը։ Առանց կասկածի նշույլի` դա ամենախելացի, ամենաճիշտ որոշումն է։ Միայն այդ եղանակով նա կարող է վերադարձնել իր փոքրիկ երեխաների անդորրն ու անխռովությունը, խլել նրանց կյանքի բուռն հորձանքից, որ սպասում է միայն նրա մահվանը, որպեսզի խաղա նրանց հետ  փոքրիկ նավերի նման, որ փոթորկի մեջ են ընկել, միայն այդպես նա կարող է մինչեւ աշխարհի վերջը միայնակ, առանց որեւէ մեկի հետ կիսելու ըմբոշխնել կնոջ շիկակարմիր գանգուրներն ու կապույտ աչքերը։ Ահա թե որն է իսկական երջանկությունը։

Եվ նա, գործը հնարավորինս արագ ավարտելու անհաղթահարելի մղումով, ձեռք զարկեց իր մտահղացման իրականացմանը` նստած երկու աթոռակներից մեկին փչացած, կանգ առած ժամացույցներով լեփ-լեցուն իր փոքրիկ արհեստանոցում, որին կպել էր ժամանակի խոնավ, գաղջ հոտը։ Եվ շատ շուտով նա լիակատար հաջողության հասավ` ժամացույցը, որ սարքել էր, հետ էր պտտվում։

***

         

Ժամացույցը, որ սարքել էր հմուտ վարպետը, զարմանալի ճշգրտությամբ էր հաշվում ժամանակը, որը հոսում էր, ինչպես աղբյուրի ջուրը` քարերի արանքով։ Տարիներն անողոքաբար դուրս էին մղում ամիսները, ամիսներն իրենց հերթին` շաբաթները, իսկ շաբաթներն` օրերը. ժամանակը հետ էր դարձել։ Եվ տարին տարու վրա ժամագործն զգում էր, որ երիտասարդանում է։ Նա ներքուստ, սրտով, հոգով, էությամբ զգում էր այդ բոլոր հրաշք փոփոխությունները, եւ հիմա զգում էր իրեն այնպես, ինչպես` 20 տարեկանում։ Շուրջն աշխարհը դարձավ ավելի սքանչելի, ցանկալի եւ նա, իսկական դեռահասի նման, ուզում էր ճանաչել այս կյանքի բոլոր խնդությունները, ողջ համը, զվարճանալ։ Եվ դա նրան հաջողվում էր ավելի ու ավելի լավ։ Արհեստանոցից ոչ հեռու ապրում էր մի դեռատի, վաղ գարնան նման գեղեցիկ մի աղջիկ, նա տարօրինակ զգացումներ էր հարուցում նրա մեջ։  Այդ տարի աղջիկն ընդունվել էր ինչ-որ համալսարան եւ ամեն օր, պարապմունքների գնալիս ու դառնալիս, անցնում էր նրա արհեստանոցի կողքով։  Նա րոպեի ճշտությամբ գիտեր, թե երբ է անցնելու իր մոտով. տանջվում ու սպասում էր։ Երբեմն նա ուշ էր վերադառնում պարապմունքներից, եւ, կրունկները կտկտացնելով, վազում-անցնում էր` մոռանալով բարեւել։ Այդպիսի օրերին նա,  հայացքում` ինչ-որ խելագար խանդ, բորբոք աչքերով ուղեկցում էր աղջկան, եւ կրունկները կտկտոցը հիշեցնում էր նրան ժամացույցի տկտկոց։ Արդեն ընկերներն ու ազգականները, ծանոթները, որ մտնում էին արհեստանոց շփվելու ու ժամանակ սպանելու, նկատում էին նրա մեջ կատարվող փոփոխությունները, բայց չէին հասկանում, թե բանն ինչ է։ Նույնիսկ կինն էր զարմացել։ Քանի որ ամուսինն իրեն պահում էր ամուսնության առաջին օրերի նման, մինչեւ լույս գրկում էր նրան, համբուրում ու համբուրում… չէր մարում, կանգ չէր առնում, չէր հոգնում։ Կրքոտ, անխոնջ մոլեգնությամբ տիրանում էր նրան նորից ու նորից… Առավոտները հաճախ նա չէր կարողանում զարթնել, նույնիսկ երեխաներին դպրոց չէր ուղեկցում, ուժերը չէին ներում։ Եւ փայլող աչքերի մեջ ինչ-որ սարսափելի բավարարվածությամբ, խորհրդավորությամբ հետեւելով, թե ամուսինն ինչպես է հագնվում` գործի շտապելով, տարակուսում էր. օ, աստված, որտեղի՞ց նրա մեջ այդքան ուժ, այդքան զորություն։ Կարծես նա չէր, որ, դեռ երեկ, աշխատանքից գալով ու ընթրիք անելով` քարի պես ընկնում-մնում էր բազմոցին։

Իսկ նա գնում էր աշխատանքի, հին, տարիքով ընկերներից գերադասում էր ջահելներին, խոսում էր նրանց հետ, վիճում, կատակում։ Եվ երիտասարդության հետ շփվելուց հետո զգում էր իրեն ավելի երիտասարդ, եւ կյանքն էլ ավելի գեղեցիկ էր թվում։

Սակայն այդ ամենը երկար չտեւեց։ Հարեւանի երիտասարդ տղայի մահը` ավտովթարից, ամեն ինչ շուռ տվեց։

Այդ օրը թաղումն էր։ Ամպամած էր, մանր անձրեւ էր մաղում։ Նրա բոլոր հարեւանները, ծանոթները գերեզմանոցում էին։ Մինչ մոլլան յասին` հոգեհանգստյան աղոթք էր կարդում, նրա հայացքը սահում էր հավաքվածների դեմքերով։ Տարօրինակ պատկեր է։ Տպավորություն կար, թե դրանք ոչ թե տարբեր մարդիկ են, այլ` ինչ-որ մեկը։ Որովհետեւ, չնայած հագուստի տարբերությանը, բոլորը նույն դեմքն ունեին։ Հաստատ, հարյուր տոկոսով, հենց այդպես էլ կար։ Բոլորը դեմքի միանման արտահայտություն ունեին։ Բայց որքան որ այն վշտահար էր, նույնքան էլ լուսավոր էր ու շատ մաքուր։ Այդ ինչպե՞ս, տեր աստված։ Ախր նման բան չի կարող պատահել, ոչ մի կերպ։ Ահա այն մեկը մսագործն է։ Չէ որ նա ինքը բազմիցս համոզվել է, որ դա հոգով էլ է մսագործ։ Իսկ մյուսը` մսագործից աջ, սպեկուլյանտ է։ Մանր-մունր բաներ է ծախում, բայց դա բիզնես է կոչում. մեկը չկա, որին թերակշռած կամ հաշվի մեջ խաբած չլինի։ Նա, երեւի, ինքն իրեն էլ է պակաս տալիս, խանութից մի-մի կիլո շաքար կամ բրինձ տուն տանելիս։ Իսկ, ա~յ. այն ակնոցավորը` սպեկուլյանտի կողքին…

Նա նայում էր նանց բոլորին եւ չէր դադարում զարմանալուց։ Այս ինչ առեղծված է, աստված։ Չէ որ մինչեւ այսօր ո'չ մսագործը, ո'չ այդ նույն սպեկուլյանտը, ո'չ էլ ուրիշ որեւէ մեկը դեմքի այդպիսի պայծառ, մաքուր, կախարդական արտահայտություն չունեին։ Բայց արդյո՞ք միայն դեմքի։ Նրանց թե' հոգին, թե գործերը երբեք մաքուր չեն եղել։  Նրանցից յուրաքանչյուրն ունեցել է իր դիմակը, եւ նրա վրա, ինչպես կնճիռները` մաշկին, դաջված են եղել երկերեսանիությունն ու խորամանկությունը։ Իսկ հիմա, այս մարմնի կողքին, երես առ երես` մահվանը, վերջին կացարանի շեմքին նրանք կարծես մաքրվել էին, դարձել անբիծ։ Գուցե նա պարզապես սխալվում էր, նրանք առա՞ջ էլ էին այդպիսին եղել։ Ոչ հնարավոր չէր այդքան սխալվել։ Դա մահն է իր վիթխարիությամբ, մոտիկությամբ ու անխուսափելիությամբ հավասարեցրել ու մաքրել նրանց։

Երբ թաղումը վերջացավ, եւ բոլորը դուրս եկան գերեզմանոցից, նա նորից տհաճորեն զարմացավ։ Դեմքերին մաքրության, լույսի ու անաղարտության ատահայտությունից հետք էլ չէր մնացել։ Բոլորը դարձել էին այն, ինչ առաջ էին։ Մսագործի դեմքին անսրտություն հայտնվեց, սպեկուլյանտի դեմքը նախկին խորամանկ արտահայտությունն ընդունեց, մյուսի դեմքին նենգություն երեւաց, մեկ ուրիշինին` նախանձ։ Ի~նչ սարսափ, սարսա~փ, տեր աստված։ Եվ ամենասարսափելին, որ ստիպված ես հետագա կյանքդ էլ ապրել այս երկդիմի ցեղի շրջապատում։ Դե, ինչու՞ են մարդիկ այդպիսին։ Ինչու՞։ Ինչի՞ համար։ Մահն ավելի լա՞վ չէ։ Այսպես ապրելու տեղը հազար անգամ ավելի լավ է մեռնել, չէ որ մահը մաքրում է, անջրպետում այս աշխարհի այլանդակությունից, անարդարությունից։

Սիրտը պատրաստ էր դուրս թռչել կրծքից, նա այդպես էլ չհասկացավ, թե ինչպես հասավ իր արհեստանոցը։ Նա նորից ու նորից էր իրեն տալիս միեւնույն հարցը եւ չէր կարողանում պատասխանը գտնել։ «Ինչու՞ են մարդիկ այդպիսին։ Ինչու՞, ախր ինչու՞»։ Գլուխը դմբում էր, սիրտը կոտորում էր իրեն կրծքում։ Նրա սրտի խփոցները նման էին ժամացույցի տկտկոցին, հիմա արհեստանոցում երկու ժամացույց էին անդադար խփում։ Եվ նա շփոթեց իր սրտի ձայնը իր իսկ սարքած ժամացույցի զարկերի հետ։«Ախր ինչու՞»,- բացականչեց նա եւ բռունցքով թափ առնելով ջարդեց ժամացույցը։

Այդ նույն ակնթարթին զարկերը դադարեցին, ժամացույցը եւ սիրտը կանգ առան միաժամանակ, ընդմիշտ։

2001 թ.

Բաքու

[1] Հյուսիսային Կովկասում տարածված հացի տեսակ՝ սովորաբար ունենում է տափակ բլիթի տեսք։

Էջի սկիզբը

Գրական փորձագիտարան - Գրողներն ընդդեմ բախումների նախագիծը կոչված է հաղթահարելու հակամարտող ժողովուրդների միջեւ առկա ատելությունը։ Դա չի նշանակում, թե կայքի ստեղծագործություններն արտացոլում են բուն ռազմական եւ քաղաքական հակամարտությունը, որն ատելության աղբյուրն է: Ավելին. կայքը չունի գաղափարական կամ բովանդակային որեւէ սահմանափակում: «Ադրբեջանցիները (հայերը) լավ գրականություն ունեն». ընթեցողների այսպիսի արձագանքը գլխավոր արդյունքն է, որին կարող է ձգտել կայքը: Քանի որ այն կարող է ժողովուրդների մեջ իրար հանդեպ փոխադարձ հարգանք ներշնչել, որը բախումները կարգավորելու լավագույն հիմքն է: Բացի այդ, գեղարվեստական գրականությունը, հատկապես` արձակը, ի հայտ է բերում այն ընդհանրությունները, որ կան հարեւան երկրների ներկայացուցիչների վարքի ու մտածողության մեջ, որը նույնպես կնպաստի կեղծ կարծրատիպերի և օտարացման հաղթահարմանը։

Հեղինակներին ընտրելիս կայքի գրական համակարգողները ջանացել են ընդգրկել ավագից մինչեւ երիտասարդ սերունդները, ավանդապաշտներին եւ նորարարներին:

home about partners terms and conditions
Forum