| ԱԴՐԲԵՋԱՆ |
 |
| ՌՈՒՍՏԱՄ ՄԱՄԵԴԻԲՐԱՀԻՄ ՕՂԼՈՒ ԻԲՐԱՀԻՄԲԵԿՈՎ |
| (1939) |
|
Ծնվել է 1939թ. Բաքվում։
1963թ. ավարտել է Ադրբեջանի նավթի եւ գազի ինստիտուտը, ուսումը շարունակել է ՍՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրայում։ Ավարտել է սցենարիստների բարձրագույն դասընթացները։
Գրել է 15 պիես, որոնք բենադրվել են աշխարհի տարբեր երկրների առավել քան 100 թատրոններում։ «Կինը փակ դռան հետեւում», «Հուղարկավորություն Կալիֆորնիայում», «Տունը ավազի վրա», «Առյուծին նմանը» պիեսները հսկայական հաջողությամբ են ուղեկցվել Պրահայում, Բերլինում, Սոֆիայում, Բուդապեշտում, Նյու-Յորքում /»Circle Repetory Theatre», 1987/, Բաքվում եւ Մոսկվայում։ 10-ը գրքի եւ ժողովածուների հեղինակ է՝ «Ուլտիմատում» /1983/, «Ժպիտով արթնացածը» /1985/, «Ամառանոց» /1988/, «Հատընտիր վիպակներ» /1989/, «Արեւահյուսակ» /1996/ եւ այլն, որոնք տարածվել են 500 հազար օրինակը գերազանցող տպաքանակով։
Ռուստամ Իբրահիմբեկովի գրչի տակից դուրս են եկել 30-ից ավելի գեղարվեստական եւ հեռուստատեսային ֆիլմերի սցենարներ, որոնցից են՝ «Այդ հարավային քաղաքում» /1970/, «Անապատի սպիտակ արեւը» /Վ.Եժովի հետ համատեղ, 1971թ./, «Եւ այդ ժամանակ ես ասացի՝ ոչ…» /1974/, «Հարցաքննություն» /1979/, «Պահպանիր ինձ, իմ թալիսման» /1986թ./, «Ուրիշ կյանք» /1987/, «Օդի տաճարը» /1989/, «Տաքսի-բլյուզ» /պրոդյուսեր, 1989/, «Ուրգա. սիրո տարածք» /պրոդյուսեր, 1992/, «Խորտակված կամուրջներ» /Ադրբեջան-ԱՄՆ, սցենարի հեղինակ, պրոդյուսեր, 1993/, «Արեւից խոնջացածները» /սցենարի հեղինակ, Ն.Միխալկովի հետ համատեղ, 1994/, «Սիբիրյան սափրիչը» /սցենարի հեղինակ, Ն.Միխալկովի հետ համատեղ/, «Արեւելք-Արեւմուտք» / սցենարի հեղինակ, Ս. Բոդրովի հետ համատեղ, 1999/ եւ այլն։
Ադրբեջանի եւ Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ։ Ադրբեջանի ժողովրդական գրող, Ադրբեջանական ՍՍՀ Պետական մրցանակի դափնեկիր /1980/, ՍՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր /1981/, Ռուսաստանի Պետական մրցանակների դափնեկիր /1993, 1998, 1999, 2000/, Լենինյան կոմսոմոլի մրցանակի դափնեկիր /1979/։ ԱՊՀ եւ Բալթյան երկրների Կինեմատոգրաֆիստների միությունների համադաշնության նախագահն է, Ռուսաստանի Դաշնության Կինեմատոգրաֆիստների միության քարտուղարը, Ադրբեջանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահը, Եվրոպական «Ֆելիքս» կինոակադեմիայի անդամ, Ամերիկյան «Օսկար» կինոակադեմիայի անդամ։
Ապրում եւ աշխատում է Բաքվում եւ Մոսկվայում։
|
|
ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ
1969 թվականի սեպտեմբերի 10-ին Բահադուր Մանիեվի որդին դառնում էր հինգ տարեկան։ Ժամանակը շատ հարմար չէր, շտապ պետք էր ավարտել հաճախորդի բնակարանը, որի վերանորոգմամբ Բահադուրը, բացի շաբաթ ու կիրակի օրերից, կարող էր զբաղվել միայն երեկոները (աշխատանքի վայրում նույնպես խճողում էր, արդեն մեկ ամիս ուշացել էր նոր դպրոցի հանձնումը Բալաջարիում), բայց նա շատ էր ուզում հարկ եղածին պես նշել որդու տարեդարձը։ «Հնգամյակը, ինչը ուզում է լինի, հինգ տարին մեկ է պատահում,- բացատրեց նա կնոջը,- պետք է ամեն ինչ մարդավարի անել։ Կկանչեմ մեր հին բակի տղերքին, թող տեսնեն, ոնց ենք ապրում, թե չէ արդեն քանի տարի է բնակարան եմ ստացել, Էլդարից ու Հաստ Հասանից բացի, ոչ մեկը չի տեսել։ Իսկը առիթն է։ Մեր հարսանիքին չստացվեց, գոնե Ռաֆիկի ծննդյան օրը նրանց հավաքեմ։ Փող կլինի, արդեն հաճախորդի հետ խոսել եմ»։
Կինը Բահադուրի մտահղացումը սառն ընդունեց։ Նախեւառաջ նա առանձնապես չէր հավատում, որ Բահադուրի մանկության ընկերները կգային որդու ծնունդին` իրենց հարսանիքին որ չէին եկել, տարեդարձին առավել եւս չէիր հավաքի, երկրորդ, նա իր պատկերացումն ուներ այն փողի հետ կապված, որը Բահադուրը պատրաստվում էր խնդրել հաճախորդից վերանորոգման վերջնահաշվից։ Նրան սխալ էր թվում փողը ծախսել ծննդյան օրվա վրա, որը ոչ մեկին պետք չէր, այն դեպքում, երբ որ նույն այդ երեխային պետք էր ձմեռային վերարկու գնել, տաք կոշիկներ եւ շատ ուրիշ մանրուքներ - երեխան այնպես էր ամառվա ընթացքում ձգվել, որ շորերից ոչ մեկը հագը չէր լինում։ Բայց տան փողը ամուսինն էր տնօրինում, այդ պատճառով նա միայն մի անգամ արտահայտեց իր առարկությունը, հետո լռում էր դեմքի դժգոհ արտահայտությամբ։
Բահադուրն առավոտները` գործի գնալուց առաջ, եւ ուշ երեկոյան` հաճախորդի տնից վերադառնալիս, հաշվում ու վերահաշվում էր հյուրերին, որոնց նրա կարծիքով պետք էր հրավիրել` ստացվում էր քսան հոգուց ոչ պակաս, եւ գցում-բռնում էր, թե ինչքան փող կծախսվի` մոտ երկու հարյուր ռուբլի։
Ծնողներին, որ նրանց հետ միասին էին ապրում երրորդ` փոքր սենյակում, նա իր ծրագրերին տեղյակ չպահեց։ Միայն մի անգամ մորն ակնարկեց, որ շուտով իրենց մոտ կհավաքեն հին բակի տղաներին, եւ մայրը շատ ուրախացավ։ Նա կարոտում էր հին բակը, որտեղ ապրել էին իրենց ողջ կյանքը նոր բնակարան տեղափոխվելուց առաջ։
Բահադուրը բնակարանը ստացավ բանակ գնալուց կես տարի առաջ։ Սկսած հիսունչորս թվից, երբ Բահադուրն ըստ թղթերի տասներեք տարեկան էր (իսկ իրականում` տասնվեց), նա բոլոր ատյաններին դիմումներ էր գրում` մանրամասն նկարագրելով իր բազմանդամ ընտանիքի ծանր բնակարանային կացությունը (բացի Բահադուրից, հայրը երեք աղջիկ ուներ. մեկը` Սոնյան, առաջին կնոջից, եւ երկուսը` Սեւան ու Սիման, երկրորդից, Բահադուրի մորից), եւ ի վերջո հասավ իր ուզածին։ Բայց ժամանակն անցնում էր, հայրը ծերացել էր ու վաղուց չէր աշխատում, Բահադուրը թողեց դպրոցը, մեծացավ, մի քանի աշխատանք փոխեց, սկսեց լավ վաստակել եւ բնակարանը ստանալու պահին իրավամբ դարձել էր գլխավոր մարդը ընտանիքում։ Եվ համարվում էր, որ նա է բնակարանը ստացել, թեեւ որպես վարձակալ գրանցված էր հայրը։
Հոր հետ Բահադուրի ջուրը մի առվով չէր գնում։ Հայտնի չէր, թե ինչպիսին էր հայրը մինչեւ պատերազմը։ Բահադուրը դա չէր կարող հիշել, քանի որ երեսունութ թվի ծնունդ էր (անձնագրով` քառասունմեկի), բայց գերությունից քառասունհինգին հայրը վերադարձավ շատ անդուր բնավորությամբ։
Մոր պատմելով` հայրը մինչեւ պատերազմը Ղազախի դատախազն էր, եւ Բաքու տեղափոխվել էին պատերազմից անմիջապես առաջ։ Հետագայում Բահադուրն իր աչքով տեսավ հոր մոտ պահպանված ինչ-որ փաստաթղթեր, բայց այդպես էլ հավատը չէր գալիս, որ հայրը դատախազ է եղել` հայրն ինչ-որ չափից ավելի խեղճ էր վերադարձել պատերազմից։
Բայց երկու տարի նա չէր աշխատում, դիմումներ էր գրում։ Մայրը լաց էր լինում, աղաչում էր նրան չհիշեցնել իր մասին, բայց հայրը համառորեն շարունակում էր գրել, հարեւաններին հազիվ էր բարեւում եւ ձեւացնում էր, թե իր գործերը կարգին են։
Հետո նա աշխատանքի տեղավորվեց որպես գնացքի ուղեկցորդ, եւ ապրելը թեթեւացավ։ Բայց` ոչ երկար. նրան հեռացրին խարդավանքների համար։ Նորից երկու տարի չաշխատեց, օրերով նստում էր սեղանի վառած լուսամփոփի առաջ եւ գրում էր ու գրում...
Մայրն ինչպես որ գնաց պատերազմից հետո ծննդատուն որպես սանիտար աշխատելու, այնպես էլ այնտեղ աշխատում էր։ Հայրը կպչում էր նրան, ֆշշում էր` աչքերը չռելով, ցնցվում էր չարությունից եւ ծեծում մրելուց ազատ ժամանակ։ Կինը լուռ լաց էր լինում եւ ամեն ինչ թաքցնում էր երեխաներից։ Այդ ժամանակ նրանք դեռ երկուսն էին. Բահադուրը եւ նրա խորթ քույր Սոնյան, որը երեսունյոթ թիվ էր։
Բահադուրն ընկերություն էր անում նրա հետ։ Սոնայն ժլատ չէր։ Հանգուցյալ մոր կողմից նա ազգականն էր մի հայտնի գրողի, որին բոլորը ճանաչում էին քաղաքում։ Շաբաթը մի անգամ նա գնում էր այնտեղ` մոր հարազատ մորաքրոջ մոտ, սա կերցնում էր նրան եւ դեռ հետն էլ նվերներ դնում։ Ինչ-որ բան էլ Բահադուրին էր բաժին հասնում։ Սոնյան բոլորովին ժլատ չէր։
Պատերազմը Բահադուրն աղոտ էր հիշում, հիշում էր հացի ու նավթի երկար հերթերը, լավ սրած դանակին չորացած հացի շերտերը, մոր ժամացույցի` հոր հարսանեկան նվերի դեպքը, որը նա թռցրեց սեղանից ու երկար ժամանակ կրում էր նիհար ազդրի վրա, անմիջապես ամորձիների տակ, իսկ խեղճ մայրը փնտրում էր` չդադարելով լաց լինել, եւ հարցաքննում էր բակի բոլոր տղաներին, քանի մի երկու ամսից պատահաբար չէր հայտնաբերել այն նրա մարմնին` քնած ժամանակ։ Հիշում էր մի ուրիշ դեպք, անձրեւաորդերի հետ կապված, որոնք բոլորը միասին կերան, ամբողջ բակով, բայց մենակ ինքը թունավորվեց, հիշում էր Սպիվակների քարտեզի կարմիր դրոշիկները, Սպիվակները երկրորդ հարկի հարեւաններն էին, որոնց որդի Մոսյան վիրավորվել էր եւ հոսպիտալում էր պառկած այդ ժամանակ, իսկ հետո ամբողջ կյանքը երկաթե չճկվող ժիլետ էր հագնում, որը նման էր «Ալեքսանդր Նեւսկի» կինոնկարի գերմանացի ասպետների զրահին։ (Դրոշիկները ցույց էին տալիս քաղաքները, որ մեր զորքերն էին գրավել, եւ ամեն մի նոր քաղաքի համար Ռիվա Սպիվակ մորաքույրը Բահադուրին մի գդալ մուրաբա էր տալիս)։ Եվ մեկ էլ Բահադուրը Հաղթանակի օրն էր հիշում։ Կոշկակար Զարիֆյանի փոքրիկ պատշգամբի դիմաց, որն ուղղակի փողոցին էր նայում, գորգ փռեցին եւ ճառեր ասացին, իսկ Զարիֆյանին հրամայեցին, որ իր արհեստանոց բակի կողմից մտնի։ Բոլորն «ուռա» էին գոռում եւ ուրախությունից լաց լինում։ Դա քառասունհինգ թիվն էր։ Բահադուրը սովորում էր առաջին դասարանում։
Ուսման կողմից նա ու Սոնյան լավ չէին։ Նա, մի երկու անգամ մնալով նույն դասարանում, վեցերորդից թողեց դպրոցը։ Սոնյան ավարտեց ութը եւ նույնիսկ հետո նավթային տեխնիկում ընդունվեց, բայց նույնպես կիսատ թողեց։ (Հիսունյոթին նա բոլորովին հեռացավ տնից, երեխա ունեցավ եւ սկսեց հաշվետար աշխատել նավահանգստային մաքսատանը)։
Չի կարելի ասել, թե Բահադուրն ուսումը կյանքի վատ պայմանների պատճառով չվերջացրեց։ Նախկին բնակարանում (մոր պատմելով` նրանց այնտեղ տեղավորել էին ժամանակավորապես, մինչեւ շրջգործկոմը ուրիշ բնակտարածություն կհայթհայթեր, որն ավելի կհամապատասաներ հոր պաշտոնին) նրանք երկու սենյակ ունեին ընդհանուր միջանցքում, երկուսն էլ առանց պատուհանների, որի պատճառով տանն ամբողջ օրը լամպը վառն էր։ Բակի այդ կողմում ոչ մեկը պատուհան չուներ, մի քանիսինը մի քիչ ապակեպատած միջանցքից էր լույս ընկնում սենյակ, բայց, միեւնույն է, պետք էր հոսանք վառել։ Բակում երեխաներ քիչ կային։Առաջին հարկում` Ֆայիկն ու Իսմեթն էին քույրերի հետ, երկրորդ հարկում` երկու եղբայր` Ռամիզն ու Էլդարը։ Երկրորդ հարկի մյուս պատշգամբում ապրում էին Լեյբինները, Սպիվակներն ու Հաստ Հասանը։ Սպիվակները, բացի Մոսյայից, ուրիշ զավակ չունեին, իսկ Բորիս Լեյբինը մեծացել էր Բահադուրի եւ մնացած բոլորի հետ։ Ամբողջ օրեր էին միասին անցկացնում, նույնիսկ դպրոցն էր նույնը, ուր գնում էին` հարյուր յոթանասունմեկը։ Բորիս Լեյբինը, Ռամիզն ու Ֆայիկը երկու դասարան բարձր էին, Հաստ Հասանը, Իսմեթն ու Էլդարը նույն տարին գնացին դպրոց, ինչ` Բահադուրը։ Եվ բոլորն էլ տեղը-տեղին սովորեցին, բարձրագույն կրթություն ստացան։ Բորիսը (նա էլ էր դպրոցում վատ սովորում, հազիվ ավարտեց) ընդունվեց ֆիզկուլտը, հիմա վազքի մարզիչ է աշխատում մանկական մարզադպրոցում (նա երեխա ժամանակ էլ էր լավ վազում), մնացած բոլորը ճարտարագետներ են։
Վաթսուներեքին, երբ Բահադուրը վերադարձավ բանակից, Էլդարն արդեն գիտությունների թեկնածու էր դարձել, Իսմեթը` գյուղշին տրեստի գլխավոր ճարտարագետ, Ֆայիկն ասպիրանտ էր։ Բացի Ռամիզից, որն ամուսնացել ու բնակարան էր ստացել Սումգայիթում, նրանք հին բակում էին ապրում։
Բոլորի գործերն էլ լավ էին։ Միայն Հաստ Հասանն էր թողել ըստ մասնագիտության աշխատանքը եւ աշխատում էր հանրախանութի ամանեղենի պահեստում։ Նա շատ էր խմում։ Երբ նրանք տասնյոթ-տասնութ տարեկանում շուտ-շուտ խմում էին, Հաստը բերան չէր տալիս ալկոհոլին` վախենում էր հորից, որը խստորեն պահպանում էր շարիաթի կանոնները, իսկ հետո, երբ արդեն մեծ էր, հանկարծ ինչ-որ տեղ օղի փորձեց ու սկսեց խմել։ Մի երկու անգամ նրան բուժեցին, բայց երկար չօգնեց։ Վերջն այն եղավ (մայրը գրեց այդ մասին Բահադուրին բանակ), որ հյուր գնացած ժամանակ նա երրորդ հարկի պատշգամբից ընկավ ցած։ Ուղեղի ուժեղ ցնցում ստացավ, բայց չմեռավ, փրկեց այն, որ հարբած էր։
Բնակարան նոր ստացած ժամանակները Բահադուրը կորչում էր հին բակում։ Գործից անմիջապես հետո շորերը փոխում էր, ձեռքերը` բենզինով լվանում` նա այդ ժամանակ ներկարար էր նավթագործների հիվանդանոցում, եւ գնում էր այնտեղ։ Ժամը վեցի կողմերը բոլորը հավաքվում էին բակում, նստում էին նարդի խաղալու կամ գնում էին «քաղաք» ման գալու։ Երբեմն խմում էին։
Հետո հոգսերը ծայր առան, պետք էր նոր բնակարանը կարգի բերել (զինկոմիսարիատից ծանուցագիր ծանուցագրի հետեւից էր գալիս, եւ հայրը վախենումէր, որ չէր հասցնի)։ Հարկ եղավ կրճատել ընկերների հետ հանդիպումները, եւ աստիճանաբար Բահադուրը հեռացավ նրանցից։ Ուրիշ պատճառ էլ կար։ Առաջ, երբ մի բակում էին ապրում, ամեն ինչ շատ պարզ էր. ընկերներն ինչ-որ տեղ էին գնում, նրան էլ էին վերցնում հետները, չէին գնում, նա իր տանն էր, կարող էր գոնե քնել։ Իսկ հիմա կգնա բակ գործից հետո, իսկ նրանք չկան։ Կնստի մի երկու ժամ, զրույցի կբռնվի որեւէ հարեւանուհու հետ, եւ պետք է տուն դառնալ` քաղաքի հակառակ ծայրը։ Կամ էլ տանն են, բայց զբաղված են իրենց գործերով, նա մեկից մյուսի մոտ կանցնի եւ նորից պետք է գնալ` մարդկանց տանը չես նստի մինչեւ գիշեր։
Իսկ բանակից հետո նա ընդհանրապես քիչ էր տեսնվում հետները։ Երբեմն փողոցում մեկնումեկին կպատահեր կամ կզանգեր ձանձրույթից, եթե ձեռքը հեռախոս ընկներ։ Նա շարունակեց ներկարար աշխատել, վատ էլ չէր վաստակում։ Բանակում կուսակցություն էր ընդունվել, հիմնարկում նրան հարգանքով էին վերաբերում, բրիգադիր դարձրին։
Մայրը համոզեց, որ նա ամուսնանա։ Ցանկություն չուներ, հարմար թեկնածու էլ չկար։ Համենայն դեպս, այնպիսինների համար, ինչպիսին նա է, դժվար է. կրթություն չունի, բայց ինչ-որ բան կյանքից հասկանում է եւ ուզում է, որ իր բախտն էլ ուրիշներից վատ չդասավորվի։ Բայց թե բան չի ստացվում։ Ու բանը փողը չէ, վերջիվերջո ճարտարագետից քիչ չի վաստակում։ Բայց ինչքան էլ որ չարչարվում էր, այն աղջիկներին, որ իր ճաշակով էին, նա դուր չէր գալիս, նրանց հետաքրքրում էին, կրթված, կարդացած տղաները։ (Իսկ նրանք, ում ինքն էր դուր գալիս, նրան, ինչպես ասում են, իր օրում պետք չէին. երկու բառ իրար կապել չգիտեին, խոսելու բան չկար հետները)։ Քանի անգամ էր պատահել, երբ դեռ հին բակում էին ապրում, հավաքվում էին աղջիկների հետ, ուսանողուհիների-բաների, պարում էին, խմում, ամեն ինչը` նորմալ, բայց երբ սկսում էին ցրվել, բոլորը զույգերով էին գնում, իսկ նա` մենակ։ Երբեմն նա ստում էր, որ ուսանող է, բայց չէին հավատում, նա նույնիսկ կոստյում կարել տվեց իրեն նույն արհեստանոցում, ինչ` տղաները` Ազի Ասլանովայի ու Վորոնցովսկայայի փողոցների անկյունում, բայց չօգնեց։ Խոսում էր երեւի նա ոչ այնպես, ինչպես` մյուսները, քիչ էր կարդում։ Թեեւ տղաներն էլ առանձնապես կարդացած չէին։ (Երեխա ժամանակ միայն Էլդարն ու Ռամիզն էին գրքերով տարված, աչքերը փչացրին, դրա պատճառով էլ ակնոց էին դնում)։
Իսկ կինո նա սիրում էր։ Ջանում էր առաջին օրը նայել նոր կինոնկարը։ Հատկապես մանկության տարիներին։ Երկուշաբթի առավոտյան ինն անց երեսունի սեանսը` դպրոցի փոխարեն։ «Տասներկուերորդ գիշերը» նայել էր տասներկու անգամ։ Անգիր էր հիշում ամբողջը, հանգերով էր խոսում, այնպես էր շրմփացնում, որ տղաները քանդվում էին ծիծաղից.
«Ամբողջն կյանքը նրա, դատարկ թերթիկ է, իմ հերցոգ, նա իր սիրո մասին բառ իսկ բերնից չթռցրեց` պահպանելով գաղտնիքը»… կամ` «Ոչ, թաքցրե'ք քսակը` ես ծառա չեմ, ոչ թե ինձ, այլ հերցոգին է պետք ընծան»։
Նա մի ուրիշ սովորություն էլ ուներ. ֆիլմերի վերնագրեր կազմել։ Որեւէ մեկը ցանկացած մի բառ ասեր, նա կավելացներ մեկը կամ երկուսը, եւ կստացվեր կինոնկարի վերնագիր։ Ինքն իրեն էր ստացվում։ Չափից ավելի շատ ֆիլմեր էր նայել նա։
Ինչ-որ ժամանակ նա մտածում էր, որ աղջիկների առումով իր բախտը չի բերում, որովհետեւ իրենից ներկի հոտ է գալիս, եւ ընդհանրապես, անկեղծ ասած, ներկարարի գործը նրան դուր չէր գալիս։ Կեղտի պատճառով։ Կեղտոտ գործ է։ Նա նույնիսկ այն թողեց մի երկու տարով դրա երեսից։ Տեղավորվեց ժամագործական արհեստանոցում։ Նախ աշակերտ էր, հետո իր կետը բացեց Շամախինկայում, իրենց հին շենքից հեռու։ Լավ էր, տղաները գալիս էին մոտը, թեյ էին խմում, նարդի խաղում։ Բայց ժամագործներն ուսանող աղջիկներին ավելի շատ դուր չէին գալիս, քան` ներկարարները, իսկ հաճախորդները քիչ էին, հազիվ-հազ հարյուր ռուբլի էր դրստում. ստիպված էր թողնել ու վերադառնալ հին գործին։
Բանակում էլ էր ներկարարություն անում, շինվաշտում։ Լավ էլ անուն ուներ։ Ուրիշ կերպ կուսակցություն չէր ընկնի։
Տղաներից միայն Ֆայիկն էր կուսակցական։ Ասպիրանտուրայի գործերը չդասավորվեցին։ Գիրացել է, բեղ է թողել, բայց դիսերտացիան չի կարողանում ավարտել։ Իսկ դպրոցում բոլորից լավ էր սովորում։ Նրա մայրը շատ հիվանդ է, բայց շարունակում է աշխատել. ի վերջո բժիշկ աշխատելը դժվար չէ։
Իսկ փոքրիկ Իսմեթն արդեն տրեստի ճարտարագետ է։ Նա սովել է պատերազմի ժամանակԲահադուրի պես։ Մյուսներն ավելի լավ էին ապրում, իսկ նա ու Իսմեթը վատ էին սնվում։ Այդ պատճառով էլ ցածրահասակ մնացին։ Նա, ճիշտ է, Իսմեթից բարձր է` սա շատ պստիկ է, բայց մյուս տղաների համեմատ ինքն էլ է նվազ։
Իսմեթի հայրը զոհվեց հենց պատերազմի սկզբին։ Մայրը արկղ էր ……. տարաների բազայում, պետք է կերակրեր երկու որդուն ու երկու դստերը` ամնամեծը ութ տարեկան էր, ամենափոքրը` երեք։ Եվ բոլորը կրթություն ստացան։ Աղջիկները բժիշկ են, Իսմեթը` ինժեներ-շինարար, Ֆարհադը, ամենափոքրը, նույնպես բժշկականում է սովորում։ Սուսերամարտ է պարապում, թերթերը գրեցին։
Իսմեթն ինչպես եղել էր մոխրագույն, այդպես էլ մնացել էր։ Իսկ շրթունքներին, բերանի անկյուններում մշտապես սպիտակ փրփուր էր։ Բերանը` մեծ, ատամները` երկար, սպիտակ։ Երեխա ժամանակ ձու էր ջարդում շատ լավ։ Գրազով։ Եվ ընդհանրապես շատ խորամանկ էր։ Շուկայում թերթ էր ծախում, թղթի տոպրակներ, հարմար առիթի դեպքում բան-ման էր թռցնում։ Լավ էր սովորում, չնայած որ գիտությունը դժվար էր տրվում նրան` անգիր էր անում։ Մինչեւ հիմա չէր ամուսնացել, նախ պետք էր քույրերին մարդու տալ։
Բորիս Լեյբինը երկու երեխա ունի։ Կինն ադրբեջանուհի է, անգլերեն է տալիս դպրոցում։ Բնակարանը վերանորոգեցին, պատի պահարաններ սարքեցին, սենյակը կիսեցին. մի մասում Լիզա մորաքույրն է ապրում` Բորիսի մայրը, մյուսում` նրանք։ Համերաշխ են ապրում։ Բորիսը վաղ ճերմակեց, կորացավ, մի տեսակ չորացավ։ Իսկ առաջ հիանալի կազմվածք ուներ։ Ամառները որպես ավագ ջոկատավար պիոներական ճամբար էր մեկնում եւ վերադառնում էր արեւառված, մկանները քիչ էր մնում պատռեին շապիկը։ Նրա հարաբերությունները Բահադուրի հետ փչացան։ Վաթսունվեց թվի ամռանը նա գտավ Բահադուրին եւ խնդրեց ներկել իր բնակարանի դռները, պատուհաններն ու առաստաղը։ Երբ Բահադուրը դեռ հին բակում էր ապրում, միշտ տղաների համար անում էր ամեն ինչ, ինչ որ խնդրում էին. մեկի համար մի բան կներկեր, մյուսի պաստառները կփակցներ կամ ճենասալիկները կշարեր։ Հարեւան էին իրար, ամեն ինչ ինքն իրեն էր ստացվում, աննկատելիորեն։ Նաեւ ջահել էին, դեռ պարզ չէր, թե ով ինչ է դառնալու։ Իսկ հիմա գնալ այդ բակը, կեղտոտ շորեր հագնել եւ բոլորի աչքի առաջ սկսել աշխատել այն բանից հետո, երբ արդեն այնտեղ չի ապրում, գալիս է երբեմն սեւ կոստյումով, թեյ է խմում, հարեւաններին պատմում, որ իր գործերը լավ են, ամուսնացել է, երեխա ունի, ապրում է երեք սենյականոց բնակարանում, ռումինական կահույք է առել, այս բոլորից հետո հագնել պատռտված, ներկոտած տաբատը, վերնաշապիկը, ծղոտե ծակ գլխարկը եւ բոլորի աչքի առաջ մագլցել այծոտնիկի վրա, անհարմար էր։ Երբ որ նա ինչ-որ կողմնակի մարդկանց համար է գործ անում, մի բան է, իսկ երբ իր բակում, ընկերոջ բնակարանում, որի հետ միասին մեծացել է, ամբողջ բակի աչքի առաջ պետք է աշխատի, բոլորովին ուրիշ բան է։
Նա ասաց դա Բորիսին։ Սա ոչինչ չհասկացավ. «Բայց դու աշխատում ես ուրիշների մոտ, չէ՞։ Մեկ է, դա բոլորին հայտնի է»։
Բահադուրը նորից բացատրեց, որ ուրիշ մարդկանց մոտ ուրիշ է, հին ընկերոջ մոտ` ուրիշ։ Բորիսը նորից ոչինչ չհասկացավ ու նեղացավ։
Առաջ էլ էր պատահել, որ ընկերներից մեկը վիճեր Բահադուրի հետ, թեեւ բոլորն ասում էին, որ, ի տարբերություն հոր, նա ավելի խաթրաշահ բնավորություն ունի։ Բայց երբ նրանք նույն բակում էին ապրում, մի շաբաթ էր անցնում, երկրորդը, եւ հարաբերությունները կարգավորվում էին` դժվար է երկար ժամանակ չխոսել իրար հետ, երբ ամեն օր տեսնվում եք։ Իսկ հիմա Բորիսը նեղացել էր նրանից, եւ դա շարունակվում էր արդեն երեք տարի։
Այդքան երկար ոչ ոք նեղացած չէր մնացել Բահադուրից։ Ֆայիկը մի անգամ նրա հետ չխոսեց մի ամիս, բայց այն ժամանակ պատճառը լուրջ էր, պատվի հետ էր կապված, իսկ պատվի համար ինչեր ասես, որ չեն կատարվում կյանքում։ Սոնյան էր պատճառը` Բահադուրի մեծ քույրը։ Հենց որ տեխնիկումը թողեց, սխալ ճանապարհով գնաց։ Աշխատելն աշխատում էր, ճիշտ է, թե` չէ, ինչո՞վ էր ապրելու, բայց իրեն արժանավայել չէր պահում, երկար կանգնում էր դարպասի մոտ ինչ-որ տղերքի հետ, հարաբերություններ էր պարզում, բանը հասնում էր ճիչերի։ Սկզբում Բահադուրը նրան ոչինչ չէր ասում, մեծ քույրն է ի վերջո եւ լավ էլ մարդ է (ինչպես փոքր ժամանակ եղել էր բարի, այդպես էլ մնացել էր, իր փողով վերնաշապիկ էր առնում նրա համար, լվանում էր, կարում, հարթուկում)։ Բայց մի գեղեցիկ օր նրան մի կողմ է կանչում Ֆայիկը եւ ասում. «այսպես այլեւս չի կարող շարունակվել», «ամբողջ բակի խայտառակությունն է Սոնյայի վարքը», եւ նա` Բահադուրը, որպես նրա եղբայր ու պատվի պահապան, պետք է վերջ դնի դրան։
Ֆայիկը նախկինում էլ էր Բահադուրին խորհուրդներ տալիս, թե ինչպես պահի իրեն այս կամ այն դեպքում. հյուր եղած ժամանակ, ասենք, երբ որ շատ ժողովուրդ կա, եւ բոլորը քեզ անծանոթ են, կամ երբ պետք է աղջկան պարի հրավիրել։ Բայց երբ նա Սոնյայի մասին խոսակցություն սկսեց, Բահադուրը տհաճություն զգաց։ Ամաչեց քրոջ համար. ինչ աստիճան է ընկել, որ նրա մասին այսպիսի խոսակցություններ են վարում։ Եվ, ի զարմանս իրեն, զգաց, որ ոչ մի չարություն չունի Սոնյայի դեմ։ Վերջիվերջո, նա էլ պիտի ինչ-որ բավականություն ստանա կյանքից։ Քանի հայրը չկար, սոված էին մնում, բայց գոնե հույս ունեին, որ նա տուն կվերադառնա, եւ կապրեն նորմալ, բոլոր մարդկանց նման։ Իսկ նա այդ անիծյալ գերությունից վերադարձավ, եւ ավելի վատ եղավ` մենակ արցունքներ ու դիմումներ։ Ա~յ, վատ էր, որ ուսումը թողեց, բայց չէ որ դա էլ կարելի է հասկանալ. տասնութ տարեկան է, ուզում է հագնվել, ինչպես` ուրիշները, իսկ ինչքա՞ն բան կառնես թոշակով։ Իսկ տանն էլ մի կտոր հացն են երեսով տալիս։ Երեսին, այսինքն, բան չեն ասում, բայց թե առանց դա էլ ամեն ինչ պարզ է. հայրը չի աշխատում, բայց երկու ուրիշ փոքրիկ աղջիկ էլ կա տանը։ Եվ մայրն էլ հարազատ չէ։ Սուսիկ, անվնաս, բայց, դե, խորթ է։ Եվ իրենից` Բահադուրից էլ, մեծ օգուտ չկա։ Ինչ որ աշխատում է, իր վրա է գնում. կոստյում պե՞տք է, խմել պե՞տք է, կինո գնալ պե՞տք է։ Ահա եւ քույրը գնաց աշխատելու։ Հագնվեց-կապնվեց, մազերը կտրեց, ներկվեց, սկսեց տղաներին դուր գալ։ Հիմար է, որ բոլորի աչքի առաջ կանգնում է նրանց հետ, ավելորդ խոսակցությունների տեղիք տալիս, բայց այն բանի համար, որ տղաների հետ է հանդիպում, Բահադուրը նրան չի դատապարտում։
Իսկ Ֆայիկին ինչ ասես։ Նրան հո այս բոլորը չե՞ս բացատրի։ Չէ որ նա դա չի հասկանա. մի բան է, երբ մայրդ բժիշկ է, ուրիշ է, երբ սանիտարուհի է։
«Հա,- ասաց այդ ժամանակ Բահադուրը,- լավ չի ստացվում»։ «Դու պետք է վերջ տաս դրան»,- կրկնեց Ֆայիկը։ Եվ Բահադուը ստիպված էր համաձայնել նրա հետ։
Բայց մինչեւ նա կխոսեր Սոնյայի հետ, մի ամիս անցավ, եւ այդ ամբողջ ամիսը Ֆայիկը չխոսեց նրա հետ։
Իսկ Բահադուրի հետ խոսակցությունից քիչ անց Սոնյան հեռացավ տնից, ինչ-որ մի տղայի հետ հարմարվեց։ Բահադուրենց նոր տանը նա ընդամենը մի անգամ եղավ` նրա հարսանիքի օրը։ Այդ ժամանակներից նրանք շատ հազվադեպ էին հանդիպում։ Բահադուրին կոստյումին բռնող սեւ կոշիկներ էր նվեր բերել, հարսին` բրդե չինական կոֆտա։
Հարսանիքն ամռանն արեցին, շատերը քաղաքում չէին։ Տղաներից նա միայն Էլդարին կարողացավ գտնել։
Էլդարն այդ ժամանակ արդեն գիտությունների թեկնածու էր։ Երեւի թե նա տղաներից ամենալավն էր պահպանվել արտաքինի առումով։ Եվ լավ էլ հագնվում է, մի փոքր` ոչ ծանրակշիռ, բայց` գեղեցիկ։ Շարունակում է ապրել ծնողների հետ, չնայած ասում է, որ ուզում է կոոպերատիվ գրվել։ Իսկ ինչու ծնողների հետ չապրի որ։ Նրանց բնակարանը լավն է, լավագույնը` բակում. երեք սենյակ` բոլոր հարմարություններով, փակ պատշգամբը` դեպի փողոց։ Եվ նրա ծնողներն էլ հիանալի մարդիկ են։ Համիդ հորեղբայրը մի քիչ խմում էր, բայց հիմա ով չի խմում։ Հաճելի է նրանց մոտ լինելը. իսկապես մտավորական մարդիկ ի վերջո քիչ են մեր ժամանակներում։ Կրթություն ունենալը դեռ բավական չէ։ Օրինակ, Լեյլա մորաքույրը` Էլդարի մայրը, բարձրագույն կրթություն չունի, թողել է ինստիտուտը պատերազմի պատճառով, բայց ավելի մտավորական կին Բահադուրն իր կյանքում չի հանդիպել։ Ի~նչ գրքեր էր կարդում իրենց համար փոքր ժամանակ, ի~նչ խաղեր էր հորինում… Հոգնածությունից ոտքի վրա չէր կարողանում կանգնել` շրջգործկոմում էր աշխատում պատերազմի ժամանակ, իսկ ձայնը երբեք չէր բարձրացնի, ինչ էլ կատարվեր նրանց բնակարանում։ Եվ թույլ էր տալիս իրենց տան բոլոր իրերին ձեռք տալ, նույնիսկ` դաշնամուրին, ոչ մի բան փակի տակ չէր պահում երեխաներից։ Իսկ հորեղբայր Համիդը մատով երեխաներին չէր կպչել։ Երբ որ տանն էր լինում, պառկում էր մահճակալին ու գիրք էր կարդում։
Այո, իհարկե, այդպիսի ծնողների հետ ապրելը խաղուպար է։ Բայց նրանք ինչքա~ն տառապեցին իրենց երեխաների ձեռքը։ Ինչեր միայն չարեցին Էլդարն ու Ռամիզը, մինչեւ մեծացան։ Կռվարար էին խայտառակ, չնայած ակնոց էին դնում։ Երկուսն էլ բոքս էին պարապում, առաջին կարգայիններ էին, քաղաքի լավագույն աղջիկների հետ էին հանդիպում, երկուական անգամ ինստիտուտ փոխեցին, բայց ի վերջո արյունն իրենն արեց` մարդամեջ դուրս եկան…
Ռամիզը սկզբում Մոսկվայում էր սովորում, հետո թողեց Բաքու եկավ։ Մի տարի պարապ-սարապ ման էր գալիս։ Քիչ էր մնացել նրան սպանեին ինչ-որ կնոջ պատճառով։ Քլունգով այնպես էին խփել գլխին, որ գանգը երեք տեղից կոտրվել էր, հազիվ փրկվեց, երկու ամիս պառկած էր հիվանդանոցում անգիտակից վիճակում։ Հետո «պոլիտեխնիկն» ավարտեց, ճարտարապետական բաժինը։ Հիմա Սումգայիթում գլխավոր ճարտարապետ է աշխատում։ Էլդարը հիսունութ թվին բանտ ընկավ կռվի պատճառով։ Մի կերպ դուրս պրծավ, քննությունը տասն ամսից ավելի շարունակվում էր, այդպես էլ չպարզեցին, թե ով ում քիթն է ջարդել Արդյունաբերական ինստիտուտի երեկույթին։ Նա էլ էր անբանի մեկը սկզբում, հետո խելքը գլուխը հավաքեց, իսկ հիմա գիտությունների թեկնածու է։ Քեֆ քաշել հիմա էլ է սիրում ու դեռ հաջողություն ունի կանանց շրջանում։ Ադրբեջանցու նա նման չէ, մաշկը լրիվ սպիտակ է, աչքերը դարչնագույն են, մազերը շագանակագույն` ավելի շատ հրեայի է հիշեցնում։ Իսկ Ռամիզը, հակառակը, սեւամազ է (ճաղատացել է վերջին ժամանակներս), թուխ, բեղավոր, քիթը բոքսից տափակած։ Նրա ատամները լավ չեն, կողքերից համարյա ատամ չունի։ Բայց` ոչինչ, շատ է դուր գալիս կանանց։ Նույնիսկ ավելի, քան` Էլդարը։ Ցեղատեսակն է այդպիսին…
Բահադուրի մայրը հաճախ էր հիշում հին բակը։ Դժվար էր այնտեղ նրանց կյանքը, բայց նրա լավագույն տարիներն անցել են այնտեղ. քսան տարեկան էր, երբ տեղափոխվեցին Ղազախից։ Իսկ հիմա նա արդեն վաթսունին մոտ է։
Բահադուրը սիրում էր հիշել իրենց հին բակի կյանքը։ Հետաքրքիր էր ապրում նա այն ժամանակ, երբեք նախօրոք չէիր կռահի, թե օրն ինչով կվերջանա։ Եվ եթե նույնիսկ ոչինչ չէր պատահում, միեւնույն է ամեն առավոտ զարթնում էիր այն տրամադրությամբ, որ այ այսօր արդեն հաստատ տղաներն ինչ-որ մի հետաքրքիր բան կմտածեն. իրեն հետները հյուր կտանեն կամ ինստիտուտ, երեկույթի։ Բա կրկեսում ինչքան հետաքրքիր էին անցկացնում ժամանակը։ Բոլոր արտիստները նրանց գիտեին, մոտենում էին, բարեւում, անեկտոդներ պատմում։ Յուրայիններ էին նրանք այնտեղ։ Ճիշտ է, երեք տարի այնտեղ «գրանցվելուց» հետո միայն Ռամիզին հաջողվեց կրկեսի արտիստուհու հետ սիրավեպ ունենալ, իսկ մյուսներն այդպես էլ ոչնչի չհասան։ Փոխարենը շատ ուրախ էր այնտեղ։
Իսկ հիմա ինչպե՞ս է։ Բահադուրն արդեն վաղուց գիտե, որ իր կյանքում ոչ մի անսպասելի բան չի կարող կատարվել (բացի դժբախտությունից, իհարկե, դրանից ոչ մեկն ապահովագրված չէ), եւ նա չի ունենում առավոտներն այն հաճելի զգացումը, երբ զարթնում ես ու գիտես, որ առջեւում ամբողջ ցերեկն է, իսկ հետո նաեւ` երեկոն, եւ ով իմանա, թե դրանք ինչ նոր բան կբերեն քեզ։
Կնոջը դուր են գալիս նրա պատմությունները հին բակի, տղաների մասին, իրենց ուրախ երիտասարդության մասին։ Նա կրթված է, մանկավարժական տեխնիկում է ավարտել, այդ պատճառով ամեն ինչ, որ պատմում է Բահադուրը, նրան հասկանալի է եւ հետաքրքիր։ Բահադուրի բոլոր ընկերներին նա անգիր գիտե, թեեւ տեսել է միայն Էլդարին եւ Հաստ Հասանին։ Եվ այն էլ մի անգամ` հարսանիքի օրը։
Բահադուրը մի քանի անգամ հրավիրել էր ընկերներին, որ ծանոթացնի կնոջ հետ, նստեն, խմեն, հիշեն հինը։ Նա շատ էր ուզում, որ նրանք իր տուն գային։ Չէ որ նրա պայմանները լավն են, անհարմար չէ մարդ ընդունելը, կինը հյուրասեր է դաստիարակված, ապշելու լավ է եփում-թափում, նա ինքն էլ վատ չի վաստակում, տանն ամեն ինչ կա` հեռուստացույց, սառնարան, կահույքը գեղեցիկ է. հաճելի է, որ ընկերները լավ պայմաններում անցկացնեն երեկոն։
Կնոջն էլ հաճելի կլիներ։ Այնքան է լսել նրանց մասին, որ նույնիսկ անհարմար է, որ մինչեւ հիմա ծանոթ չեն։ Նա նույնիսկ մի քիչ էլ նեղացել էր նրանցից։ Արդեն վերջնականապես պայմանավորվել էին, որ կգան։ Բայց հետո Էլդարն հանկարծ Մոսկվա թռչեց, իսկ մնացածներն ասում են, որ առանց Էլդարի լավ չէ, եկե'ք միասին հավաքվենք` որպեսզի բոլորս անխտիր լինենք։ Իսկ նա տանը աղմուկ էր բարձրացրել, վերադասավորումներ էին արել` հին թախտը տարել էին երրորդ սենյակ, հոր ու մոր մոտ, հատակն էին սրբել, թառափ գնել։ Այո, անհարմար էր կնոջ առաջ։ Մայրը եւս վշտացավ։ Բայց մայրը` ոչինչ, յուրային է, կնոջ առաջ էր անհարմար։ Դե, հիմա նա արդեն կնոջից չի ամաչում, մտերմացան վեց տարվա համատեղ կյանքի ընթացքում, ճանաչեցին իրար, այնքան տվեցին-առան, որ մի միս ու արյուն դարձան, ինչպես ասում են։ Իսկ այն ժամանակ անհարմար էր, կարծես ստացվում էր, որ ընկերները խուսափում են իրենից։
Բահադուրը գոհ է կնոջից։ Նույնիսկ հոր հետ է լավ, իսկ նրա հետ միայն հրեշտակը կարող է լեզու գտնել։ Դպրոցում է աշխատում, ռուսերեն է դասավանդում։ Դպրոցը հեռու չէ, օրը երկու-երեք ժամ է աշխատում, կես դրույք, այնպես որ երեխային նայել եւ տնտեսությամբ զբաղվել նույնպես հասցնում է։ Ազգությամբ հայ է։ Նրա եղբայրների միջոցով է Բահադուրը հետը ծանոթացել։ Նույնպես ներկարարներ են, երկվորյակներ, երեսունվեց թվականի ծնունդ` Ալբերտն ու Համլետը։ Տեսնվում են հաճախ` ամեն շաբաթ կամ կիրակի, ամառը միասին ծովափ են գնում։ Լավ տղաներ են, հաճույքով կընդունես նրանց քեզ մոտ եւ նրանց մոտ ինքդ կգնաս, սիրում են ուտել, խմել, լավ երգում են։ Բայց նույնպես ներկարարներ են, իսկ ներկարարն ինչ հետաքրքիր բան կարող է ասել։ Գուցեեւ ուրիշ որեւէ մեկի համար կարող է, իսկ ներկարարը ներկարարից ոչ մի նոր բան չի կարող լսել։ Միեւնույն խոսակցությունը. գույնը բռնել, հաճախորդ, կիր, յուղաներկ, Մետրեւելի, Բանիշեւսկի։ Իսկ նրանց քույրը` Անյան, Բահադուրի կինը, նման չէ նրանց. նուրբ է, քնքուշ, կրթված։ Դրանով էլ Բահադուրին դուր է եկել։ Անմիջապես որոշեց ամուսնանալ նրա հետ։ Որդուն հենց այսպիսի մայր է պետք, որ գոնե նա մարդ դառնա։ Դպրոցը` դպրոց, բայց մայրը երեխայի համար ամեն ինչ է, հատկապես` մանկության օրերին։ Ճիշտ ընտրություն է արել Բահադուրը, չի փոշմանել։ Որդին հինգ տարեկան է դառնում։
Ռաֆիկի ծննդյան տարեդարձից երկու օր առաջ Բահադուրը հաճախորդից հարյուր հիսուն ռուբլի ստացավ, քսանհինգն էլ նրա խնայգրքույկում կար։ Բոլոր հաշվարկներով այդ փողը պետք է բավականացնի։ Հաճախորդին ասաց, որ երկու օր չի աշխատելու` շտապ շենք են հանձնելու պետական հանձնաժողովին, իսկ շինարարությունում ամեն ինչ բացատրեց, ինպես որ կար։ Աշխղեկը մի քիչ փնթփնթաց, բայց հետո տղային երկար տարիների կյանք մաղթեց եւ խորհուրդ տվեց կայարան հանդիպել` այնտեղ ռոստովյան օղի կա։
Տան ճանապարհին Բահադուրը կայարան մտավ ու վեց շիշ առավ։ Օրը հաջող էր սկսվում. պարզվեց, որ օղին նույնիսկ ռոստովյան չէր, այլ` Օրջոնոկիձեում լցված։ Բահադուրն ուզում էր եւս երկու շիշ վերցնել ապագայի համար, բայց որոշեց հետաձգել` փողը կարող էր ծնունդին հերիք չանել։
Պայուսակում տեղավորվեց եւս չորս կոնյակ, երեք շիշ անապակ գինի եւ երկու շամպայն։ Այսքանը բավական էր։ Հիմա մնում էր ութ-տասը կիլոգրամ միս առնել, մնացածն` ավելի հեշտ էր։ Լավ կլիներ, իհարկե, թառափի խորոված անել, բայց դեռ սեզոնը չէ` շոգ է, ավելի լավ է հավից ինչ-որ բան պատրաստել։ Հավը կարելի է խանութից առնել (եթե լինի, իհարկե), բայց միսը` միայն շուկայից։ Սառեցրած մսով մարդկանց կերակրելը բանի նման չէ, կարելի է ամբողջ տպավորությունը փչացնել։
Բահադուրը շուկա մտավ եւ պայմանավորվեց, որ հաջորդ առավոտ իրեն տասը կիլոգրամ ոչխարի միս պահեն։ Մսագործը խնդրեց ժամը ութից չուշանալ, թե չէ հետո ապրանքը կարող է վերջանալ, Բահադուրը բացատրեց, թե իրեն ինչ միս է պետք` կողեր ու բդի վերեւի մասը, եւ նրանք կիլոգրամը հինգ ռուբլով պայմանավորվեցին։ Փոխարենը թարմ է, վաղը առավոտ են ոչխարին մորթելու։
Հիմա արդեն հանգիստ կարելի էր զբաղվել մնացած գործերով։ Վաղվա օրը կգնա հյուրերին հրավիրելու վրա։ Պետք է առավոտյան սկսել, որպեսզի հասցնի բոլորին զգուշացնել։ Ամսի տասին արդեն ոչ մի տեղ չի կարող գնալ` ամբողջ օրը տանը զբաղված կլինի։ Ուրեմն, այսօրվա մեջ պետք է հավ ճարել... կամ էլ թառափ (թեկուզ շոգ է, այն կզարդարի սեղանը)։
Խանութում հավ չկար։ Տավարի միս էին տալիս։ Հերթից ինչ-որ մեկն ասաց Բահադուրին, որ երեկ միկրոշրջանում ցելոֆանե տոպրակներով ֆրանսիական հավեր է տեսել։ «Ֆրանսիական կոստյումը լավ բան է, բայց ֆրանսիական հավերը, այն էլ` տոպրակով, հայտնի չէ,- մտածեց Բահադուրը,- հիմար վիճակի մեջ կընկնես հյուրերի առաջ»։
Նա միկրոշրջան չգնաց։ Շուկայում երկու հավ առավ` հատը ութ ռուբլով, եւ որոշեց թառափ ճարել։ Շուկայում թառափ չկար։ Եթե նույնիսկ այսօր ձկնորսները բերել էին, այն արդեն լրիվ սպառվել էր։ Իհարկե, կարելի է առավոտ շուտ փորձել, մեկ է, գալու է մսի համար, բայց դա վտանգավոր է. եթե հանկարծ թառափ չլինի, արդեն ծով էլ չի հասցնի գնալ, չէ որ վաղվա օրը հազիվ էլ հերիք անի հյուրերին հրավիրելուն, թե` չէ, կարող է եւ չհասցնել։
Բահադուրը տուն տարավ գնումների պայուսակը եւ կնոջը զգուշացրեց, որ Բիլգյա է գնում թառափի հետեւից։ Կինը նոր էր եկել աշխատանքից եւ Ռաֆիկին տապակած սմբուկ էր կերցնում։ Տղան, ինչպես եւ Բահադուրը, շատ էր սիրում սմբուկ եւ, ընդհանրապես, նրան դուր էր գալիս տապակած ամեն ինչ. միսը, լոլիկը, ձվածեղը, եւ` որ յուղը շատ լիներ, որպեսզի հացը մեջը թաթախեր։ Նրա ախորժակը տեղն էր, ուրիշ երեխաների փայտով ծեծելով էին ստիպում ուտել, իսկ նա ինքն էր խնդրում։ Այդ պատճառով էլ հաստլիկ է։ Արտաքինով Բահադուրին բոլորովին նման չէ, մաշկը ճերմակ է, այտերը վարդագույն են, շրթունքները աղջկա նման նուրբ են։ Մորն է քաշել։
- Սափրվիր գոնե, անհարմար է այդ տեսքով ման գալ,- ասաց Բահադուրին կինը, երբ նա շշերն ու հավը դատարկեց սեղանին։ Իսկ գնումների մասին ոչինչ չասաց` հասկանալ տալով, որ դեռ համաձայն չէ որդու ծննդյան օրն այդպես շքեղ նշելու նրա որոշմանը։
Բահադուրը հանեց վերնաշապիկը, ջրով շփվեց, լվաց վիզն ու սկսեց սափրվել։
Այո, բոլորովին նրան նման չէր Ռաֆիկը։ Ե'վ աչքերն են ուրիշ, ե'ւ մաշկը, ե'ւ մազերը։ Միայն ատամներն են նույնը. վերեւինները մի փոքր դեպի ներս են թեքված, ներքեւինների տակ։ Բայց ատամները դեռ կփոխվեն։ Իսկ մազերը խուճուճ են, Բահադուրի պես չէ, որ մանր օղակներ են, ոչ մի սանրվածք չեն պահում եւ սկսվում են համարյա հոնքերի մոտից։ Այդ պատճառով թվում է, որ ճակատը փոքր է։ Իսկ իրականում նորմալ ճակատ է։ Ուղղակի հիմարությունից Բահադուրը մի երկու անգամ խուզեց հոնքերի վերեւի մազերը, որ մանր էին, համարյա` աղվամազ։ Իսկ հիմա աճել են այնպես, ինչպես` ամեն տեղ։ Եվ այտերին, աչքերի տակ էլ աղվամազը սափրեց` հիմա ստիպված է անընդհատ սափրել։ Այո, բնությունը շռայլորեն օժտել է նրան մազերով, դրանք ամենուրեք են առատ, ոչ միայն` երեսին։ Այդ պատճառով կինն իրավացի է. պետք է ավելի հաճախ սափրվել, բոլորովին ուրիշ տեսք է ձեռք բերում։ Անմիջապես երիտասարդանում է։
Մինչ Բահադուրը սափրվում էր, կինը սառնարանը լցրեց ամեն ինչ, որ ամուսինը բերել էր, Ռաֆիկին ուղարկեց բակ խաղալու եւ սկսեց ճաշ եփել։
- Ինձ թվում է, յոթի կողմերը հետ կգամ,- ասաց Բահադուրը, որ խոսակցություն բացի։ Կինը լուռ մնաց։ Իր սենյակից դուրս եկավ հայրը։
- Ի՞նչ նոր բան կա թերթերում,- հարցրեց Բահադուրը եւ մտածեց, որ վաղը չէ մյուս օրը պետք է հորը ստիպել փոխել վերնաշապիկը։ Այս մեկի օձիքը լրիվ քրքրվել ու մգացել է ժամանակից։
Հայրն առանց ուշադրության թողեց Բահադուրի հարցը, բացեց սառնարանը եւ մի զույգ սմբուկ հանեց։ Նա սիրում էր այն խորովել գազօջախին, դնում էր թեյամանի շիկացած երկաթե տակդիրի վրա եւ ժամանակ առ ժամանակ շուռ էր տալիս, որ վառվեն։ Ժամանա~կ գտավ։ Անյան մի կողմ քաշվեց գազօջախից։
- Մի՞թե առանց թառափի չի կարելի յոլա գնալ,- հարցրեց նա, երբ Բահադուրը հագավ վերնաշապիկը։
Կնոջ հարցն ուրախացրեց Բահադուրին, դա նշանակում է, որ նա աստիճանաբար համաձայնում է ծննդյան օրվա իր որոշմանը։
Այնուհանդերձ, կեցցե Անյան, երբեք բանը չի հասցնում նրան, որ վրան գոռան։ Իհարկե, այն, որ հայրը հիմա իր սենյակից դուրս եկավ, նույնպես իր դերը խաղաց. նրանք ինչ-որ ավելի լավ են սկսում իրար վերաբերել նրա ներկայությամբ, կարծես միավորվել են օտար մի բանի դեմ։
- Իհարկե, կարելի է,- ասաց Բահադուրը,- մանավանդ որ շոգ է դեռ, ձուկը շուտ է փչանում... Բայց ախր թառափը որեւէ բանով չես փոխարինի սեղանին։ Մի մասը կխաշենք, մնացածը խորովածին կթողնենք։
- Չեմ հասկանում, թե դա ինչի՞ համար է պետք,- ասաց Անյան, բայց Բահադուրը գիտեր, որ նա արդեն ամեն ինչին համաձայն է, իսկ հիմա խոսում է ուղղակի, որպեսզի անցնի այն սառնությունը, որ առաջացել էր նրանց մեջ վերջին օրերին ծննդյան օրվա առիթով։
- Ի՞նչ է եղել,- հանկարծ հարցրեց հայրը։ Չգիտես ինչու նրա կոկորդը կապված էր։
- Կոկորդդ ինչու՞ ես բինտով փաթաթել,- հետաքրքրվեց Բահադուրը։ Հայրը լուռ սպասում էր իր հարցի պատասխանին։
- Բահադուրն ուզում է Բիլգյա թառափի գնալ,- ասաց Անյան։
- Դու ինձ սրիչ ես խոստացել,- Բահադուրին դարձավ հայրը, նա միշտ ձեւացնում էր, թե չի լսել, ինչ էր ասում Անյան, նույնիսկ եթե ինքն էր նրան ինչ-որ բան հարցրել։- Քո ինչի՞ն է պետք թառափը։
- Ռաֆիկի հինգ տարին է լրանում տասին,- ասաց Բահադուրը։- Ուզում եմ հյուրեր հրավիրել։ Հնգամյակը հինգ տարին մի անգամ է լինում։
Հայրն այլեւս ոչ մի բան չասաց եւ սմբուկների վրա էր փչում, որ արագ հովանան։
- Երեխային դա պետք չէ,- ասաց Անյան։- Միայն մեծ մարդիկ են գալու… Եթե գան։
Նա չէր նայում Բահադուրին, երբ արտասանում էր այս բառերը եւ արտաբերեց դրանք ասես աննկատելի` չցանկանալով նրան վիրավորել։ Եվ նա էլ չնեղացավ, բայց հանկարծ մտածեց, որ, թերեւս, շատ շտապեց` խմիչքը գնելով, չէ որ կարող է այնպես ստացվել, որ տղաները նորից ժամանակ չգտնեն գալու, գործերով ընկած լինեն կամ էլ ընդհանրապես քաղաքում չլինեն։ Դա լիովին հնարավոր է, դեռ ընդամենը սեպտեմբերի սկիզբն է, շատերը դեռ չեն վերադարձել արձակուրդից… Բահադուրն անհարմար զգաց իր շտապողականության համար։
- Ավելի լավ է երեխային նվեր գնել,- ասաց Անյան,- եւ հյուր կանչել նրա բակի ընկերներին, դա նրան ավելի դուր կգա։
- Ճիշտ չես խոսում,- խոսակցությանը խառնվեց հայրը` կտրուկ իրենից հեռու քշելով սմբուկները,- մանր ես մտածում։ Կա պետության մանր քաղաքականություն, կա բարձրը։ Մարտավարությու'ն եւ ռազմավարությու'ն,- նա հպարտ նայեց Բահադուրին։
…Իհարկե, պետք էր նախ պարզել, թե քաղաքու՞մ են արդյոք տղաները, արդյոք ժամանակ ունե՞ն, հետո` կոնյակի ու օղու վրա փող ծախսել, ինքն իրեն հայհոյում էր Բահադուրը, կարող է նորից հիմար դրության մեջ ընկնել իր շտապողականության պատճառով։
- Կարծու՞մ ես, պետությանը տոները պետք են,- ասաց հայրը. նա այդպես էլ շուռ չեկավ Անյայի կողմը, թեեւ նրա համար էր խոսում։- Ո'չ։ Այդ փողը կարելի է ծախսել հազար ու մի ուրիշ բանի վրա, եթե մանր քաղաքականությամբ զբաղվես, ստամոքսի տեսակետից, այսպես ասած։ Իսկ բարձր քաղաքականության տեսակետից տոները պետք են, դա էնտուզիազմ է։ Դու կարծում ես, այդ բոլորը հե՞շտ է։ Բա ոնց չէ. այդ պատճառով էլ սխալներ եք գործում ամեն քայլափոխի։ Ռուսերեն դասավանդելը հեշտ է, բայց ավելի բարդ բանե'ր կան…- հայրը ափսոսանքով նայեց Բահադուրին. իբր կինդ ոնց է ուզում ֆռռացնել քեզ` անկիրթ հիմարիդ, բայց մարդիկ կան տանը, որ ամեն ինչ տեսնում ու հասկանում են, եւ թող կինը չմտածի, թե բոլորից խելոք է։
- Լավ, լավ,- դեմքը ծռեց Բահադուրը,- հունից դուրս մի արի։ Բարձր քաղաքականությու~ն… Ռաֆիկին վերարկու է պետք առնել` ինչ բարձր քաղաքականություն կա այստեղ,- նա վաղուց արդեն նշանակություն չէր տալիս հոր «խելոք» խոսակցություններին, այն ժամանակներից, երբ նրա դիմումներից մեկը ընկել էր Էլդարի մոր` Լեյլա մորաքույրի ձեռքը, եւ նա բազմաթիվ սխալներ էր գտել. պարզվել էր, որ հայրը կիսագրագետ մարդ է, չնայած ինչ-որ ժամանակ դատախազ է աշխատել։
- Ձեր ուզածն ի՞նչ է, որ ես իմ սմբուկները չուտե՞մ,- հարցրեց հայրը։- Ուզում եք, որ պատառը բկիս կանգնի՞։ Դա դուք երբեք չեք տեսնի, դուք ավելի շուտ կսատկեք։- Նա վերցրեց սմբուկները եւ, ձեւացնելով, թե դրանք այրում են ձեռքերը, վազեց իր սենյակ։
Անյան կամաց, որ սենյակում լսելի չլինի, ծիծաղեց, Բահադուրը ծիծաղի սիրտ չուներ։
- Նրան ուշադրություն մի դարձրու',- ասաց Անյան,- վերջ ի վերջո չգան, պետք էլ չէ։ Մեր ազգականներին կհրավիրենք։
- Ինչու չեն գա,- հանկարծ գոռաց Բահադուրը,- ո՞վ ասաց, որ չեն գա։ Լռի'։ Ամեն տեղ քիթդ խոթում ես։ Քո ճաշն եփի, մնացածը քո գործը չէ…
Երբ նա այս բոլորը գոռաց ու տեսավ այդ ընթացքում, թե ինչպես վիրավորանքից կնճռոտվեց կնոջ դեմքը, եւ աչքերին արցունքներ հայտնվեցին, հասկացավ, որ այն չի գոռում եւ զարմացավ, որ այդպիսի բութ ու անարդարացի բառեր է բղավում` վզի երակներն ուռեցնելով գոմեշի նման, բայց չկարողացավ կանգ առնել, այլ, ընդհակառակը, ավելի ջղայնացավ եւ, դուռը շրխկացնելով, գնաց Բիլգյա թառափի։
Կայարանում նա երկար կարդում էր էլեկտրագնացքի, հետո ավտոբուսի չվացուցակները եւ ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե որով ավելի արագ տեղ կհասնի. ավտոբուսն ուշ էր շարժվում, բայց `կարճ ճանապահով։ Գլուխը բոլորովին չէր աշխատում։
Էլեկտրագնացքով գնաց։ Քառասուն րոպեից Զագուլբայում հասկացավ, որ սխալ է գործել, քանի որ Զագուլբայից Բիլգյա էլեկտրագնացքը գնում էր երկու ժամը մեկ, իսկ ավտոբուսով միանգամից այնտեղ կընկներ։
Ստիպված էր պատահական մեքենա բռնել։ Հարցրեց վարորդին, թե որտեղից կարող է թառափ վերցնել։ Սա ասաց նրան մի տեղ, որն ինքն էլ գիտեր` ամառանոցային ավանի ծայրի փոքրիկ խանութի մոտ, էլեկտրագնացքի գծանցման կողքին։
- Իսկ ուրիշ որտե՞ղ,- հարցրեց Բահադուրը։
- Դժվար է հիմա թառափի բանը,- ասաց վարորդը,- երեք օր նորդ էր փչում, ձկնորսները ծով դուրս չեն եկել։ Միայն նրանց մոտ ձուկ մնացած կլինի, ովքեր իրենց բակում ջրավազան ունեն։
Նա Բահադուրին ասաց այն տունը, որտեղ, նրա կարծիքով, միշտ թառափ կար։
Խանութի մոտ թառափ չէին ծախում։ Ծերուկ-վաճառողը, որը նստած էր ստվերում, լիմոնադի արկղին, բառ առ բառ կրկնեց այն, ինչ ասաց վարորդը եւ նույն մարդու անունը տվեց։
Բահադուրը գյուղ մտավ։ Ստիպված էր հանել կոշիկները, մեջներն ավազ էր լցվում։ Հինգ րոպե հետո, քրտինքի մեջ կորած, նա ոտքից գլուխ փոշի դարձավ, ատամների տակ էլ ավազ էր ղրճղրճում։ Լավ էր, որ սեւ կոստյումի տաբատը չհագավ։
Ժամանակ առ ժամանակ ճանապարհը երկատվում էր, եւ Բահադուրը հոտառությամբ ընտրում էր կա'մ` աջը, կա'մ` ձախը, ի վերջո պարզվեց, որ` ճիշտ։ Ճանապարհը նրան դուրս բերեց մի փոքրիկ հրապարակ` մի քանի տների միջեւ, որոնք շրջապատված էին քարե ցանկապատերով։ Այստեղ ավազը խորը չէր, տակը զգացվում էր պինդ հողը։
Տները երկհարկանի էին ապակեպատ պատշգամբներով։ Մեկի դարպասների մոտ «Վոլգա» էր կանգնած, մի ուրիշինի` էշի մատղաշ քուռակ։ Բահադուրը մտածեց, որ որսագողը, որը միշտ թառափ ունի, պետք է ապրի այն տանը, որի առաջ «Վոլգա» է կանգնած։ Բայց համենայն դեպս ճշտեց դա երկու պատանիներից, որ նստած էին իշուկով դարպասի մոտ։ Նրանց արանքում կարմիր խունացած փալասին լոլիկի մի բլրիկ էր, կողքին` կշեռք։ Ու՞մ էին այստեղ դրանք վաճառում` հասկանալի չէր։
Նրանք շփվող դուրս եկան. իրենք հետաքրքրվեցին, թե ինչ է փնտրում Բահադուրը, չսպասելով նրա հարցերին, եւ, իրար հերթ չտալով, հայտնեցին, որ մարդը, որ նրան պետք էր` Քյամիլը, ոչ վաղուց ձկնահսկողության տեսուչի հետ Բուզովնի է գնացել, այնտեղ այսօր հարսանիք կա, նրանք տեսել են, թե նա ինչպես է մոտոցիկլետի սայլակը նստում։ Ձուկ իրականում նա միշտ ունենում է, ապրում է այն տանը, որի դիմաց «Վոլգան» է կանգնած, բայց առանց նրա ձուկ չեն ծախում։
Բահադուրը հատեց փողոցը եւ ծեծեց երկնագույն երկաթե դարպասը։ Դուրս նայեց մի տասներկուամյա աղջնակ։ Բահադուրը նրան բացատրեց, որ քաղաքից եկել է թառափի։
- Պապան տանը չի,- ասաց աղջնակը,- վաղը կլինի։
- Իսկ ձուկ կա՞։
- Չգիտեմ։
Այդտեղ մոտեցավ մի փոքր ավելի տարիքով աղջիկ, իսկ հետո` երկու կին։ Նրանք բոլորը նույն բանն ասացին. Քյամիլը չկա, իսկ տանը կա՞, թե՞ չկա ձուկ, նրանք չգիտեն։ Վաղը Քյամիլը ամբողջ օրն այստեղ կլինի, եւ նրանք կփոխանցեն Բահադուրի խնդրանքը, որ մինչեւ երեկո մի ութ կիլոյանոց ձուկ պահի…
Քաղաք Բահադուրն ավտոբուսով վերադարձավ։ Շոգն ու փոշին հոգնեցրել էին նրան, բայց նա ուրախ էր, որ ձուկ չկար։ Օղին, կոնյակը, գինին փչացող ապրանք չեն, չեն թափվի, միենույն է պետք կլինի նրանց հետեւից խանութ վազել։ Հավն էլ պետքական բան է։ Իսկ բարձր քաղաքականությունը նրան չի հետաքրքրում։ Անյան ճիշտ է, ավելի լավ է Ռաֆիկին վերարկու առնել, քան թե այդքան փողը քամուն տալ ծննդյան օրվա համար, որը որեւէ մեկին պետք չէ։
Տուն չէր ուզում գնալ։ Բահադուրը հերթ կանգնեց, երեք գավաթ գարեջուր վերցրեց (երբ այն ավելի թարմ է, դեռ կարելի է խմել), ծխախոտի կրպակում երկու բաժին բոված սիսեռ գնեց (ծեր թաթարը տակից էր ծախում) եւ հանգիստ, ոչ մի բանի մասին չմտածելով, խմեց մի գավաթը մյուսի հետեւից` վրայից սիսեռ ուտելով։ Հետո միայն գնաց տուն։
Մայրն արդեն եկել էր աշխատանքից։ Լավ է, գոնե քույրերն այստեղ չեն` մեկը պրակտիկայի է, մյուսը հանգստյան տանն է` տանը խաղաղ է։ Անյան դեռեւս խոհանոցում էր։ Բահադուրն անցավ սենյակ եւ, առանց կեպին հանելու, նստեց աթոռին։
Մայրն արդեն տեղյակ էր ամեն ինչին։
- Հոգնել ես, տղաս,- քնքշորեն ասաց նա եւ բերեց Բահադուրի հողաթափերը։
Մայրը երբեք հարցերով նրան չէր անհանգստացնում։ Ահա հիմա էլ նա շատ կուզենար իմանալ, թե ինչով է ավարտվել ճամփորդությունը Բիլգյա, բայց լռում է` հուսալով, որ նա ինքը կասի։ Մեղք է նա, շատ է ծերացել։
- Ձուկ չկա,- ասաց Բահադուրը։
- Առանց ձկան էլ կարելի է հիանալի յոլա գնալ,- սկսեց նրան հանգստացնել մայրը։ Եթե մի զույգ հավ էլ առնեն, նա հիանալի փլավ կսարքի։ Չամիչով։ Բրինձ, փառք աստծո, խանութներում կա, մսից էլ, բացի խորովածից, կարելի խաղողի կանաչ տերեւներով տոլմա փաթաթել, այնպես որ հյուրերը գոհ կման։
Բահադուրը համարյա ոչինչ չէր լսում այն ամենից, ինչ ասում էր մայրը, բայց նրա ձայնն ինքը հանգստացնում էր նրան։ Իսկ երբ նա երկու բաժակ թեյ խմեց, լարվածությունն ու հոգնածությունը համարյա լքեցին նրան։
- Ես ինչի համար եմ ուզում այս ծննդյան օրը կազմակերպել,- ասաց նա մորը բարձր, որպեսզի կինն էլ խոհանոցում լսի,- որպեսզի մարդիկ վերջապես մարդիկ մեր տուն ընկնեն, տեսնեն, մենք ինչպես ենք ապրում։ Արդեն քանի տարի է, մենք բնակարան ենք ստացել, դեռ ազգականներից բացի մարդ չի եղել մեզ մոտ։ Ամոթ է ընկերներիս առաջ։ Հանդիպում եմ նրանց որեւէ տեղ, հարցնում են։ «Հը, ո՞նց ես ապրում։ Մայրդ ո՞նց է, երեխադ ո՞նց է։ Քո երեխային ախր ոչ մի անգամ չենք տեսել»։ Իսկ ես չգիտեմ, թե ինչ պատասխանեմ… Ռաֆիկն արդեն հինգ տարեկան է, իսկ իմ ընկերները նրան դեռ չեն տեսել։ Բվերի նման ենք ապրում։ Ինչ է, ես չեմ կարող հինգ տարին մի անգամ հյուրասիրություն կազմակերպել։ Որպեսզի այն ընկերներս, որոնց հետ մի բակում եմ մեծացել, գան իմ տուն ու քեֆ անեն, ոնց որ սրտները ուզի։ Բա էլ ինչի՞ ենք ապրում… եթե նույնիսկ այդպիսի բաներ մարդը չի կարող իրեն թույլ տալ։ Էլ ինչի՞ համար եմ էշի պես տքնում։ Ճիշտ չե՞մ ասում, մամա։
- Ճիշտ է, տղաս, ճիշտ է։
- Ես չեմ ուզում ընկերներիցս կտրվել։- Այստեղ Բահադուրն ուշադրություն դարձրեց, որ շատ բարձր է խոսում, համարյա գոռում է, իսկ բակ նայող պատուհանները բաց են, եւ հարեւանները կարող են մտածել, թե իրենց տանը կռիվ է։
- Ոչ մեկը քեզ չի ասում, թե ընհերներիցդ կտրվես,- կամաց ասաց խոհանոցից Անյան,- ես վաղուց էի քեզ հետ համաձայնել, իսկ դու ձայնդ գլուխդ գցեցիր ու հեռացար։
Բահադուրը ոտքի կանգնեց։
- Իսկ ես ինչու՞ ձայնս գլուխս գցեցի,- հարցրեց նա եւ գնաց խոհանոց,- ես երկաթից չեմ։
Ամեն ինչ լավ վերջացավ։ Որոշեցին, որ այսօր երեկոյան կսկսեն հրավիրել հյուրերին, վաղը առավոտ նա կվերցնի միսը, իսկ մնացածն իր գործը չէ` ամեն ինչ կանայք կանեն։ Բայց նա այնուամենայնիվ ասաց, որ եթե ժամանակը հերիք անի, թառափի էլ կգնա։ Եվ խորովածն է ինքն անձամբ անելու` ոչ մեկին չի կարող վստահել։
Հին բակում բոլորը հեռախոս ունեին։ Էլդարն ու Ռամիզը վաղուց ունեին` նախապատերազմյան ժամանակներից, մյուսներին քաշեցին, երբ գործարկեցին АТС-2-ը։ Այդ պատճառով նախքան այնտեղ գնալը Բահադուրը որոշեց զանգել Էլդարի ծնողներին, զգուշացնել, որ պատրաստվում է նրանց այցելել եւ իմանալ մյուս երկու ընկերների համարները, որոնց հետ մի քանի տարի առաջ ծանոթացել է կրկեսում Ֆայիկի, Ռամիզի ու մնացած տղաների միջոցով։ Նա գիտեր, որ տղաները շարունակում են նրանց հետ ընկերություն անել, եւ այդ պատճառով որոշեց նրանց էլ
կանչել, որպեսզի բոլորին հաճելի լիներ։ Մեկը` Օկտայը, աշխատում էր Պետպլանում, մյուսը` Թոֆիկը, հանրախանութի տնօրեն էր։ Երկուսն էլ մի երկու տարով Բահադուրից մեծ էին, երկուսն էլ` ընտանիքավոր, մի քանի անգամ նա տղաների հետ նրանց հյուր էր եղել եւ ուզում էր որեւէ կերպ իր շնորհակալությունը հայտնել նրանց հյուրասիրության համար։ Հարսանիքին նրանց չկարողացավ հրավիրել, նրանք այնքան էլ մոտ ընկերներ չէին, իսկ նոր բնակարանը, թեկուզեւ` երեք սենյականոց, հազիվ բավարարեց երկու կողմի ազգականներին։ Իսկ Ռաֆիկի ծննդյան օրը հենց հարմար առիթ է մարդկանց հանդեպ հարգանք ցուցաբերելու…
Լսափողը վերցրեց մորաքույր Լեյլան` Էլդարի մայրը, ուրախացավ, կշտամբեց Բահադուրին, որ անհետացել է, չի զանգում, չի գալիս։ Բահադուրը նրանից հարցրեց Օկտայի ու Թոֆիկի հեռախոսները եւ ասաց, որ կես ժամից հյուր կգա։ Հարցրեց, տա՞նն է արդյոք հորեղբայր Համիդը, խնդրեց նրան բարեւել եւ զգուշացնել Էլդարին, որ ոչ մի տեղ չգնա, կարեւոր գործ կա…
Շամախինկայում, հենց փողոցում թարմ ձուկ էին ծախում` ահագին մեծ ծածաններ։ Հերթը փոքր էր, իսկ թարմ ձուկ հաճախ չես հանդիպի փողոցում, այդ պատճառով Բահադուրը որոշեց երկու հատ վերցնել, որպեսզի ուտի Էլդարի ծնողների հետ։
Մաքրել ու տապակել նա գիտի, ինչու ծերուկներին թարմ ձուկ չհյուրասիրի։
Հորեղբայր Համիդը պառկել էր բազմոցին եւ, ակնոցը ճակատին քշած, գիրք էր կարդում։
- Ը~,- ուրախացավ նա` տեսնելով Բահադուրին,- փախստականը վերադարձավ հարազատ վայրեր,- ակնոցն իջեցրեց քթին եւ, կռթկռթալով, ոտքի ելավ։ Նա ճողվածք ուներ։
Մորաքույր Լեյլան թուղթ էր բացում։ Նա դադարեցրել էր մազերը ներկել, բոլորովին ճերմակել էր եւ ավելի էր գիրացել։ Պատերին ինչպես որ եղել էին մանր զոլերով պաստառները, այնպես էլ մնացել էին։
- Պետք է պաստառները փոխել,- ասաց Բահադուրը,- անհարմար է նույնիսկ։
- Է~,- ձեռքը թափ տվեց մորաքույր Լեյլան,- ով է դրանով զբաղվելու։ Մեր բանը չեն պաստառները, արդեն ծեր ենք, իսկ Էլդարին ինչքան էլ ասես, անօգուտ է։- Նրա տրամադրությունն անմիջապես փչացավ, երեւի նորից դժգոհ էր Էլդարից եւ, ընդհանրապես, նա բռնկուն կին էր։
- Երջանկությունը պաստառները չեն,- Բահադուրին աչքով արեց հորեղբայր Համիդը։ Նա միշտ զիջում էր մորաքույր Լեյլային, բայց մեկ էլ տեսար իրեն կատակներ էր թույլ տալիս իրեն, որոնք համբերությունից հանում էին նրան։
- Հիմարություններ դուրս մի տուր, խնդրում եմ քեզ,- ասաց մորաքույր Լեյլան,- անցի'ր, Բահադուր, նստի'ր։
- Հորեղբայր Համիդը ճիշտ է ասում,- Բահադուրը թերթի մեջ փաթաթած ձուկը դրեց լուսամուտագոգին,- բայց բոլոր դեպքերում հաճելի է, երբ բնակարանը կարգի է բերած։
Ամեն անգամ, երբ Բահադուրը գալիս էր Էլդարի մոտ, նա նեղսրտում էր, որ սա, լավ հնարավորություններ ունենալով` ի վերջո գիտությունների թեկնածու է, լրիվ բարձիթողի է արել բնակարանը։ Պաստառները պլոկվում են, դուռ-պատուհանը վաղուց չեն ներկվել, բազմոցի ու բազկաթոռների նստելատեղերը պատառոտվել են։ Սրա համեմատ Բահադուրի բնակարանը պալատ էր. ամեն ինչ շողում է, ամեն ինչ ներկած է, վերջերս էլ նորից մի ոչ մեծ վերանորոգում արեց։ Իհարկե, շատ բան էլ տան կնոջից է կախված։ Մորաքույր Լեյլան այնքան էլ բծախնդիր մարդ չէ։
- Ձուկ եմ բերել թարմ,- ասաց Բահադուրը,- Շամախինկայում էին ծախում։
Հորեղբայր Համիդն աշխուժացավ։
- Ապրե'ս,- ձեռքերը շփեց նա,- ես էլ դեպքին հարմար շիշ ունեմ։
- Շնորհակալություն,- ասաց մորաքույր Լեյլան` նա նորից խաղաթղթերին էր անցել,- ձկան չարչարանքը շատ է` մաքրել է պետք։
- Ես կմաքրեմ,- նրան հանգստացրեց Բահադուրը,- միայն թավա տվեք։
- Գնանք,- ասաց հորեղբայր Համիդը,- ես քեզ ամեն ինչը ցույց կտամ` ինչը որտեղ է։
Բայց Բահադուրն ինքն էլ անգիր գիտեր. բնակարանում ոչինչ չէր փոխվել այն ժամանակներից, երբ նա տեղափոխվել էր այստեղից` նույնիսկ կահույքը չէին վերադասավորել։
Մանրահատակը նույնպես վատ վիճակում էր։ Հազվադեպ էին սրբում։ Միջանցքի անկյունին երկար խողովակներ էին հենած։
- Սրանք ինչի՞ համար են,- հարցրեց Բահադուրը, բայց արդեն ինքն էլ հասկացավ, որ վարագույրների ձողեր են։
- Ոչ մի կերպ չենք կարողանում վարպետ գտնենք, որ խփի։
- Ես կանեմ,- ասաց Բահադուրը։
Հորեղբայր Համիդի հետ միասին նրանք մաքրեցին ու սկսեցին տապակել ձուկը։
- Էլդարը զանգեց,- հայտնեց հորեղբայր Համիդը։
Նրանք, յուրաքանչյուրն իր դանակով, կանգնած էին գազօջախի մոտ։
- Երբ,- զարմացավ Բահադուրը եւ նույնիսկ մի փոքր անհանգստացավ։
- Քանի դու մեզ մոտ էիր գալիս։
- Դուք նրան հաղորդեցի՞ք իմ խնդրանքը։
- Ամեն ինչ հաղորդեցի։ Խոստացավ շուտ գալ…
Բահադուրը հանգստացավ։
- Գիտեք ինչ, դուք առայժմ տապակեք առանց ինձ, ես հիմա կվերադառնեմ։
- Ոչ մի տեղ պետք չի գնալ,- իրար խառնվեց հորեղբայր Համիդը,- տանն ամեն ինչ կա։ Օղի էլ, գինի էլ։
- Ես խանութ չեմ գնում,- հանգստացրեց նրան Բահադուրը,- մի րոպեով Ֆայիկի մոտ մտնեմ ու գամ։
- Նրան էլ կանչիր։ Նա սիրում է ձուկ։
Բահադուրը սրբեց ձեռքերն ու բակ իջավ հին փայտե սանդուղքով, որի վրա նրանք մրցումներ էին կազմակերպում փոքր ժամանակ` ով ավելի բարձր աստիճանից կթռչի։
Բակը խճողվել էր կցակառույցներով։ Հարեւաններն ընդլայնվում էին` իրենց համար խոհանոցներ, ցնցուղներ, զուգարաններ, փակ պատշգամբներ էին սարքում։ Իսկ առաջ նույնիսկ վոլեյբոլ կարելի էր խաղալ բակում` այնքան տեղ կար։
Բակում, իհարկե, նստած էին մորաքույր Սոլմազը` Իսմեթի մայրը, մորաքույր Օնյան եւ մորաքույր Լյաթիֆան։ Մարդու լեզուն չի պտտվում նրան մորաքույր կոչել, չնայած նա Բահադուրի մոր տարիքին է։ Ծեր անզավակ բամբասկոտը։ Իրեն ինտելիգենտի տեղ է դնում, չնայած նախկին վաճառողուհի է, վեց ամուսին է ունեցել (թե որ` մենակ ամուսինները լինեի~ն) եւ կես տարի բանտ նստել թերակշռման համար։ Հիմնականում նրա պատճառով Բահադուրը հրաժարվեց Բորիս Լեյբինի վերանորոգումից. հենց պատկերացնում էր Լյաթիֆայի կարեկից մռութը, սիրտը խառնում էր. «Խեղճ Բահադուր, ամբողջ օրը շինարարությունում է մեջք ծռում, իսկ հետո էլ ստիպված է հին ընկերների մոտ փող աշխատել։ Բա ի՞նչ անի։ Ապրել պետք է, չէ՞, երեխա ունի, ընտանիք, երկու քույրը սովորում են։ Բոլորին հագցնել-կապցնել, կերցնել է պետք։ Իսկ հերը ոնց որ անբան եղել է, անբան էլ մնացել է, ասում են, նույնիսկ գերության մեջ գերմանացիները չեն կարողացել ստիպել, որ աշխատի։ Խեղճ Բահադուր, սիրտս ցավում է, որ տեսնում եմ կեղտոտ շորերով։ Այ թե ինչ բան է կյանքը. մեկի բախտը բերում է,- այստեղ Լյաթիֆան շշուկի կանցնի ու հայացք կգցի Բահադուրի ընկերներից նրա դռանը, ում հերթը հասել է այսօր նրա բամբասանքի զոհը դառնալու,- իսկ ուրիշները, թշվառ Բահադուրի նման, պետք է քարից հաց քամեն»… Ոչ, Բահադուրը նրան այդպիսի բավականություն չի պատճառի երբեք։
Ֆայիկը տանն էր, բայց քնած էր։ Իսմեթը դեռ աշխատանքից չէր եկել։ Բահադուրը վերադարձավ. Էլդարի մոտ բարձրանալիս, ճանապարհին նա պատասխանեց հազար ու մի հարցի, որ տվեցին նրան Լյաթիֆան, մորաքույր Օնյան ու մորաքույր Սոլմազը, եւ խոստացավ ամենամոտ ժամանակներս մորը հյուր բերել նրանց։
Էլդարը չէր գալիս։ Նրանք կերան ձուկը, մի շիշ օղի խմեցին (մորաքույր Լեյլան իհարկե չխմեց), հետո Բահադուրը պատի մեջ անցքեր արեց շլյամբուրով, որ ինքն էր տարիներ առաջ նվիրել մորաքույր Լեյլային, վարագույրի ձողերը տեղադրեց եւ խոստացավ հաջորդ կիրակի անցքերը սվաղել։
Էլդարը չկար ու չկար։ Հորեղբայր Համիդը հանգստացնում էր Բահադուրին. հավանաբար չնախատեսված ինչ-որ բան է կատարվել, հակառակ դեպքում Էլդարը վաղուց եկած կլիներ, չէ որ նա շատ ուրախացավ, որ Բահադուրը իրենց մոտ է գալիս… Բահադուրը համաձայնեց նրա հետ։ Իսկ ի՞նչ կարող էր ասել։ Ծիծաղելի կլիներ ծերուկին ապացուցել, որ ընկերներն այդպես չեն վարվում. նա արդեն երեք ժամ սպասում էր, իսկ չէ որ կարող էր այնպիսի գործ լինել, երբ ամեն րոպեն է թանկ. նա չէր ասել, թե ինչի համար էր իրեն պետք Էլդարը, ուղղակի խնդրել էր ասել, որ կարեւոր գործ է, միգուցե նույնիսկ` կենաց-մահու հարց։ Մի ամբողջ տարի նա չէր զանգել Էլդարին։ Մի՞թե տարին մեկ անգամ, եթե ընկերդ դժվար դրության մեջ է ընկել եւ զանգում է քեզ, չի կարելի ժամանակին տուն գալ։ Կամ Ֆայիկը։ Քնած է, պատկերացրեք։ Մի՞թե Բահադուրի մայրը չէր արթնացնի նրան, եթե ընկերներից մեկը հյուր գար։ Իսկ Ֆայիկի մայրը նրան թեյ առաջարկեց, հարցրեց մոր մասին, երեխայի, բայց Ֆայիկին չարթնացրեց։ Այն հյուրը չէ։ Կարող է եւ սպասել…
Հորեղբայր Համիդը շարունակում էր Բահադուրին հավատացնել, որ տղաները բոլորը սիրում են նրան եւ հաճախ են հիշում են նրան, թող նա հոգոցներ չքաշի եւ գլխից դուրս քշի ամեն տեսակի հիմար մտքերը։
Հիմա մի քիչ էլ գինի կխմեն, ու ամեն ինչ կարգին կլինի։ Իսկ Էլդարն ուր-որ է կգա, երեւի մոտիկ է, դարպասին է մոտենում կամ նույնիսկ աստիճաններով բարձրանում։
Ֆայիկն ավելի շուտ զանգեց, քան Էլդարը եկավ։ Հեռախոսին հորեղբայր Համիդը մոտեցավ։
- Հա, նա այստեղ է,- ասաց նա եւ նայեց Բահադուրին,- չէ, դեռ չի եկել… Լավ, կասեմ։ Իսկ գուցե դու՞ բարձրանաս։ Հասկանալի է… Դե, իսկ ընդհանրապես, մեզ մի' մոռացիր, հանդիպի'ր,- Հորեղբայր Համիդը կախեց լսափողն ու տարածեց ձեռքերը։
- Ասաց, որ դու իջնես նրա մոտ։ Ինչ-որ բան է պատահել։ Էլդարը եկավ, կասեմ, որ ներքեւում ես…
- Թող զանգի։
- Անպայման։ Նա կամ կիջնի քեզ մոտ կամ կզանգի։ Խոստանում եմ քեզ։
Հորեղբայր Համիդը եւս մեկ անգամ շնորհավորեց Բահադուրին տղայի ծննդյան օրվա առթիվ, մորաքույր Լեյլան բարեւներ հղեց մորը, եւ, վերջապես հրաժեշտ տալով նրանց, Բահադուրը գնաց Ֆայիկի մոտ։
Սա նստած էր գիշերազգեստով միջանցիկ սենյակում, իսկ նրա դիմաց, աթոռին կոստյումով ու փողկապով նստած էր ինչ-որ բանից վշտացած Իսմեթը։ Ֆայիկի տեսքից ու ձայնից Բահադուրը հասկացավ, որ ինչ-որ լուրջ բան է կատարվել։
- Նստիր,- աթոռը նրա կողմը հրեց Ֆայիկը այն բանից հետո, երբ իրար բարեւեցին։- Այստեղ մի փոքր գործ կա,- նա ցույց տվեց Իսմեթին,- այդ պատճառով չկարողացա բարձրանալ Էլդարի մոտ։
Բահադուրը թեթեւություն զգաց, որ Ֆայիկը երկար չէր զանգում ոչ թե նրա համար, որ քնած էր, այլ, ինչպես երեւում է, լուրջ գործի պատճառով։
- Գործերը ո՞նց են, Բահադուր,- հարցրեց Իսմեթը` գրպանից ծխախոտ հանելով, նա ասաց դա ցածր, զուսպ, այնպես, ինչպես իրար գործերի մասին հարցուփորձ են անում հարազատները կամ ծանոթները` հանդիպելով ինչ-որ մեկի թաղմանը. հարցեր տալով ու դրանց պատասխանելով` նրանք դեմքով ու ձայնով հասկացնում են շուրջը եղած մարդկանց, թե գործերը, որոնցով հետաքրքրվում են, իհարկե, ոչինչ են համեմատած նրա հետ, ինչ պատահել է, եւ նրանք հետաքրքրվում են միայն քաղաքավարությունից։
- Ոչինչ, շնորհակալություն,- պատասխանեց Բահադուրը։ Իսմեթի հարցը նրան վերջնականապես համոզեց, որ կարեւոր խոսակցության է ներկա։
- Դու պետք է եւս մեկ անգամ խոսես նրա հետ,- ասաց Իսմեթին Ֆայիկը` շփելով քնից ուռած դեմքը,- վերջ ի վերջո, ամեն ինչին սահման կա։
- Քրոջս եմ խղճում,- ասաց Իսմեթը։
Խոսակցությունից Բահադուրն աստիճանաբար հասկացավ, որ խոսքն Իսմեթի միջնեկ քրոջ մասին է, որն արդեն երեք տարի է հանդիպում է իր պոլիկլինիկայից մի բժշկի հետ։ Իսկ սա, ինչպես պարզել է Իսմեթը, գյուղում հարսնացու ունի։ Այսօր նա խոսակցություն է ունեցել բժշկի հետ, ժամ ու կես է, ինչ բաժանվել են, եւ դարձյալ նա Իսմեթին ոչ մի որոշակի բան չի ասել։ Այն, որ հարսնացու ունի, հաստատել է, այն, որ սիրում է Իսմեթի քրոջը, նույնպես հաստատել է, իսկ ինչով է այս ամենը վերջանալու, չի կարողացել ասել։ Իսկ աղջիկն արդեն քսանհինգ տարեկան է, նրան պետք է իր բախտը տնօրինել, ինչքան կարելի է ծամել այս մաստակը…
Ֆայիկը վճռական միջոցների կողմն էր («ինչպես միշտ», մտածեց Բահադուրը` հիշելով իր քույր Սոնյայի մասին), իսկ Իսմեթը մեղքում էր քրոջը. գիշերները լաց է լինում. տղային մի քիչ սեղմես, կփախչի, խեղճը կմնա անբախտ։
- Իսկ որ չսեղմես,- ասաց Ֆայիկը,- հետն էլի ման կգա ու կթողնի։ Թե չէ` էլ ինչի՞ է ձգում։ Վաղուց հետը կամուսնանար, եթե չի խորամանկում։
- Բնակարան չունի,- ասաց Իսմեթը,- գյուղացի է, չէ՞, նա, սպասում է, որ բնակարան տան։
- Թող վարձի։ Ուիշները հո վարձում են,- իրենը պնդեց Ֆայիկը,- երեսուն-քառասուն ռուբլով կարելի է կարգին սենյակ վարձել։ Կամ թող կոոպերատիվ գրվի, ծնողները գյուղում այգի ունեն, երեւի, անասուն էլ, միրգ են ծախում։ Հիմա գյուղացիները լիքը փող ունեն։ Քաղաք են գալիս տռզած գրպաններով։
- Նա դրանցից չէ,- ասաց Իսմեթը,- չոր աշխատավարձն է։
- Դե, դու ոնց գիտես,- մահճակալից բարձրացավ Ֆայիկը,- հիմա ամեն ինչ քո վարքից է կախված։ Եթե նա զգա, որ քրոջ թիկունքին ամուր եղբայր է կանգնած, ստիպված կլինի ամուսնանալ…
Խոսակցությունն իսկապես լուրջ էր, շարունակվեց երկար, եւ Բահադուրն, իհարկե, անհարմար զգաց մեջ ընկնել իր ծննդյան օրով։ Պետք էր սպասել, որ խոսքն ինքն իրեն փոխվեր։ Եվ խոսակցությունն արդեն սպառվում էր, երբ եկավ Էլդարը, եւ ամեն ինչ սկսվեց նորից…
Էլդարը եկավ տասնմեկն անց, եւ մինչեւ տասներկուսը խոսեցին միայն Իսմեթի քրոջ մասին։ Վերջապես Իսմեթը գնաց փոխվելու եւ մորն զգուշացնելու, որ վերադարձել է, եւ միայն այդ ժամանակ Էլդարը հարցրեց Բահադուրին, թե ինչ գործով է եկել։ Նա գրկեց Բահադուրին, ներողություն խնդրեց, որ անմիջապես չի եկել, հակառակի պես մի չնախատեսված հանգամանք է բուսնել, բայց, դե, դրանք` հեչ, գլխավորը` ո՞նց է Բահադուրը։ Եվ ու՞ր էր կորել։ Ինչու՞ այսքան երկար չէր երեւում։
Այստեղ Բահադուրը չդիմացավ։
- Լավ,- ասաց նրանց` երկուսին, Էլդարին ու Ֆայիկին,- ենթադրենք, ես երկար չէի երեւում, արդյոք ձեզնից որեւէ մեկը չէ՞ր կարող հետաքրքրվել այդ ամբողջ ժամանակ, թե ու՞ր է Բահադուրը։ Ի՞նչ է եղել նրան։ Ինչու՞ չի գալիս։ Իսկ միգուցե ես մեռե՞լ էի։ Մի՞թե իսկական ընկերներն իրենց այդպես են պահում։ Իսկ եթե ես ընդհանրապես այստեղ չգայի։ Իմ մասին ոչ մեկն էլ մինչեւ վերջ չէ՞ր հիշելու… Գոնե մի անգամ բացե՞լ եք դուռս, որ ասեք. «Բահադուր, այ, մենք որոշել ենք այցի գալ քեզ, տեսնել, թե ինչպես ես ապրում։ Ամուսնացել ես դու, երեխադ ծնվել-մեծացել է, արդեն մեծ տղա է դարձել, իսկ մենք նրան դեռ չենք տեսել»։ Գոնե մի անգամ դա արե՞լ եք։ Իսկ հետո էլ ընկեր են կոչվում։ Ես ախր ինձ անհարմար եմ զգում մերոնց առաջ։ Լավ, ասում են, դու անընդհատ ասում ես` ընկերներս, ընկերներս, իսկ ու՞ր են նրանք` ընկերներդ։ Ինչու՞ նրանք քեզնով չեն հետաքրքրվում։ Եվ ես չգիտեմ, թե նրանց ինչ պատասխանեմ։ Չէ որ ես էլ հպարտություն ունեմ։ Դե, ասեք, ես նրանց ի՞նչ կարող եմ ասել։ Քիչ է մնում գետինը մտնեմ…- Բահադուրն զգաց, որ ձայնը հանկարծ դողաց, եւ լռեց։ Տղաներին նա չէր նայում, չէր կարողանում, աթոռի վրայից մի սիգարետ վերցրեց, վառեց ու ծխեց։
Նրանք սկսեցին արդարանալ. անշուշտ, նա իրավացի է, լավ չէ, որ իրենք մինչեւ հիմա Բահադուրի մոտ չեն եղել, եւ, ընդհանրապես, պետք է ավելի հաճախ հանդիպել, բայց շան կյանք է դարձել իրենց կյանքը, գործեր հա գործեր, նրանք իրար էլ համարյա չեն տեսնում, իբր թե նույն բակում են ապրում։ Բայց դա, իհարկե, արդարացում չէ, ի՞նչ խոսք կարող է լինել այդ մասին։ Անպայման, հենց մոտակա օրերին պետք է բոլորով միասին հավաքվել, հին օրերի հանգի, վերջ ի վերջո, ի՞նչն է կյանքում բարեկամությունից ավելի թանկ։ Հիմար են իրենք, որ դա չեն գնահատում, երբ որ մարդիկ երազում են ընկերներ ունենալ, իսկ դա այնքան էլ հեշտ բան չէ։ Դա երջանկության նման է, որը կա'մ կա, կա'մ չկա, եւ այդ պատճառով պարտադիր է շատ շուտով հավաքվել ու միասին խմել։
- Ամսի տասին տղայիս ծննդյան օրն է,- ասաց Բահադուրը։
- Աստված նրան առողջություն տա,- ասաց Ֆայիկն ու նայեց Էլդարին,- քանի՞ տարեկան է։
- Հինգ։
- Իմ կարծիքով,- ասաց Ֆայիկն Էլդարին,- այստեղ քննարկելու բան չկա, տասին մենք Բահադուրի մոտ ենք։
- Իհարկե, ինչի՞ մասին է խոսքը,- հաճույքով համաձայնեց Էլդարը,- Բայց ի~նչ արագ է թռչում ժամանակը, քո տղան արդեն հինգ տարեկան է… հինգ տարի…
- Պետք է Օկտային ու Թոֆիկին էլ հրավիրել,- ասաց Բահադուրը,- ես այսօր չհասցրի, շուկայով զբաղվեցի, ձեզ սպասեցի…
- Դա ես ինձ վրա եմ վերցնում,- ասաց Ֆայիկը,- Ե'վ Օկտային, ե'ւ Թոֆիկին, ե'ւ մնացած բոլորին,- նա նկատի ուներ Բորիսին,- բոլորը կլինեն։ Դու շուկան արա։
- Ի դեպ, ես կարող եմ օգնել,- առաջարկեց Էլդարը։
- Արդեն ամեն ինչ պատրաստ է,- հավաստիացրեց նրանց Բահադուրը։- Միսը պատվիրել եմ, հավն առել եմ, թառափը վաղն են խոստացել… Դուք ի՞նչ եք կարծում, վեց շիշ օղին ու չորս կոնյակը բավական են։
- Դու, ինչ է, ուզում ես մեզ կործանե՞լ,- ժպտաց Ֆայիկը։
- Դեռ գինի ու շամպայն էլ կլինի,- Բահադուրը նույնպես ժպտաց։- Հնգամյակն ախր հինգ տարին մի անգամ է լինում։
- Այո~, կերկոխ ենք լինելու,- ճիշտ այնպես, ինչպես հայրը, ձեռքերը շփեց Էլդարը։- Ես կարող եմ ծանոթուհուս էլ բերել։
- Իհարկե, ինչ հարց է։ Բերեք, ում ուզում եք։
- Միայն, եսքեզ խնդրում եմ, չմոռանաս, որ ընտանիքավոր մարդու տուն ես գնում,- զգուշացրեց Էլդարին Ֆայիկը։
- Դու ինձ ու՞մ տեղն ես դնում,- ժպտաց Էլդարը։- Չքնաղ, մաքուր աղջիկ է, ռուսական ուղղափառ եկեղեցու երգչախմբում է երգում։
Նա սիրում էր այդպիսի կատակներ, իսկ գուցեեւ ճիշտն էր ասում. նրանից եւ նրա ավագ եղբայր Ռամիզից ամեն ինչ կարելի էր սպասել` սիրում են նրանց կանայք։
Բահադուրը տուն եկավ երկուսն անց։ Կամացուկ հագնվեց ու պառկեց կնոջ կողքը։ Նույնիսկ գիշերն էր տոթ, նա քնած էր միայն փորը սավանով ծածկած։ Քնից չզարթնելով` կինը գրկեց նրան։ Եվ նորից, արդեն որերորդ անգամ, նա բավականությամբ մտածեց, որ առանց շրջազգեստի կինն այնքան էլ փխրուն չէ, ինչպես հագուստով է թվում… Նրա մարմինը պինդ ու լիքն է, ուղղակի նա մանրոսկոր է։ Բայց թե այդ մասին հո որեւէ մեկին չես պատմի, նույնիսկ մայրն է երբեմն ասում, որ հարսը պետք է մի քիչ վրա գա, շատ է բարակ-մարակ։ Մայրը հո չի տեսել նրան հանված։
Խիղճը չի տանում, որ արթնացնի։ Բայց սիրտն ուզում է։ Կնոջ քունը շատ խորն է, Բահադուրը միշտ ավելի շուտ է զարթնում աղմուկից, քան` նա։ Երբ Ռաֆիկը փոքր էր, Բահադուրը գիշերներն ավելի շատ էր նրանով գլուխ դնում, քան` կինը։ Իսկ ընդհանրապես նա երեխայի պես է։ Կան բաներ, որոնցից նույնիսկ Բահադուրն է քաշվում, երբ նրանք միասին են, իսկ նա` ոչ։ Դա նույնիսկ զայրացնում էր նրան, Բահադուրը դա չէր ասում, իհարկե, բայց նրա տրամադրությունը հաճախ փչանում էր այն պատճառով, որ նրանից հանկարծ դուրս է պրծնում մի անամոթություն, որը հարիր չէ ո'չ նրա արտաքինին, ո'չ դաստիարակությանը։ Հետո միայն հասկացավ, որ դա անամոթություն չէ, այլ, ընդհակառակը, մաքրություն է, ինչպիսին երեխայինն է, որը չգիտե` ինչից պետք է ամաչել, ինչից` ոչ։ Եվ նրանից երեխայի հոտ է գալիս։ Կաթի հոտ եւ ինչ-որ խոտի, իսկ միգուցե դա Բահադուրին թվում է. օրվա մեջ այնքան է ներկի հոտ շնչում, որ հետո մտածում է, թե ամեն ինչից կաթի ու դաղձի հոտ է գալիս։ Բայց, այնուամենայիվ, կինը չափից դուրս կրքոտ է, Բահադուրի գործը դժվարանալու է ժամանակի հետ։ Նա ժպտաց եւ զգուշորեն ձեռքը մտցրեց կնոջ տաք ու փափուկ թեւատակը, այնտեղ, ուր գիշերանոց չկար։
Կինը չզարթնեց, եւ նույնիսկ, երբ շնչառությունն արագացել էր, խոժոռվում էր, ինչպես աղջնակ, թեկուզ աչքերը բացվում էին իրենք իրենց (չէ որ երեխայի ճիչն էլ չէր արթնացնում նրան) եւ նեղ ճեղքերի միջով փայլում սեւ ապակիների նման։
Հետո, երբ արթնացավ, երկար չէր հանդարտվում` օգնելով Բահադուրին հաղթահարել քունն ու հոգնածությունը։ Ի վերջո, նա էլ խաղաղվեց։
- Տղաները բոլորը կգան,- արդեն քուն մտնելով` ասաց նրան Բահադուրը,- կխայտառակվենք, եթե վաղը միս չճարեմ։
- Զարթուցիչը լարե՞լ ես։
Նա թափ տվեց գլուխը։ Կինը անցավ նրա վրայով եւ լարեց զարթուցիչը։ Հետո հետ անցավ։ Եվ հիշեց, որ չի լցակարել ամուսնու սեւ կոստյումի տաբատը, որը ոտքերի արանքում լրիվ մաշվել էր, ուղղակի թափանցիկ էր դարձել։ Որոշեց դրանով զբաղվել առավոտ, աշխատանքից առաջ։ Պառկեց մի պահ բաց աչքերով։ Հարցրեց Բահադուրին, շա՞տ փող է մնացել մոտը, բայց նա ոչինչ չպատասխանեց։ Եվ նույնիսկ չլսեց հարցը։ Նա արդեն քնած էր։ Շուտով քնեց նաեւ Անյան…
Հաջորդ օրը ծախսվեց մսի, թառափի (ստիպված էր Բիլգյայում մի քանի ժամ լռվել-մնալ) եւ ամանեղենի վարձույթի վրա։ Ամանեղենի հետ կապված ուժեղ քաշքշուք եղավ։ Անյայի անձնագիրը ժամկետանց դուրս եկավ։ Բահադուրն իրենի հետ Բիլգյայում էր (վերցրել էր, որպեսզի հետդարձի ճանապարհին հանի փողը խնայգրքույկից), Բահադուրի մոր անձնագիրը չհաջողվեց գտնել, չնայած Անյան քրքրեց ամբողջ տունը, հայրը կտրականապես հրաժարվեց իրենը տալ։ Իսկ առանց անձնագրի ամանեղենը դուրս չէին տալիս։ Վարձույթի կետը փակվում էր յոթին, իսկ Բահադուրը չէր վերադառնում Բիլգյայից ու չէր վերադառնում։ Հարկ եղավ հարեւաններից խնդրել։ Եվ, արդեն երրորդ անգամ գնալով, Անյան վերջապես ստացավ քսան մեծ ափսե փլավի ու խորովածի համար, քսան փոքր` ձկան, դանակներ ու պատառաքաղներ։ Գրաֆիններ չկային։
Երեկոյան նրանք կտրտեցին միսն ու ձուկը, բաստուրմա դրեցին սոխով ու նռնով։ Մայրը կանաչին մաքրեց. շատ էին առել` թե' հյուրերն էին սիրում, թե'` տանտերերը։ Արդեն բոլորովին ուշ էր, երբ տեղափոխեցին կահույքը, բազմոցն ու Սիմայի` Բահադուրի քրոջ մահճակալը տարան ննջարան, որպեսզի ճաշասենյակում տեղ բացվի երկրորդ` հարեւաններից բերած սեղանի համար։
Քնելուց առաջ Բահադուրը զանգահարեց Ֆայիկին, ստուգեց, հասցրե՞լ է արդյոք բոլորին տեղեկացնել իր հրավերի մասին։ Ֆայիկը հանգստացրեց նրան եւ ասաց, որ մնացել է միայն Ռամիզը, բայց հաջորդ առավոտ նա միջքաղաքային խոսակցություն է պատվիրել Սումգայիթի հետ, եւ Ռամիզը նույնպես կզգուշացվի։ Ծայրահեղ դեպքում տղաներից մեկը մեքենայով կգնա նրա հետեւից, քառասուն րոպե` այնտեղ, քառասունը` հետ։
Տան խառնաշփոթի պատճառով Ռաֆիկը երկար չեմուչում էր անում քնելուց առաջ, Անյան նույնիսկ անհանգստացավ նույնիսկ, հո չի՞ հիվանդացել` բակում վարակ կար։ Բոլորը հերթով ձեռքերը տղա |