http://www.litlab.org
home about partners terms and conditions
Armenian Azerbaijani English Russian
ԱԴՐԲԵՋԱՆ
ՌԱՇԱԴ ՄՈՒՍԵԻԲ ՕՂԼՈՒ ՄԵՋԻԴՈՎ (ՌԱՇԱԴ ՄԵՋԻԴ)
(1964)

Ծնվել է 1964թ. Ադրբեջանի Աղջաբեդինի շրջանում։

Մինչեւ 1979թ. ապրել է Աղդամ քաղաքում, հետո տեղափոխվել Բաքու։ 1988թ. ավարտել է Բաքվի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1985թ.։ Եղել է «Ելմ վե հայաթ» /»Գիտություն եւ կյանք»/ ամսագրի սրբագրիչը, հետո մինչեւ 1990թ. աշխատել է այդ նույն հրատարակության թղթակից։

1990-1991թթ.. զբաղեցրել է Գեղարվեստական թարգմանության եւ գրական կապերի հարցերով ադրբեջանական կենտրոնի փոխնախագահի պաշտոնը։ 1991-1992թթ.. եղել է «Ադալյաթ» /»Արդարություն»/ թերթի գլխավոր խմբագրի տեղակալը, հետո՝ «Ադրբեջան» թերթի։

1992թ. հիմնադրել է «525-ջի գազետ»-ը /»525-րդ թերթ»/։ 1993թ. ղեկավարել է «Ազերմեթբուաթյայըմը» արտադրական միավորումը /տպագիր արտադրանքի տարածման հարցերով պետական գործակալություն/։ 1994-1995թթ..-ին վերադարձել է Գեղարվեստական թարգմանության եւ գրական կապերի հարցերով կենտրոն, զբաղեցրել է պատասխանատու քարտուղարի պաշտոնը։ 1995թ.-ից «525-րդ թերթի» գլխավոր խմբագիրն է։

1998թ.-ից Ադրբեջանի գրողների միության անդամ է։ Ադրբեջանի ժուռնալիստների միավորման Հ. Զարդաբիի անվան մրցանակի դափնեկիր է։

2004թ. ընտրվել է Ադրբեջանի գրողների միության երիտասարդության հարցերի քարտուղար։

Բաքվի մամուլի ակումբի համահիմնադիրն է, Ադրբեջանի մամուլի խորհրդի անդամ, Թերթերի համաշխարհային ասոցիացիայի /WAN/ եւ Խմբագիրների համաշխարհային ֆորումի /WEF/ անդամ։

Բազմաթիվ գեղարվեստական եւ հրապարակախոսական ստեղծագործությունների հեղինակ է։ Երկու գրքի հեղինակ՝ «Դեռ ժամանակ կա» /1993/, «Սեպտեմբերի 10-ը» /2004/։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10

Դուրս գալով հոսպիտալից՝ նա ուղևորվեց դեպի իր հին «զրո-վեցը»։ Մեքենան գնված էր տասնհինգ տարի առաջ՝ ութսունվեցին, երբ ինքը՝ այն ժամանակ հասարակ ինժեներ, հերթագրվել էր իր գործարանում։ Բացելով դուռը՝ նա նստեց մեքանայի մեջ և նստատեղերի արանքում դրված «տաքսի» ցուցանակը ամրացրեց ավտոմեքենայի տանիքին։

Հոսպիտալում խոսակցություն էր ունեցել վիրաբույժի հետ։ Միջնեկ դստերը վիրահատություն էր անհարժեշտ։ Արդեն շատ բժիշկների դուռ էր ծեծել, և բոլորը խոսքները մեկ արած պնդում էին, թե վիրահատությունը երեք հարյուր դոլարից էժան չի նստի։ Վերջապես մի հին ծանոթ խորհուրդ տվեց նրան խոսել հոսպիտալում աշխատող վիրաբույժի հետ. «Հա'մ լավ բժիշկ է, հա'մ ագահ մարդ չի»։

Եվ իսկապես,  ոնց որ թե բարիշեցին հարյուր հիսուն դոլարի վրա։ Մի հիսուն դոլար էլ՝ օգնականներին։ Հարյուր հիսունն արդեն հավաքել էր՝ մանաթ առ մանաթ, երեխաների վրա խնայելով, այն պահից սկսած, ինչ բժիշկներն ասացին, որ վիրահատությունն անխուսափելի է։ Մնում էր ճարել մնացած հիսուն դոլարը։ Ստիպված կլինի պարտք անել ծանոթներից, որոշեց՝ մի կերպ կհավաքի։ «Ոչուփուչ ժամանակներ։ Ամաչում ես նույնիսկ պարտք ուզել։ Հարուստները սիրտ չունեն, շռայլները՝ փող»։

«Նարիմանով» մետրոյին մոտենալիս մտածեց՝ մտնի տուն, ուրախացնի կնոջը։ Բայց միտքը փոխեց, երբ տեսավ, որ կայանատեղում, ուր սովորաբար  սպասում էր ուղևորներին, ոչ մի մեքենա չկա։ Արդեն յոթ տարուց ավելի էր՝ այս կայանատեղին նրա աշխատավայրն էր դառել։ Այն օրից, ինչ գործարանը, որտեղ աշխատել էր տասնյոթ տարի և այդ տարիների ընթացքում բազմաթիվ շնորհակալություններ ու պատվոգրեր ստացել, օր-օրի խեղճանալով` վերջիվերջո հիմնավորապես փակվեց։ Մի քանի ամիս նա աշխատանք էր փնտրում։

Հետո, սպառելով բոլոր հնարավորությունները, նստեց ղեկին։ Իսլամը՝ հարևանը, խորհուրդ տվեց «զրո-վեցը» տաքսու տակ դնել։ Իսլամը ժամանակին աշխատում էր կուլտառի հայտնի պահեստում։ Նա մեծ կապեր ուներ և չէր զլանում օգնել հարևաններին.  եթե չճարվող ապրանք էր պետք, պահեստից իր գնով էր բերում։ Պահեստի փակվելուց հետո Իսլամը փորձեց բիզնեսով զբաղվել, բայց տակ տվեց։ Մի կերպ պարտքերը փակելով՝ սկսեց վաստակել իր հացը «կառապանությամբ»։

Սկզբում կտրականապես մերժեց Իսլամի առաջարկը, բայց հետո ստիպված էր համաձայնել։ Սկզբնական շրջանում, ճիշտ է, շատ էր ամաչում։ Հատկապես երբ հին ծանոթներ էին պատահում։ Հրաժարվում էր նրանցից փող վերցնել։ Մի անգամ կես ճանապարհին իջեցնելով լկտի ուղևորին՝ նա վերադարձավ տուն, բայց, բախվելով կնոջ ու երեխաների հարցական հայացքին, նորից ղեկին նստեց։ Հետագայում աստիճանաբար ընտելացավ ուղևորներին, կայանատեղում ձեռք բերեց նոր ծանոթներ, նոր գործընկերներ։ Պատահում էին նրանց մեջ թե' քաղխորհրդի նախկին աշխատակիցներ, թե' ինժեներներ, թե' բժիշկներ։

…Մտորումներն ընդհատվեցին մեքենայի լուսամուտի թակոցից։ Արտասահմանցիներ էին՝ մի կարճահասակ չաղլիկ և միջին հասակի, նիհար մի կին։ Ձեռքերին տոպրակների բլուր էր։ «Փլիզ, փլիզ»,- ասաց՝ բացելով հետևի դուռը։

Կինը նշաններով հասկացրեց, որ քշի դեպի կենտրոն։ Անցավ մետրոյի կայարանը, դուրս եկավ Մոսկովյան պողոտա։  Հայացք գցելով դիմային հայելուն՝ տեսավ, որ տղամարդը ջանասիրաբար ինչ-որ բան է ծամում։ «Համա թե սիրում են սրանք բտվել»։ Տղամարդը նորից ձեռքը մտցրեց տոպրակը, հանեց փախլավան և կուլ տվեց՝ համարյա առանց ծամելու։

Կնոջ ցուցման համաձայն քշելով փոքրիկ, միհարկանի տների կողքով՝ նա կանգնեցրեց մեքենան նորակառույց, բարձրահարկ շենքի մոտ։ «Շնորհակալություն»,- ասաց կինը՝ մեկնելով նրան տասը հազար մանաթ արժողությամբ թղթադրամ։ Դուրս եկավ ու բացեց դուռը։ Տղամարդու ծնոտները շարունակում էին համաչափ շարժվել։ Տոպրակները ձեռքից բաց չթողնելով՝ նա դժվարությամբ դուրս եկավ մեքենայից, հետևից դուրս եկավ նաև կինը։ «Սենկյու»,- ասացին նրանք և շարժվեցին դեպի շենքի մուտքը։ Հետո տուն գնաց։

Ապրում էին փոքրիկ տան մեջ։ Մի ժամանակ հայրը ծախել էր անասունի մի մասը, մի կերպ լրացրել յոթ հազարը և գնել այս տնակը՝ որդու ամուսնությունից երկու ամիս անց։ Տունը բաղկացած էր երկու միջանցիկ սենյակից, նեղ խոհանոցից և  փոքրիկ բակից, որտեղ հազիվ տեղավորվում էր մեքանան։ Հետո արդեն իրենք փոքրիկ բաղնիք-զուգարան սարքեցին դարպասին կից։ Գործարանում բնակարանի հերթի էր կանգնած։

Մի անգամ առաջարկեցին մեկսենյականոց, բայց հրաժարվեց։ Երեք երեխայով ո՞նց տեղավորվեին մի սենյակում։ «Մի քիչ էլ կսպասենք, փոխարենը երեքսենյականոց կստանանք»։ Եվ հասավ ուզածին. պետությունը քանդվեց, գործարանը փակվեց, իսկ բնակարանի համար հերթագրվածների ցուցակը ուղարկեցին արխիվ։ Երբ հիշում էր, գլխին էր տալիս. պետք էր գոնե այդ մեկսենյականոցը վերցնել։

Տան մոտ ազդանշան տվեց, և կինը, դուրս գալով, դարպասը բացեց։ Ցերեկը սովորաբար մեքենան բակ չէր մտցնում։ Բայց հիմա ուզում էր ճաշել ու քնել մի քիչ։ Կինը, հարցական հայացքը չհեռացնելով, փակեց դարպասը։

Պատմեց հոսպիտալում վիրաբույժի հետ ունեցած զրույցը, կնոջ դեմքը պայծառացավ։ Խոհանոցում ճաշելուց հետո անցավ խորքի սենյակը, որի փոքրիկ պատուհանը նայում էր հարևանի բակին։ Սովորաբար այնտեղ ամանեղենի չըխկչխկոց, ջրի չռռոց ու երեխաների գոռում-գոչյուն էր կանգնած լինում, որի տակ անհնար էր քնել-հանգստանալ։ Բայց այս անգամ զարմանալիորեն լուռ էր։ Երևի կինը հարևաններին խնդրել էր չաղմկել, և սրանք սսկվել էին՝ իմանալով, որ իր կինը օժտված է հատուկ շնորհով։

Առաջ կինը գործարանի մանկապարտեզում դաստիարակչուհի էր աշխատում։ Այդ ժամանակ, Սովետի օրոք, միայն Լենինի մասին գրքեր կային մանկապարտեզում։ Բայց պետության տապալումից ոչ շատ առաջ ինչ-որ մեկը խոշոր տառատեսակով, կիրիլիցայով տպագրված, կրոնական թեմաներով գրքեր էր բերել Իրանից և մի քանի օրինակ նվիրել մանկապարտեզին։ Երբ գործարանը դադարեց աշխատել, մանկապարտեզն էլ փակեցին, և կինը այդ գրքերից մի երկուսը տուն բերեց։ Ի զարմանս նրա՝ կինը կարողանում էր ժամերով նստել ու կարդալ այդ գրքերը, խոսել Ղուրանի մասին, պատմել Մուհամեդ մարգարեի կյանքից։ Կնոջ դատողություններն այն մասին, թե անհավատների տեղը դժոխքում է, նրա հոգին թրթիռով էին լցնում։ Այդ պահերին, չգիտես ինչու, մտաբերում էր կուստոմսը, որ պահում էր կնոջ` օժիտ բերած սնդուկի մեջ։ Տասներկու տարի կուսակցության անդամ էր եղել, ամեն ամիս աշխատավարձից մի որոշ գումար կտրել էր պարտիական բյուջեի համար։

Իսկ երբ հունվարի 20-ին խորհրդային զորքերը մտան Բաքու և գնդակահարեցին անզեն մարդկանց, ինքն էլ բոլորի պես ուզում էր կուստոմսը շպրտել։ Հետո պարզապես մոռացավ այն։ Նրա կարծիքով մեղավորը պարտիան չէր, այլ` Գորբաչովը։ Եթե միայն գլխավոր քարտուղարը կամենար, հայերը արագ կխաղաղվեին, և կարելի կլիներ խուսափել արյունահեղությունից։

Այդ պատճառով էլ նա կուստոմսը չշպրտեց։ Իսկ հետո, մի գեղեցիկ օր Ելցինը պարտիան օրենքից դուրս հայտատրարեց։ Սակայն այդ ժամանակ էլ նա կուստոմսը չշպրտեց, հույս ուներ, թե կոմունիստները կվերադառնան։ Հավատը չէր գալիս, որ այդ ահռելի երկիրը կարելի է այդպես հեշտ քանդել։ Դրա համար էլ կնոջ հրապուրանքը ժամանակավոր էր համարում։ Սակայն կրոնական գրքերի թիվը գնալով աճում էր։

Կինը տանն արդեն գլխաշոր էր կապում։ Երբեմն հարևանուհիներին էր բռնացնում իրենց մոտ։ Հետո ինչ-որ անծանոթ կանայք էլ երևացին։ Մի անգամ կինը վերջապես ամեն բան խոստովանեց։ Պատմեց, որ իրեն երազ է եկել լուսաշող դեմքով մի ծերուկ՝ ճերմակ էմամա հագին, շողշողուն, ոսկե գավաթով խմելու բան է տվել իրեն, իսկ առավոտյան, այդ ամենից հետո ինքը իր մեջ անսովոր կարողություններ է զգացել։

Կնոջ այդ տարօրինակ կերպափոխումը բացատրում էր փողի պակասով ու աղքատությամբ։ Սկզբում ջղայնանում էր վրան, պատվիրում չխառնվել ուրիշների կյանքին և տուն կողմնակի մարդիկ չբերել։

Մի անգամ Իսլամը նրան չայխանա հրավիրեց։ Ուխտագնացություն կատարելով Մեշխեդ՝ Իսլամը թողել էր խմելը, ավելի պատկառելի ու ծանրակշիռ դառել։ Մզկիթ էր հաճախում, կարճ մորուք էր թողել։ Հին զվարճասեր ու քեֆչի Իսլամից հետք անգամ չէր մնացել։ Իսլամը եռանդով հավատացնում էր, որ այդպիսի շնորհն ամեն մեկի չի տրվում, որ Ալլահը պարգևատրում է դրանով իր ծառաներից միայն ամենամաքուրներին, ամենաարժանավորներին. «Դա էլ է բարիք, որ նա օգնում է հարևաններին, ծանոթներին, նրանց հույս նվիրում»։ Իսլամը իրեն էլ էր փորձում ճշմարիտ ուղու բերել. «Թող խմելը, մեկնիր ուխտագնացության, շպրտիր կուսակցական տոմսդ։ Աստվածանարգ իրը տանը մի պահիր»։

Սակայն որքան էլ ջանաց Իսլամը, նրան համոզել չկարողացավ։ Համ էլ որոշ ժամանակ անց ինքն էլ հասկացավ, որ իր կինն իսկապես էլ արտառոց ունակություններով է օժտված։ Մի օր առավոտյան նա պատմեց, որ երազում իրենց միջնեկ աղջիկը հիվանդացել էր, իսկ երկու շաբաթ անց աղջկան իսկապես էլ ստիպված եղան բժշկի տանել։

Երեխան օրեցօր նիհարում էր, կորցնում ախորժակը։ Բժիշկները պարզեցին, որ աղջկա մի երիկամը չի գործում և շուտափույթ վիրահատություն է անհրաժեշտ։ Նույնը հաստատեցին ևս երկու բժիշկ։ Այդ օրից հավատաց, որ իր կինը գերբնական ունակություններ ունի և նույնիսկ սկսեց թեթևակի վախենալ նրանից։

…Արթնացրեց կինը, որ ինչ-որ բան էր փնտրում պատի պահարանում, դարակի վրա։

- Համա թե քնկոտն ես։

Արդեն հինգին մոտ էր։ Բակում դեմքին ջուր շփեց և վերադարձավ սենյակ։ Սեղանին արդեն մի բաժակ թեյ էր դրված, կողքին՝ փոքրիկ, դեղին, կանացի պայուսակ։

- Էս ի՞նչ է։

- Աղջիկներն են գտել մեքենայում։

- Բացե՞լ եք։

- Հա, նրանք բացեցին, իսկ ես պատվիրեցի փակել ու դրեցի այստեղ։

Բացեց պայուսակն ու տնտղեց պարունակությունը։ Կինը կողքին կանգնած հետևում էր գործողություններին։ Աղջիկները կուչ էին եկել դռան մոտ ու ծիկրակում էին միմյանց թիկունքից։ Նա նայեց միջնեկ աղջկան և ժպտաց։ Սանր, կրեդիտ-քարտ… Տասնյոթ հատ թարմ, հարյուրդոլարանոց թղթադրամներ՝ պնդիչով ամրացված։ Երկու հատ հիսուն հազարմանաթանոց թղթադրամ, մի քանի հատ տասը հազարանոց ու հազարանոցներ։

Իսկույն հիշեց չաղլիկ ամերիկացու անդադար շարժվող ծնոտը։

- Էսօր ամերիկացիների եմ տարել։ Երևի նրանք են թողել։ Գիտեմ՝ որտեղ են ապրում։

Աղջիկները հեռացան դռան մոտից։

- Թեյը սառավ։ Տանեմ, նորը բերեմ,- ասաց կինը՝ բաժակը տանելով։

«Space»-ով հինգժամանոց նորություններն էին հաղորդում։ Սկսեցին Բաքու ժամանած ղարաբաղյան հայերի մասին թողարկմամբ։ Վաղը՝ սեպտեմբերի 11-ին, նրանք պետք է տուն վերադառնային։ Ղարաբաղի ազատագրմամբ զբաղվող կազմակերպությունը պիկետ էր անում ի նշան բողոքի նրանց գալստյան դեմ, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, որ նախկինում նրանց հետ հանդիպելու համաձայնություն էին տվել, հիմա այդ հանդիպումից հրաժարվել էին։

Թեյը խմեց-վերջացրեց և պայուսակը վերցնելով դուրս եկավ տնից։ Բացեց դարպասը, նստեց մեքենան։ Բակից հանելուց հետո կրկին դուրս եկավ մեքենայից դարպասը փակելու համար։ Կինը բակում կանգնած էր։ Դարպասի մի փեղկը փակելով՝ այնպես, որ ամուսնուն լսելի լինի, քթի տակ կամացուկ ասաց. «Չեմ կարծում, թե շռայլ մարդիկ լինեն»։ Սառնությամբ արտասանված այդ բառերը, թվաց՝ սրտի մեջ ծորալով, ցուրտ փչեցին։ Կարծես միայն հիմա հայտնաբերեց սրտում մինչ այդ տիրող  ջերմության աղբյուրը։ Ինչ-որ տեղ, խորքում թաքուն հույս կար, որ ոչ թե չաղլիկը, այլ ավելի շուտ նրա կինը, տեսնելով իրեն, կուրախանա, այդ տասնյոթ հատ հարյուրանոցների տրցակից կհանի գոնե մեկ հատ թղթադրամ, կտա իրեն, և ինքը հենց վաղը կգնա վիրաբույժի մոտ ու կվճարի նրան։ Իսկ կնոջ խոսքերը հոգուց վռնդեցին այդ ջերմությունը, փոխարենը բութ ցավ համակեց ուղեղին։

Նա քշեց մետրոյի մոտ։ Կայանատեղում ընդամենը երեք մեքենա կար։ Ուղևոր սպասելիս վարորդները սովորաբար դռները բաց էին պահում, որպեսզի  ներսը շատ չշոգանա, իսկ իրենք նստում էին ծառի ստվերում։ Ակիֆն ու Դոկտորը, նրան տեսնելով, իսկույն ոտքի ելան։

- Երկու ամերիկացի էին եկել,- ասաց Ակիֆը,- ոնց որ քեզ էին փնտրում, հրես, այցեքարտ էլ են թողել։ Հետներն էլ թարգմանիչ կար։ Ասին, որ էստեղ կարմիր «ժիգուլի» են նստել և մեքենայում ոնց որ թե կանացի պայուսակ են թողել, վարորդն էլ, ասին, միջահասակ ու բեղավոր էր։ Մենք միանգամից քեզ հիշեցինք։  Հը, պայուսակում մի բան կա՞ր։

Չէր հասցրել պատասխանել, Դոկտորը ընդհատեց.

- Եթե բան չլիներ, էդ տեսակ մարդը էստեղ չէր վերադառնա։ Ամերիկացիներն ամեն տեսակ մանր-մունր բաների համար իրենց նեղություն չեն տալիս։ Պայուսակում գոնե մի հազար դոլար պիտի որ լինի։ Ու քեզ, ոնց էլ չլինի, մի հարյուր կտան։ Էնպես որ, ժլատություն չանես, պատիվ ես տալու։

- Պայուսակը մեքենայի մեջ է, հենց հիմա տանեմ, տամ։ Մեջը հազարից ավել կա։

Ակիֆը մեկնեց այցեքարտը։

- Գիտեմ, հա, հասցեն,-  քրթմնջաց, բայց այցեքարտը վերցրեց։ Անգլերեն էր։ «Ջիմ» բառը էլի կարող էր վերծանել, բայց ազգանվանը ուժը չպատեց։ Այցեքարտի հետևում նույնիսկ գծագիր կար, սլաքը ցույց էր տալիս շենքի տասնմեկերորդ հարկը, որտեղ նրանք ապրում էին։

- Չմոռանաս, քեզնից բաժին ունենք։

Գիտեր, որ հենց այնպես պոկ եկողը չեն.

- Անհոգ եղեք, եթե հարյուր տան, հյուրասիրում եմ։

Նստեց մեքենան և քշեց Բաքխորհրդի կողմ։ Շրջանցելով մեկհարկանի տնակները՝ կայանեց արդեն ծանոթ պարսպապատ շենքի մոտ։ Դարպասների մոտ ցույց տվեց այցեքարտը։ Պահակը՝ սև համազգեստով բարձրահասակ տղան, նայեց այցեքարտին ու մտավ իր սենյակը։ Այնտեղ ինչ-որ մեկի հետ հեռախոսով խոսեց, վերադարձավ և ասաց.

- Վերելակով բարձրացիր տասնմեկերորդ հարկ։ Քեզ սպասում են։

Պայուսակը վերցրեց մեքենայի միջից ու բարձրացավ։

Նախասենյակի դռներից մեկը կիսաբաց էր։ Դռան հետևից ձայներ էին հասնում։ Թեթևակի հրեց այն։ Քիչ առաջվա չաղլիկը նրան տեսնելով բացականչեց՝ «փլիզ», «փլիզ», և շոյելով գրկի խուճուճիկ շանը՝  ինչ-որ տեղ անհետացավ։ Լռություն տիրեց։ Մի քանի րոպեից նույն դռնից, որով գնացել էր չաղլիկը, ներս մտավ այն նույն կինը։ Պայուսակը մեկնեց նրան։ Կինը վերցրեց պայուսակը, բացեց այն, հանեց դոլարներն ու հաշվեց։

- Փրավիլնո,- ասաց նա հետո և, մատնացույց անելով նոր թղթադրամենրը, ավելացրեց,- Ջիմ պակուպատ սաբակա։

Հետո, փողերը պայուսակում պահելով, ձեռքը մեկնեց նրան.

- Սպասիբոո, օտշեն բլագոդարնա։

Չաղլիկը նորից հայտնվեց, շանը շոյելով ժպտաց նրան ու մտավ մյուս սենյակ։ Ծնոտներն անդադար շարժվում էին։

Ներսում ամեն բան համրացավ։ Բաց թողեց կնոջ չորուկ ձեռքը և դուրս եկավ բնակարանից։ Սեղմեց վերելակի կոճակը։ Աչքերի առջև հայտնվեց սկզբում կնոջ դեմքը, ապա՝ միջնեկ դստեր։ Հետո հիշեց ծանոթ վարորդներին՝ ծառի տակ զրուցող։ Չպիտի խոստովաներ։ Վերջիվերջո, ո՞վ կարող էր ապացուցել, որ պայուսակը մեքենայում են մոռացել։ Վատ զգաց իրեն այդ նոր միայն ծագած մտքից։

Վերելակի դռները բացվեցին, այնտեղից ինչ-որ շուն դուրս թռավ ու, մի երկու անգամ հաչալով, սկսեց հոտոտել ոտքերը։ Ցնցվեց մի պահ։

- Մի վախեցիր,- քմծիծաղով ասաց տղան, որ բռնել էր շան վզափոկը։

Անմիջապես ելքի մոտ «ջիփ» էր կանգնած, և նա դժվարությամբ խցկվեց «ջիփի» ու դարպասի արանքը։ Նստեց մեքենան ու քշեց դեպի կենտրոն։

«Դրանցից ոչ մի օգուտ չունենք»։ Վերջին տարիներին հաճախ քաղաքական վիճաբանությունների մեջ էր մտնում և միշտ սովետական իշխանությունն էր պաշտպանում՝ ռուսներին։ Նա կաշվից դուրս էր գալիս՝ ապացուցելով, օրինակներ բերելով, որ ամերիկացիներին միայն մեր նավթն է պետք, և նրանք միայն իրենց օգուտի մասին են մտածում։ Ու հիմա առաջին ամերիկացիները, որ հանդիպել էին իր կյանքում,  միայն ապացուցեցին սեփական ճշմարտացիությունը։

Հանկարծ ցանկացավ տեսնել ընկերներին, կիսվել հետները, թեթևացնել սիրտը։ Շուռ եկավ դեպի մետրո։ Ակիֆն ու Դոկտորը առաջվա պես նստած էին ծառի տակ։

Տեսնելով նրան՝ զվարթ վեր թռան։

- Ամեն ինչ կարգի՞ն է,- հարցրեց Ակիֆը,- մի բան տվի՞ն։

- Հա,- պատասխանեց,- հարյուր։

- Ուրեմն գնանք, ուրախանանք,- առաջարկեց Դոկտորը։

- Հիմա, մեքենան կանգնեցնեմ ու գնանք։

- Երևում է, խմելու հավես ունես,- նկատեց Ակիֆը։

Մեքենան դարպասի մոտ կանգնեցրեց։ Բակ մտնել չցանկացավ։

- Հը՞,- հարցրեց կինը։

- Ամեն ինչ քո ասածով դուրս եկավ։

Կոշիկները հանելով՝ անցավ ննջասենյակ։ Պահարանի վերևի դարակից վերցրեց լրագրի մեջ փաթաթած փողերը,  հաշվեց տասը հատ տասը հազարական թղթադրամ և դրեց գրպանը։ Մնացած փողերը տեղը դրեց։

Երբ նորից հագնում էր կոշիկները, կինը հարցրեց.

- Դարձյալ գնո՞ւմ ես։

- Ես երևի ուշ կգամ։ Պիտի պատիվ տամ տղերքին։

Կնոջ դեմքից երևում էր, որ գոհ չի։ Ակիֆն արդեն դռան մոտ էր։ Նրա մեքենան էլ նստեցին։

- Բա դու մեքենադ չե՞ս թողնում։

- Չէ, չեմ խմելու, Դոկտորի հետ կխմեք։

Նրանք գնացին ոչ մեծ մի սրճարան, ուր հաճախ էին այցելում։ Փողոցի սեղաններն ազատ էին։ Նստեցին, խորոված պատվիրեցին։ Տասը րոպեից եկավ նաև Դոկտորը։ Ժամանակին նա բժշկական համալսարանն էր ավարտել, մի քանի տարի աշխատել էր, բայց տեսնելով, որ ոչինչ չի վաստակում, բիզնեսի մեջ էր մտել, մեկ-երկու անգամ արտասահման էր թռել,  ապրանք բերել, հետո Իսլամի պես տակ էր տվել ու որոշել էր մեքենայով յոլա գնալ։

Իսկ Ակիֆը սովորել էր պատմության բաժնում, համալսարանի ծաղկման տարիներին, մի քանի տարի աշխատել էր Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտում։ Խորհրդային Միության փլուզման ժամանակ նա պատրաստվում էր դիսերտացիա պաշտպանել։ Հետո գիտության մասին հարկ եղավ մոռանալ, և ահա արդեն հինգ տարի էր, ինչ իր հացը «կառապանությամբ» էր վաստակում։

Առաջին բաժակով իր կենացը խմեցին, իր ընտանիքի, հիվանդ դստեր։ Հաջորդը չխմողի՝ Ակիֆի կենացն էր, հետո՝ Դոկտորի։ Մի քիչ օղի էր մնացել շշի տակ։ Ցանկացավ կենաց ասել.

-Ես ուզում եմ խմել մեր առողջության համար, մեր ժողովրդի առողջության համար։ Ես միշտ ասել եմ, որ Ամերիկայից ոչ մի օգուտ չենք ունենալու։ Եվ էսօր ես մի անգամ էլ դրանում համոզվեցի։ Ցանկացած ուրիշը վերադարձված հազար յոթ հարյուր դոլարի դիմաց կնվիրեր գոնե մի հարյուրը։ Իսկ դրանք մի շիրվան էլ չտվեցին։ Ու դեռ իրենց էլ էնպես էին պահում, ոնց որ մի բան էլ դեռ ես էի պարտք։ Ռուսն էլ կտար, գերմանացին էլ,-  նա լռեց, մատներով տրորեց քունքը,- հայն էլ կտար, իսկ այ ամերիկացին չտվեց։

Դոկտորն ու Ակիֆը ապշած իրար նայեցին, հետո նայեցին սեղանի վրա դրված սառչող խորովածին։ Իսկ նա շարունակում էր խոսել.

- Ընկերներս, մի մեղադրեք ինձ։ Ես հյուրասիրում եմ ձեզ, որովհետև խոստումս պիտի կատարեմ։ Ալլահը կօգնի, ես փող կճարեմ աղջկաս վիրահատության համար։ Երբեմն ես ասում էի ինձ՝ ախր կյանքում ոչ մի ամերիկացու չես հանդիպել, ի՞նչ ես հա վատաբանում դրանց։ Իսկ էսօր տեսա ու հասկացա, որ ճիշտ էի։ Նրանք քանդեցին էն հիանալի երկիրը, թշնամացրին մեզ իրար հետ, վերածեցին գործազուրկների, ստիպեցին սպասարկել իրենց։ Գալիս են, տանում են մեր նավթը, իսկ մեզ մարդու տեղ էլ չեն դնում։ Գոնե Ղարաբաղը վերադարձնեին։ Մալայ, մեզ էլի արաղ բեր։

Ակիֆը անհանգիստ շարժում արեց, փորձեց բան ասել։

- Թարգի,  թող էսօր մի կուշտ խմենք։

… Սրճարանից դուրս եկան գիշերվա մեկին։ Ակիֆը սկզբում պիտի իրեն տուն հասցներ, հետո Դոկտորին։ Մեքենան կանգ առավ իր դարպասի մոտ։ Նա դեռ շարունակում էր խոսել ու անիծել ամերիկացիներին։ Ակիֆին հաջողվեց մի կերպ դուրս բերել նրան մեքենայից։

- Արի մեքենադ բակ մտցնեմ,- առաջարկեց Ակիֆը։ Ըմբոստացավ։ Գրպաններում փնտրեց մեքենայի բանալին, բայց չգտավ։ Տուն մտավ։ Կինը, աղմուկից արթնացած, բակ դուրս եկավ։

- Ես մեք-քենան չեմ քաշելու։ Թո-ող մնա փող-ղոցում,- կմկմալով արտաբերեց։

Կինը ուզում էր առարկել, փողոցում մեքենային ինչ ասես կարող է պատահել։ Վերջին շրջանում գողերը տարածված են, մեքենայից դիմային ապակին են հանում, անվադողերը։ Բայց տեսնելով, որ սենյակ մտնելուն պես ընկել է անկողնուն ու փռվել առանց շորերը հանելու, միայն ասաց.

- Մի անհանգստացիր, ամեն ինչ լավ կլինի։

Բայց արդեն քնած էր։

Առավոտյան արթնացավ բութ գլխացավով։ Կինը նստած էր մահճակալին, իր կողքը.

- Սարսափելի երազ եմ տեսել։ Ահռելի շենքեր էին վառվում։

- Մեքենային նայե՞լ ես։

- Նայել եմ։ Ամեն ինչ կարգին է։

- Աղջի՞կը  ոնց է։

- Լավ։ Ինչ-որ բան է տեղի ունենալու։ Ես շատ եմ վախենում։ Մի խմիր, Ալլահի սիրուն, թարգիր էդ աղբը։

- Կթարգեմ, խոսք եմ տալիս։  Հա, վեր կկենամ ու մզկիթ կգնամ, ուխտ կանեմ,- ասաց ու վերմակը քաշեց գլխին։

2003թ.

Էջի սկիզբը

Գրական փորձագիտարան - Գրողներն ընդդեմ բախումների նախագիծը կոչված է հաղթահարելու հակամարտող ժողովուրդների միջեւ առկա ատելությունը։ Դա չի նշանակում, թե կայքի ստեղծագործություններն արտացոլում են բուն ռազմական եւ քաղաքական հակամարտությունը, որն ատելության աղբյուրն է: Ավելին. կայքը չունի գաղափարական կամ բովանդակային որեւէ սահմանափակում: «Ադրբեջանցիները (հայերը) լավ գրականություն ունեն». ընթեցողների այսպիսի արձագանքը գլխավոր արդյունքն է, որին կարող է ձգտել կայքը: Քանի որ այն կարող է ժողովուրդների մեջ իրար հանդեպ փոխադարձ հարգանք ներշնչել, որը բախումները կարգավորելու լավագույն հիմքն է: Բացի այդ, գեղարվեստական գրականությունը, հատկապես` արձակը, ի հայտ է բերում այն ընդհանրությունները, որ կան հարեւան երկրների ներկայացուցիչների վարքի ու մտածողության մեջ, որը նույնպես կնպաստի կեղծ կարծրատիպերի և օտարացման հաղթահարմանը։

Հեղինակներին ընտրելիս կայքի գրական համակարգողները ջանացել են ընդգրկել ավագից մինչեւ երիտասարդ սերունդները, ավանդապաշտներին եւ նորարարներին:

home about partners terms and conditions
Forum