http://www.litlab.org
home about partners terms and conditions
Armenian Azerbaijani English Russian
ԱԴՐԲԵՋԱՆ
ՆԱՐԻՄԱՆ ԱԲԴՈՒՐԱՀՄԱՆԼԻ
(1958)

Ծնվել է Վրաստանում։ Բաքվի Պետական Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է տարբեր ոլորտներում, որպես՝ բանվոր, սպորտային մեթոդիստ, լրագրող, արխիվային աշխատող, սցենարիստ–խմբագիր նախ՝ հեռուստատեսությունում, այնուհետև կինոստուդիայում, ամսագրի պատասխանատու քարտուղար, Այժմ զբաղվում է ֆիլմարտադրությամբ։

Գրել սկսել է դեռևս ուսանողական տարիներից, սակայն գրականություն մուտք գործեց 40 տարեկան հասակում։ Մինչ այդ հանդես էր գալիս հրապարակախոսական հոդվածներով, գրել է մեկ գեղարվեստական, 10 վավերագրական և մոտ 40 հեռուստաֆիլմերի սցենարներ, կատարել է համաշխարհային գրականության նմուշօրինակների թարգմանություններ ադրբեջաներեն։

Նրա առաջին գիրքը («Քամի քշողը») լույս տեսավ 2004թ.։ Այս ժողովածուի մեջ ընդգրկված պատմվածքները՝ «Երկնային մարդը» և «Բախտի կերպարանափոխումները», իրենց յուրահատուկ ոճով, լեզվական առանձնահատկություններով և կերպարներով գրավեցին ընթերցողների ուշադրությունը։ Նարիման Աբդուրահմանլիի «Միայնակ» վեպը, որը հրապարակվել է 2006թ., գրված է մենախոսության ոճով և գնահատվել է որպես տարվա գրական իրադարձություն։

2007թ. լույս տեսավ նրա հերթական վեպը՝ «Ոգու սուրհանդակը, կամ Խուան դե Պերիս – Օրուջ բեկ Բայաթի պատմությունը»։ Այս ստեղծագործությունը պատմում է բանաստեղծ և նկարիչ Օրուջ բեկ Բայաթի ճակատագրի մասին, որը հանդիսացել է Սեֆևյան տիրակալ Շահ Աբաս Առաջինի (1599թ.) Եվրոպական երկրների դեսպանատան առաջին քարտուղարը, Վիլյադոլիդում 1604թ. լույս տեսած գրքի հեղինակը և Միգել դե Սերվանտեսի ընկերը։

Նարիման Աբդուրահմանլիի շնորհիվ ադրբեջանցի ընթերցողը ծանոթացել է Ֆ. Դոստոեվսկու «Խաղամոլ», Ա. Պլատոնովի «Ջան», Օ. Չիլաձեի «,...Եվ նա, ով հանդիպեց ինձ հետ.», Օ. Փամուկի «Ինձ անվանում են Կարմիր», Ս. Ռուշդիի «Ամոթ», Պ. Կոսլյոի «Պատերազմների և լույսի գիրք», Կ. Մարույամայի «Լուսնի լացը» վեպերի, ինչպես նաև այլ հեղինակների ավելի քան 30 պատմվածքների և նովելների հետ։

ն համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։

ԱՆՀՈՒՍՈՒԹՅՈՒՆ

Պե՛տք չէր նրա մոտ գնալ, պե՛տք չէր, պե՛տք չէր…

Բայց եթե մի բան արդեն արել ես, եթե եղել-անցել է՝ ինչպես Ընկերդ է ասում, ի՞նչ օգուտ դողացող շրթունքներով դա անընդհատ, թութակի նման կրկնելուց, ինչո՞ւ ինքդ քեզ տանջես։ Այդ մասին պետք էր մտածել առավոտյան, երբ ձեռքդ ձգվեց դեպի հեռախոսը, իսկ չգիտես ինչու փայտացած մատդ սկսեց հավաքել ծանոթ համարը, վերջապես՝ սպասելով երկու-երեք զանգի, կարող էիր ինքդ քեզ բացատրել, թե նա տեղում չէ, նույնիսկ խոսափողի մեջ լսելով Ընկերոջդ զվարթ, կուշտ, պատկառելի ձայնը՝ կարող էիր լռել ու դնել խոսափողը կամ էլ ասել, թե պարզապես զանգել ես իմանալու ինչ կա-չկա եւ, հարցուփորձ անելով ընդհանուր ծանոթների մասին՝ հրաժեշտ տալ. սակայն լսելով Ընկերոջ ձայնը՝ անմիջապես կորցրիր վստահությանդ փշուրները՝ ցրված ու մշուշոտ պատասխանելով նրա հարցերին, մտմտալով, թե ինչպես ասես։ Եվ բավական էր, որ նա հրաժեշտից առաջ, ըստ սովորության, հարցներ. «Կարո՞ղ եմ քեզ ինչ-որ բանով օգնել։ Գուցե ինչ-որ բա՞ն է պետք»,- դու կարմրելով, քրտնելով, նույն սենյակում քեզ հետ նստած աշխատակիցներից խուսափուկ, ներսումդ՝ փշրվող ափսեի նման մանր կտորների վերածվելով, պատասխանեցիր. «Դե, բան չկա, մանր-մունր դժվարություններ…»։ Եվ նույնիսկ այդ ժամանակ ուշ չէր, կարելի էր հրաժարավել հանդիպումից։ Իսկ ի՞նչ արեցիր դու՝ երբ Ընկերդ ասաց. «Դե լավ, դու էլ, ամեն ինչ լավ կլինի, արի, սպասում եմ»։ Դու չկարողացար հրաժարվել, ինչպես հրամանին ենթարկվողը, դու պարզապես դրեցիր խոսափողը, եւ ոտքերդ քարշ տալով, դուրս եկար միջանցք, դեմքիցդ ու վզիցդ մաքրեցիր քրտինքը, ծխախոտ վառեցիր ու ծուխը խոր ներս քաշեցիր։

Թեպետ տանջվում էիր, պատրաստ էիր ամոթից գետնի տակն անցնել, սակայն մտքովդ էլ չանցավ չգնալ նրա մոտ։ Թե՞ ամբողջովին կորցրել էիր մտածելու ընդունակությունը… Թքած ամեն ինչի վրա, սակայն կարելի էր ետ դառնալ նաեւ կանգառից, նաեւ՝ կես ճանապարհից, նաեւ նրա վարչության ընդունարանից։ Սակայն երբ դու, չնայած այդ անիծյալ անձրեւին, ոտքով կտրեցիր համարյա ամբողջ քաղաքը եւ բացեցիր նրա աշխատասենյակի դուռը, ողջունեցիր հրեշտականման քարտուղարուհուն, ահա այդ ժամանակ արդեն ուշ էր։ Աղջիկը գեղեցիկ էր, սենյակի ինտերիերին սազական։ Նա ժպտաց սովոր ժպիտով եւ անուշիկ հարցրեց. «Ինչպե՞ս եք։ Հանեք, խնդրեմ, թիկնոցը եւ սպասեք, նա զբաղված է»։ Թիկնոցը, որից ջուր էր կաթկթում, դու կախեցիր կախիչից եւ ընկողմանելով փափուկ բազկաթոռի մեջ, հայացքդ հառեցիր դռանը, ասես Ընկերդ կարող էր հեռանալ՝ առանց քեզ տեսնելու։

Դու բավականին երկար նստեցիր։ Դրսում անձրեւը չէր դադարում, իսկ հրեշտականման աղջիկը շշուկով խոսում էր հեռախոսով, եւ այն, որ նա կարմրելով մեղմիկ ծիծաղում էր՝ հայացքը հեռուստացույցի էկրանին համբուրվողներին, սենյակում ինտիմ մթնոլորտ էր ստեղծում։ Միայն սպասելուց հոգնելուց հետո դու մտածեցիր հեռանալ, սակայն անմիջապես էլ որոշեցիր, որ դա լավ չէ՝ բանը բանից անցել է, Ընկերոջդ դա կարող է դուր չգալ։

Փափուկ կաշվով երեսպատված դռնից այն կողմ աղմուկ լսվեց, դուռը բացվեց, սկզբում երեւաց երիտասարդ մի կին՝ դեմքի ինքնագոհ արտահայտությամբ, իսկ նրա հետեւից՝ կոկիկ ու ծանրախոհ Ընկերդ։

Նա այնքան էր տարված կնոջով, որ չնկատեց քեզ՝ իրենից երկու-երեք քայլի վրա ընկողմանած բազկաթոռի մեջ։ Այն մի քանի ամսվա ընթացքում, որ դուք չէիք հանդիպել, նա նկատելիորեն լցվել էր, երեւան էր եկել երկրորդ կզակը, պերճաշուք հագուստի տակից ցցվել էր փորը, կլոր երեսի վրա աչքերն ավելի փոքր էին թվում։ Քնքշորեն ժպտալով՝ նա ասաց կնոջը. «Զանգիր, մեզ մի մոռացիր»,- եւ երբ ճանապարհեց նրան եւ շրջվեց որպեսզի ինչ-որ բան հանձնարարի քարտուղարուհուն՝ նրա հայացքը հանկարծ ընկավ քո թաց թիկնոցին։ Այդ պահին դու քեզ այնքան խղճուկ ու կորսված զգացիր, կարծես դուք երկար տարիների ընկերներ չէիք եղել, իրար հետ չէիք կիսել հացն ու ծխախոտը, կարծես դու ընդունելության էիր եկել բոլորովին օտար մարդու մոտ։

Դու զգացիր, թե ինչպես ներսումդ ամեն բան շուռ եկավ, ինչպես կարմրեցին փոս ընկած այտերդ, ինչպես քրտինքը սկսեց հոսել դեռեւս թաց մազերիդ տակից։ Ելնելով՝ ոտքերումդ տարօրինակ թուլություն զգացիր եւ, թաքցնելով աչքերդ, գնացիր նրան ընդառաջ։ «Դու մեզ մոտ լիալուսնի նման ես երեւում, չես գալիս, չես հիշում»,- ասաց Ընկերդ՝ իր հասակի բարձունքից՝ վերից-վար նայելով ու քայլելով քեզ ընդառաջ. սեղմեց ձեռքդ՝ ողորմածաբար թույլատրելով համբուրել իրեն։ Դու, պահպանելով պատշաճությունը, քթիդ տակ ինչ-որ բան քրթմնջացիր՝ ինքդ էլ չհասկանալով, թե ինչ ես ասում։ Լավ է, որ Ընկերդ էլ ուշադրություն չդարձրեց քո վիճակին, նշանակություն չտվեց անհոդաբաշխ խոսքիդ, ձեռքը ուսիդ դնելով՝ հրավիրեց աշխատասենյակ. «Ներս եկ, ներս եկ»,- հետո, շրջվելով դեպի հրեշտակը, հանձնարարեց. «Թեյ բեր մեզ համար…»։

Աշխատասենյակը լուսավոր էր, հարմար եւ տաք։ Զգուշորեն անցար ու նստեցիր քո սովորական տեղում՝ երկար սեղանի ծայրին։ Ընկերդ, կանգ առնելով լուսամուտի մոտ, ասաց. «Թափվում ու թափվում է»,- ինչ-որ կերպ պիտի սկսեր խոսակցությունը։ «Հա, միտք էլ չունի կտրվելու»,- զրույցի տուտը բռնեցիր դու՝ ինչ-որ բան պատասխանած լինելու համար, սակայն մտքովդ անցավ, թե նրան անձրեւն ի՞նչ. ամեն եղանակի համար էլ, երեւի, պլաններ ունի՝ կարող է զանգահարել հարկավոր մարդուն եւ ժամանակ սպանել որեւէ  խորովածանոցում կամ սաունայում. այդ ինձ համար է, որ եւ ցուրտը, եւ շոգը միայն պրոբլեմներ են ստեղծում։ Անհանգստանալով, որ այդ մտքերը հնարավոր կլինի կարդալ դեմքիդ, դու սկսեցիր վիզդ շփել, ու այնպես ջանադիր էիր աշխատում թաշկինակով, որ քիչ էր մնացել կաշիդ պլոկես։

Ընկերդ գնաց իր տեղը, մեկնվեց բազկաթոռին ու ծխախոտ վառեց։ Դու էլ ցանկացար ծխել, սակայն Ընկերոջ տեսքը, նրա աշխատասենյակի ճոխությունը եւ քո այցելության նպատակը կանխեցին այդ ցանկությունը, կարծես դուք այն ընկերները չլինեիք, որ ընդամենը մի քանի տարի առաջ ժամերով զրուցում էիք՝ նստած էժանագին սրճարաններում, չայխանայում, մետրոյի լեփ-լեցուն վագոնում։ Այժմ, սակայն, ձեր միջեւ անտեսանելի անդունդ էր գոյացել, որը հաղթահարելու համար դու հնարավորություն չունեիր, իսկ  Ընկերդ՝ ցանկություն։

Պարզապես,  ինչ-որ ժամանակ ձեզ կապող եւ դեռեւս չանհետացած զգացմունքը, ձեր հանդիպումն անհրաժեշտ էր դարձրել. քեզ կարիքն էր ստիպել դիմելու նրան, իսկ նա իր պարտքն էր համար ընդունել քեզ։ Եվ բացի այդ, Ընկերդ գիտեր ամեն ինչի գինը, ժամանակը եւ տեղը. սկսեց խոսել տունուտեղից՝ չընդգծելով ձեր վիճակների տարբերությունը, քեզ էլ հրավիրելով սրտաբաց զրույցի. դու փորձում էիր պատասխանել հանգիստ, հասկացնել, թե ինչ վիճակում ես։ Ընկերդ հիմար չէր, այլապես այդքան ջահել տարիքում նման կարիերա չէր անի, խոսում էր դեսից-դենից, սակայն հընթացս հասկացնել էր տալիս, որ այս կյանքում հույսը միայն ինքն-իր վրա պետք է դնել, ընդ որում՝ դա այնքան հմտորեն էր անում, որ նրա ասածները դու ընդունում էիր իբրեւ վերին ճշմարտություն։

«Դե, ասա՝ ինչքա՞ն է պետք»,- հարցական նայելով քեզ՝ ասաց նա վերջապես, երբ թեյը մատուցած քարտուղարուհու ետեւում դուռը փակվեց։ Դու ամեն ինչ կտայիր, միայն թե չլսեիր գնդակի նման խոցող այդ բառերը։ Դու մտածում էիր, որ եթե Ընկերդ հարցնի. «Ի՞նչ պրոբլեմներ կան»,- դու ինչ-որ բան կհորինես՝ թաքցնելով այցելությանդ իրական նպատակը։ Սակայն Ընկերդ՝ արդեն ընկած-ելած մարդ է. պաշտոնը նրան սովորեցրել է զրուցել այցելուների հետ, նա գիտի՝ ով եւ ինչի համար է իր մոտ եկել։ Հարցրեց ուղղակի՝ նահանջի տեղ չթողնելով։ Հավանաբար, զգաց նաեւ, թե այդ ընթացքում դու քանի անգամ մեռար ու հարություն առար, այն աշխարհը գնացիր ու եկար։ «Դե, ի՞նչ իմանամ. քառասուն, հիսուն, ինչքա՞ն կտաս»,- սա ասելով՝ դու զգացիր, թե ինչպես է սառը քրտինքը պատում մարմինդ։ Վիճակդ թաքցնելու համար՝ դու լուսամուտից դուրս՝ անձրեւին էիր նայում, ասես նման նվաստացման մեղավորը երկնքից թափվող կաթիլներն էին։

Ընկերդ մի պահ մտքերի մեջ ընկավ՝ ասես կարեւոր որոշում էր ընդունում, հետո դարակից հանելով փողը՝ նետեց սեղանին՝ քո առջեւ. «Ներիր, այդքան չեն կարող, այստեղ քսան է»։ Ջանալով չնայել փողին՝ դու մրթմրթացիր. «Մի մոտիկ մարդ հարսանիքի է հրավիրել, կվերադրաձնեմ»։ Ձայնդ մեռելային երանգ ուներ, թեպետ մեռնել դու սկսել էիր դեռ առավոտյան, երբ ձեռքդ դեպի հեռախոսն էր գնում։

Դու արդեն մեռնում էիր՝ մաս առ մաս, սակայն երբ ընկերդ փողը նետեց քո առջեւ՝ ինչպես մի բուռ հող գերազմանին, ահա այդ պահին դու մահացար. հողը չպատռվեց, երկինքը քեզ կուլ չտվեց. դու մեռար նոփ-նոր թղթադրամների հարվածից։ Մեռնելով՝ դու պատկերացրիր քեզանից առաջ այստեղ եղած ջահել կնոջը. Ընկերդ փայլող աչքերով կանաչ թղթերը նրա կրծկալի տակ է խոթել. «Կծախսես։ Մոտ օրերս, ժամանակ կլինի, կհանդիպենք»։ Կինը, նազանքով փախցրել է հայացքը, ժպտացել՝ ինչպես ժպտում են պարտապանները…

… Թե ինչ եղավ հետո, դու համարյա չես հիշում։ Խմելով թեյի մնացորդը, ջանալով արժանապատիվ կեցվածք ընդունել՝ Ընկերոջդ երախտագիտություն հայտնեցիր՝ փորձելով ազատվել ամոթից ու դեմքի ապուշ արտահայտությունից. դա արդեն դու չէիր, այլ քո դիակը։ Հիշում ես միայն, որ Ընկերդ քեզ էլ ուղեկցեց մինչու դուռը՝ ասելով. «Ոչ մի բանի մասին մի մտածիր, ամեն ինչ լավ կլինի»,- կամ դրա նման մի բան, ապա պատվիրեց երբեմն այցելել։

Ամեն ինչ ասես անձրեւամշուշի մեջ էր։ Երբ բաց գլխիդ թաց կաթիլներ թափվեցին, դու մի քիչ ուշքի եկար եւ չլմփացնելով ջրափոսերով՝ վազեցիր դեպի կանգառ։

… Ավտոբուսի մեջ տաք էր ու լուսավոր։ Կողքիդ լիքը-լիքը մի կին էր նստած՝ դեմքին քաղցր խաղաղության արտահայտություն։ Դրսի ցուրտը, հարմարավետ սրահը, կնոջ մոտիկությունն ու բույրը համարյա ինտիմ տրամադրություն էին ստեղծել։ Դու փորձում էիր իբր պատահաբար որսալ նրա հայացքը, կարծես կրծքագրպանի փողն էր քեզ վստահություն ներշնչում։ Կինը զգաց այդ, մեղմիկ ժպիտ հայտնվեց նրա շուրթերին, սակայն իր տեսքով ցուցադրում էր սեփական անմատչելիությունը…

… Դու խնդրեցիր վարորդին կանգ առնել, եւ տեսնելով, որ կինը նունպես դուրս է գալիս, սակայն այլ դռնից, ջանացիր թաքցնել դողդ՝ վարորդին ցուցադրելով վետերանի վկայականդ։

 Հաճույք ստանալով նրանից, որ վկայականդ տեսնելով վարորդի աչքերը չարությունից փոս ընկան, դու գնացիր դեպի անկյունը թեքվող կնոջ ետեւից։ Նա դանդաղացրեց քայլերը եւ հասկացող հայացքով նայեց քեզ, դու արդեն առաջ էիր անցել նրանից եւ ուղղվել դեպի շքամուտքը՝ ետեւից լսելով նրա քայլերն ու զգալով նրա շունչը։ Դողալով բարձրացար աստիճաններով, ցրված բացեցիր դուռը եւ սենյակի մթության մեջ կանգնելով՝ սպասեցիր նախ նրա բույրին, ապա՝ նրա քայլերի մոտեցող հնչյուններին։ Բույրն ու նրա շունչը լցվեցին սենյակը…

… Սակայն կինը երկու կանգառ շուտ իջավ ավտոբուսից՝ իր հետ տանելով լույսը, ջերմությունն ու խաղաղությունը։  Դու ճանապարհի մնացած մասն անցար բթացած՝ գիտակցությանդ մեջ երբեմն բռնկող ու մարող խոսքերով. «Օ՜, Ալլա՛հ, միայն թե լույս լինի։ Օ՜, Ալլա՛հ, լույս լինի»։ Մոտենալով քո կանգառին՝ սրտի կսկիծով թեքվեցիր դեպի լուսամուտը՝ նայելու շենքերին։ Փնտրածդ չգտար մտքերիդ ցրվածության պատճառով։ Միայն ավտոբուսից դուրս գալուց հետո տեսար, որ շրջակայքում ամեն ինչ խավարի մեջ է թաղված։ Հսկա շենքի միայն երկու-երեք լուսամուտներում էր աղոտ լույս նշմարվում. հավանաբար մոմեր էին վառել։ Իսկ անձրեւն անընդհատ թափվում էր… Եվ ինչպես միշտ նման եղանակներին՝ ցավում էր բեկորի վերքը ազդրիդ, տնքում էին հոդերդ։

Աստիճաներով բարձրացար շոշափելով՝ պատերից բռնած եւ դուռն էլ բացեցիր կուրորեն։ Խարխափելով գտար անջատիչը, միացրիր՝ ասես քո բնակարանն այս շենքի ու թաղամասի հետ կապ չուներ, եւ նրանում ուր որ է կվառվի լույսը՝ ցրելով եւ իր հետ տանելով թախիծն եւ ընկճվածությունը, որ երեկվանից՝ անձրեւի սկսվելուն պես, պարուրել են քեզ։ Երբ վերջապես գլխի ընկար, որ լույս չկա, առանց հանվելու, թաց թիկնոցով ընկար հեռուստացույցի դիմաց դրված բազկաթոռին եւ հայացքդ հառեցիր մթության մեջ հազիվ նշմարվող էկրանին՝ կարծես այն ամենը, ինչ տեղի էր ունենում քեզ հետ՝ կատարվում էր հենց այդ խավար էկրանին։ Իսկ ռեժիսորն այնպես վարպետորեն էր բեմարդել իրադարձությունները, որ նրանք նման էին քեզ հետ իրականում կատարվածին։ Իսկ լուսամուտից դուրս անձրեւ էր, սենյակը՝ մթության մեջ թաղված, թիկնոցդ՝ թաց…

Այն երեկո, երբ կինդ, վերցնելով երեխաներին՝ հեռացավ հորական տուն, լույսը դարձյալ հանկարծակի հանգավ, իսկ հետո սկսվեց հորդառատ անձրեւը՝ ինչպես դժբախտ կնոջ չարդարացված հույսերը, ինչպես նրա դառն արտասուքը։ «Բավական է,- ասում էր նա,- մարդիկ ոչնչից փող են շինում, իսկ դու երեք տարի խրամատներում փտեցիր, բայց դատարկ նստել ես։ Քո այդ գրել-մրելով տուն չես պահի»։ Եվ այն ժամանակ էլ, ճիշտ այսպես նստած բազկաթոռին, դու լռեցիր։ Իսկ ի՞նչ ասեիր։ Ասեիր, թե այս շաբաթ աշխատավա՞րձ են խոստացել։ Դու գիտեիր, որ դրանով նրան չես խաբի։ Յուրաքանչյուր շաբաթվա սկզբին պետն իր աշխատասենյակում էր հավաքում բոլորիդ եւ թեյ խմելով, խոսում էր՝ ինչ միտքն էր գալիս։ Ավարտելով մենախոսությունը՝ ցուցադրական հարգանքով դիմում էր քեզ. «Մուալիմ, ի՞նչ առաջարկություններ, ցանկություններ կան»։ Սակայն դու էլ արդեն նախկին հիմարը չես, որ բացեիբաց խոսես եւ ղեկավարությանը առիթ տաս. քմծիծաղելով, նրա տոնով պատասխանում ես. «Ջան սաղություն»։ Պետը, զգալով տրամադրությունդ, բանի տեղ չի դնում եւ դիմելով բոլորին, ասում է. «Այս շաբաթ կջանանք Ալլահի օգնությամբ աշխատավարձ ստանալ»։ Այս գործում միայն Ալլահի վրա էլ հենց կարելի էր հույս դնել։ Այսինքն՝ մոտակա օրերին աշխատավարձ չի լինի…

… Դու չլսեցիր, թե ինչպես բացվեց երբեւէ չփակվող մուտքի դուռը, ինչպես ներս մտավ հարեւանդ եւ, սովորականի նման չբարեւելով՝ նստեց իր մշտական տեղում։

«Ի՞նչ ես խավարում նստել։ Մո՞մ էլ չունես՝ վառես»,- հարցրեց նա. դու ցնցվեցիր, եւ նրա ձայնից մի կնթարթում կորան կնոջդ, Ընկերոջդ, պետիդ դեմքերը։ Տեղիցդ չշարժվելով՝ պատասխանեցիր. «Երեկ վերջացել է, մոռացել եմ գնել»։ Հարեւանը, հավանաբար, եկել էր ձանձրույթը ցրելու, եւ որպեսզի խոսակցություն սկսի, ասաց. «Էս անտեր անձրեւն էլ չի դադարում»։ Հետո, տեսնելով, որ դու չես պատասխանում, հարցրեց. «Չգիտե՞ս երբ լույս կտան»։ Հարցրեց՝ հույսը սրտում, կարծես կոճակը ձեռքիդ տակ է, դու էլ, ահա, խելքի կգաս, կսեղմես այն, լույս կլինի, եւ լույսը հույս կբերի։ «Չէ,- ասացիր դու, ապա մի քիչ լռելուց հետո պատասխանեցիր,- այսօր դժվար թե էլ լույս տան»։ Հարեւանդ հուսահատ հոգոց հանեց, մի քիչ էլ նստեց՝ մատներով տկտկացնելով սեղանին, հետո ոտքի ելավ եւ անաղմուկ հեռացավ։

Նա հեռացավ, իսկ դու դեռ երկար նստեցիր խավարում՝ լսելով անձրեւի եւ մեքենաների ձայները, եւ մտածեցիր, որ իզուր հարեւանիդ էդպիսի պատասխան տվեցիր, պետք էր ասել, որ լույսը շուտով կտան, կամ դրա նման մի բան։ Ի՞նչ իմանաս, ի՞նչ կլինի էս աշխարհում…

1999 թ.

Թարգմանությունը Մեսրոպ Հարությունյանի

Էջի սկիզբը

Գրական փորձագիտարան - Գրողներն ընդդեմ բախումների նախագիծը կոչված է հաղթահարելու հակամարտող ժողովուրդների միջեւ առկա ատելությունը։ Դա չի նշանակում, թե կայքի ստեղծագործություններն արտացոլում են բուն ռազմական եւ քաղաքական հակամարտությունը, որն ատելության աղբյուրն է: Ավելին. կայքը չունի գաղափարական կամ բովանդակային որեւէ սահմանափակում: «Ադրբեջանցիները (հայերը) լավ գրականություն ունեն». ընթեցողների այսպիսի արձագանքը գլխավոր արդյունքն է, որին կարող է ձգտել կայքը: Քանի որ այն կարող է ժողովուրդների մեջ իրար հանդեպ փոխադարձ հարգանք ներշնչել, որը բախումները կարգավորելու լավագույն հիմքն է: Բացի այդ, գեղարվեստական գրականությունը, հատկապես` արձակը, ի հայտ է բերում այն ընդհանրությունները, որ կան հարեւան երկրների ներկայացուցիչների վարքի ու մտածողության մեջ, որը նույնպես կնպաստի կեղծ կարծրատիպերի և օտարացման հաղթահարմանը։

Հեղինակներին ընտրելիս կայքի գրական համակարգողները ջանացել են ընդգրկել ավագից մինչեւ երիտասարդ սերունդները, ավանդապաշտներին եւ նորարարներին:

home about partners terms and conditions
Forum