http://www.litlab.org
home about partners terms and conditions
Armenian Azerbaijani English Russian
ՀԱՅԱՍՏԱՆ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
(1953)

Արմեն Շեկոյանը գրող է, որը միշտ զգում է, թե ինչ է հարկավոր տվյալ պահին։ Նրա բանաստեղծություններում այնքան շատ էր քաղաքային սլենգը եւ բանահյուսությունը, որ կարող էր լուրջ չընկալվել, բայց սովետական տարիներին դրանց պահանջն օդում էր, եւ այդ պոեզիան սիրվեց։ Իսկ երբ նոր ժամանակներում աստիճանաբար պարզվեց, որ պոեզիան միայն «լուրջ» չի լինում, Շեկոյանի ստեղծագործությունը նոր երկրպագուներ ձեռք բերեց։ Առավել եւս որ նա անդրադառնում էր ամենաարդիական, մատչելի թեմաների։ Օրինակ, «Երեւան» հյուրանոց» պոեմում Շեկոյանը մեկ առ մեկ նկարագրում է բոլոր մարդկանց, ով որ մայրաքաղաքում ճանաչում է իրեն։ Սակայն, քանի որ ՍՍՀՄ փլուզումից հետո ընթերցողների ընդհանուր քանակն է կտրուկ նվազել, սիրված բանաստեղծի լսարանը համընկնում էր «Երեւան» հյուրանոց» պոեմի թվարկությանը։ Միգուցե այդ ժամանակ Արմեն Շեկոյանը զգաց` պոեզիան ինքն արդեն արդիական չէ, եւ անցավ արձակի։ Ինչպես եւ բանաստեղծությունները, նա պատմվածքներն ավելի հաճախ տպագրել է օրաթերթերում, որոնք հոնորար են վճարում, քան` գրական պարբերականներում։ «Մետաքսի ճանապարհ» ժողովածուում դրանք ամփոփելուց հետո Շեկոյանը սկսեց «Առավոտ» օրաթերթում հրապարակել «Հայկական ժամանակ» վեպը, որը մանրամասն, իսկ ավելի ստույգ` մանրակրկիտ ինքնակենսագրություն է։ Վեպի տպագրությունը սկսվել է 2005-ին, ավարտը կախված է այն բանից, թե որքան կշարունակի իր գոյությունը «Առավոտ» օրաթերթը։

ՄԵՌՅԱԼԸ

Ես ամենուր եմ, ավելի ճիշտ՝ գրեթե ամենուր եմ, իսկ ավելի ճիշտ՝ փորձում եմ ամենուր լինել, որովհետեւ՝ եթե էս մի հատիկ կյանքում չհասցնես ամենուր լինել, կնշանակի՝ էս մի հատիկ կյանքը չափազանց կիսատ ու չափազանց պռատ ես ապրել, ավելի ճիշտ՝ ապրել ես մյուսների ու բոլորի պես եւ մյուսների ու բոլորի չափ, այսինքն՝ գրեթե չես ապրել, բայց էս մի հատիկ կյանքում հոգնել էլ կա, եւ ես մյուսների ու բոլորի պես շատ հաճախ նաեւ հոգնում եմ, թեպետ չէի ասի, թե հենց կյանք կոչվածից եմ, ուրեմն, հոգնում, ու նաեւ չէի ասի, թե մյուսներից ու բոլորից ավելի հաճախակի ու ավելի շատ եմ հոգնում, թեպետ հասցնում եմ ամենուր լինել, կամ, ավելի ճիշտ, փորձում եմ ամենուր լինել եւ երբեմն լինում էլ եմ, չնայած տարիքն ու հոգնածությունն իրենցն արդեն սկսել են անել, ու ես զգում եմ, որ իմը ոչ թե սովորական հոգնածություն է, այլ՝ միանգամայն այլ ու միանգամայն վտանգավոր հոգնածություն, որից շարունակաբար ինֆարկտի ու էլի ուրիշ տհաճ բաների հոտ է փչում, եւ վտանգն ամեն քայլափոխի շնչակտուր հետապնդում է ինձ եւ վտանգն այդ կարող է ամեն քայլափոխի վրա հասնել միանգամայն պատժի կարգավիճակով ու տեսքով, որովհետեւ պատժի արժանանում ու պատժվում են ոչ միայն ու ոչ էնքան բացահայտ ու շոշափելի մեղք գործածները, այլեւ ու շատ ավելի հաճախ նրանք, ովքեր փորձում ու հանդգնում են Աստծո հետ ոտ գցել, իսկ որ ամենուր լինելու ձգտումը Աստծո հետ ոտ գցելուն հավասար բան է, միանգամայն ակնհայտ է, եւ որ՝ էդ ձգտումին ու ցանկությանն անձամբ մեր Աստվածն ընդամենը երեսուներեք տարի դիմացավ, եւ որ՝ անձամբ մենք շատ ավելի երկար ենք դիմանում, դա ընդամենը նրանից է, որ մեր երեսը պադոշ է, եւ մենք անհամեմատ արսըզ ենք, չնայած բացահայտ է նաեւ, որ անձամբ մեր դիմանալու հարցում նաեւ անձամբ մեր Աստծո մատն է խառը, քանզի տեւական ու շարունակական մեր դիմանալն անձամբ Իր կամքն է, ու նաեւ ամենուր մեր լինելն է Իր կամքը, եւ իմ տեւականորեն ու շարունակաբար չհոգնելը եւս Իր կամքն է, չնայած վերջերս լավ էլ հոգնում եմ եւ երբեմն արդեն չեմ դիմանում, բայց, չդիմանալով ու հոգնելով հանդերձ, էլի տեղս չեմ սըթըրվում, եւ, ըստ երեւույթին, տեղս չըսըթըրվելու խասյաթիս բուն պատճառը ոչ թե անհանգիստ բնավորությունս է, որը, փաստորեն, չունեմ, այլ՝ միայն ու միայն, ցածր տոնայնությամբ ասած, անսպառ ու անհագ հետաքրքրասիրությունս է, ինչպես նաեւ, հավանաբար նաեւ՝ մենակությունից իմ բնածին սարսափը, մենակությունից իմ ոչ թե մարդկային, այլ՝ իսկապես անասնական վախը, որը չնայած երբեւէ տեսանելիորեն որեւէ կերպ չի արտահայտվում, բայց շարունակաբար ուղեկից է ինձ, եւ, ըստ երեւույթին, իմ մշտական աստվածավախությունը, ամենօրյա իմ մոմավառությունն ու Աստծուն մշտապես կողքիս ու մոտս ունենալու մշտընջենական մարմաջս հենց մենակությունից իմ վախի ու իմ սարսափի ակնհայտ արտահայտությունն ու դրսեւորումն են, եւ եթե երբեմն իմ բարեկամներն ու իմ չարակամներն ինձ ծաղրում են աստվածասիրությանս ու եկեղեցասիրությանս համար, դա բնավ չի նշանակում, որ նրանք իրենց էդ վերաբերմունքի համար երբեւէ որոշակի պատժի են արժանանալու, քանզի նրանք ոչ թե մեր մինուճար Աստծո կյանքն ու գործն են ծաղրում, այլ ընդամենը եւ միայն ուզում են ընդգծել իմ՝ որեւէ առնչություն չունենալն Աստծո կյանքի եւ, ուրեմն, գործի հետ, բայց դա ամենեւին չի նշանակում, որ նրանք չեն պատժվելու. նրանք բոլորն էլ պատժի կարժանանան շարունակաբար ճըշմարիտ ուղուց շեղվելու եւ իրենց մինուճար Աստծուց անհամեմատ երկար ապրելու համար, բայց՝ ոչ թե պարզապես ու ընդամենը երկար ապրելու համար, այլ՝ հատկապես եւ միայն այն բանի համար, որ նրանք, երկար ապրելով հանդերձ, ոչ թե մոտենում, այլ ավելի ու ավելի են հեռանում ճշմարիտ ուղուց եւ իրենց ու բոլորիս Աստծուց, բայց, այսուհանդերձ, իմ բարեկամներն ու իմ չարակամները երբեւէ էապես չեն զգացել ու չեն գիտակցել իրենց հեռանալն ու իրենց շեղվելը՝ ճիշտ այնպես, ինչպես ինքս երբեւէ խորապես չեմ զգացել ու գիտակցել իմ հեռանալն ու իմ շեղվելը, ու նաեւ չեմ զգացել ու գիտակցել, որ, այնուամենայնիվ ու իսկապես, իմ աստվածավախությունն ու իմ մոմավառությունն ի վերջո դատարկ ու փուչ բաներ են, քանզի մոմի լույսի ներքո ինձ ոչ մի անգամ չի հաջողվել սպառիչ կերպով տեսնել ու ընկալել Հիսուսի դեմքին տեւականորեն սփըռված ողջ խաղաղությունն ու խաղաղասիրությունը, եւ միգուցե դա է պատճառը, որ խաղաղասիրական իմ բուռն նկրտումները մշտապես ավարտվում են իմ պատերազմով, իսկ իմ պատերազմը երիցս արգահատելի ու տաղտկալի է, քան՝ բոլորի ու բոլոր պատերազմները, քանզի իմ պատերազմը մղվում ու տարածվում է ոչ թե թշնամիներիս դեմ, այլ միայն ու ընդամենը՝ բարեկամներիս ու չարակամներիս, եւ թշնամիներիս դեմ չպատերազմելուս միակ ու եզակի պատճառն, այնուամենայնիվ, թշնամիներ չունենալս է, իսկ թշնամիներ չունենալուս միակ ու եզակի պատճառն, այնուամենայնիվ, ոչ թե հանդարտամտությունս ու խաղաղամտությունս են, այլ միայն ու ընդամենը այն, որ ես էս երկար ու տաղտկալի ընթացքում երբեւէ չեմ հայտնվել ճշմարիտ ուղու վրա, ուր սովորաբար ծվարում ու դարանակալում են ամեն տեսակի թշնամիներն ու ելուզակները, ասել է թե՝ ես ամենուր հայտնվում ու լինում եմ՝ բացառությամբ ճշմարիտ ուղու միակ տրասսից, որն սկսվում ու շարունակվում է փշերի ու մացառների միջով, ուր մշտապես ծվարում ու դարանակալում են ամեն տեսակի հարամիներն ու ցամաքահենները, ովքեր ճշմարիտ ուղու տրասսի վրա, փաստորեն, ավտոտեսուչների ու զանազան այլ արգելակիչների դեր են, ուրեմն, ստանձնել, որպեսզի է՛լ ավելի դժվարանցանելի դարձնեն առանց այդ էլ դժվարանցանելի ու միակ ճշմարիտ ուղին, որը դժվարանցանելի ու գրեթե անանցանելի է ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ դու միայնակ ես ու վերջնականապես զրկված քո բարեկամներից ու քո չարակամներից, այլեւ այն պատճառով, որ էնտեղի հարամիներն ու, ինչպես ասացինք, ավտոտեսուչներն էստեղի հարամիներն ու ավտոտեսուչները չեն, որոնց հնարավոր լինի խաբել կամ առնել հազար դրամով, քանզի էնտեղ՝ ճըշմարիտ ուղու տրասսի վրա, չարն իսկապես ու վերջնականապես է չար, եւ բարին իսկապես ու վերջնականապես է բարի, եթե իհարկե պատահում է, որովհետեւ՝ եթե էդ դե յուրե դժվարանցանելի ու դե ֆակտո անանցանելի ճանապարհի վրա ու մատույցներում հարամիներն ու ցամաքահենները խմբերով ու ոհմակներով են վխտում, ապա բարիները, եթե իհարկե պատահում են, պատահում են հիմնականում շնչահեղձ վիճակում եւ հիմնականում մենմենակ ու իրարից շատ ու շատ հեռու, եւ նրանց բաղձալի երազանքը՝ էդ ահավոր ու դժվարին արգելավազքը երբեւէ վերածել հույժ ցանկալի փոխանցումավազքի, երբեւէ իրականություն չի դառնում, ու էդ ճանապարհին շնչահեղձներից շատերն են, ուրեմն, մեռնում, բայց նրանց վերջին հայացքներն անհամեմատ կենդանի են, քան մեր՝ երբեւէ ճանապարհ չընկածներիս կամ կեսճամփից հետ դարձածներիս հանապազօրյա անկենդան հայացքները, եւ հենց էստեղ պիտի նշենք նաեւ, որ կեսճամփից հետ դառնալ էլ կա, եւ կեսճամփից հետ դարձողների մեծ մասը նրանք են, ովքեր կյանքը գերադասում են մահից, չնայած մնացողների ու նահատակվողների մեծ մասն էլ են նրանք, ովքեր կյանքը գերադասում են մահից, եւ եթե ասենք, որ կեսճամփից հետ դարձող-փրկվողների եւ մնացող-մեռնողների պատկերացրած կյանքերն իրարից տարբեր են, եւ նմանապես տարբեր են նրանց պատկերացրած մահերը, շատ պարզունակ ու միեւնույն ժամանակ ոչ ճշմարտացի կլինի, որովհետեւ մնացողներից ու նահատակվածներից ոչ ոք դեռեւս հետ չի վերադարձել ու չի հայտարարել, որ փոշմանած է իր, ուրեմն, արարքից, եւ նմանապես կեսճամփից հետ դարձածներից ու փրկվածներից եւ ոչ մեկը դեռեւս չի հայտարարել, թե ինքն, ուրեմն, իրավամբ փրկված է, այսինքն՝ եթե ոչ կյանքը, ապա մահն իսկապես ամենուր է ու անճանաչելի, քանզի մեզանից շատերն ու գրեթե բոլորը հիմնականում զվարճանում ու ցնծում են մահվան մեջ եւ հեծեծում ու ողբում են հենց կյանքի պահին, եւ սա հիմնավորապես ու բացարձակապես վերաբերում է ընդհանրապես ճանապարհ չընկածներին ու մասնավորապես կեսճամփից հետ դարձածներին, որոնք հետդարձի պահին բոլորին ու առաջին հերթին իրենք իրենց խաբեցին, թե էստեղ իրենց սպասող կա, եւ, չնայած սպասողներ իսկապես կային, բայց սրանց սպասելն ու իրենք անձամբ չափազանց երեւութական են, այսինքն՝ սրանք նույնպես իրենք իրենց ու բոլորին խաբում են, թե սպասում են, իսկ իրականում մահացած են, ընդ որում՝ չիմացյալ մահով, եւ էդ է պատճառը, որ իր իսկ մահը ոչ ոք չի իմանում եւ նմանապես մյուսի մահն էլ չի տեսնում ու չի ըմբռնում, եւ մեկը մյուսի թաղմանը չի գալիս ու մի բուռ հող չի լցնում, եւ մեռած վիճակով էսպես անթաղ մնացել են ու կան, քանզի մոռացել են ու չեն հիշում, որ մեռելները պիտի թաղեն իրենց մեռելներին, ու ես նրանց մեջ եմ, բայց իմ վիճակն առավել բարդ է, քանզի թարսի պես ոչինչ չեմ մոռացել ու ամեն ինչ հիշում եմ, թեպետ շարունակ չհիշելու ու մոռանալու եմ տալիս, բայց, այսուհանդերձ, հիշողությունս ամեն քայլափոխի շարունակում է ցնցել ինձ, ու ես մյուսների ու բոլորի պես մեռած եմ, չնայած հիշողությունս լավ էլ ցնցում է ինձ, ու աչքերս էլ շարունակ բաց են, որովհետեւ, չնայած բոլորս էլ մեռած ենք, բայց չենք ղմշում մեկս մյուսիս աչքերը փակել, որպեսզի կարողանանք քնել եւ, ուրեմն, մի կարճ ժամանակ ապրել, որովհետեւ մենք բաց աչքերով մեռած ու քնած ենք ու փակ աչքերով՝ կենդանի ու արթուն, այսինքն՝ մենք հաջողացնում ենք ապրել միմիայն մեր երազների մեջ, ու երբ երբեմն ինձ հաջողվում է քնել եւ ապրել եւ, ուրեմն, հետո նաեւ ունենալ ու զգալ արթնանալու բերկրանքը, արթնանալուց հետո էլ հիշողությունս շարունակում է ցնցել ինձ, քանի որ, ի տարբերություն ուրիշների, միանգամայն իմացյալ մահով եմ մեռած, բայց սա հայերիս կարդացած ու իմացած իմացյալ մահը չի, այլ՝ շատ ավելի ռեալ ու տաղտկալի մի իրողություն, որն ամեն առավոտ ինձ կտրելով իմ երազից ու իմ կյանքից՝ իբր թե արթնացնում եւ ուղեկցում է ամենուր, ու չնայած ամեն առավոտ ուպռավլենու ժամացույցն էլի ճշգրիտ ժամն է ցույց տալիս, բայց ինձ առանձնապես որեւէ բան չի հուշում, որովհետեւ, ի տարբերություն բոլոր մյուս մեռյալների, իմացյալ մահով մեռածներս որեւէ տեղ չենք շտապում, չնայած ուպռավլենու ժամացույցը հենց էն ժամացույցն է, որն ինձ միշտ շտապեցնում էր էն տարիներին, երբ դեռ ապրում ու մշտապես ուշանում էի Տերյանի դպրոցի իմ դասերից, որոնք, ինչպես հետագայում պարզվեց, չափազանց դառը դասեր էին, այսինքն՝ կյանքի մասին չափազանց կարճատեւ հիշողություններ, եւ հարցն էստեղ ոչ թե դասերն են, այլ՝ ընդամենը տարիքը, չնայած, այսուհանդերձ, հարցն էստեղ ոչ թե պարզապես տարիքն է, այլ՝ մաքրությունն ու պարզությունը՝ բառեր, որոնք իմացյալ ու չիմացյալ մահով մեռածներիս համար որեւէ իմաստ չեն պահպանել, չնայած, այսուհանդերձ, մեռյալներիս շուրթերից երբեւէ չեն բացակայել, ու էդ բառերի էդ ներկայությունը չափազանց հարիր ու նման է մեր իսկ ներկայությանը էս տեւականորեն երերացող մակերեսին, ուր, այդուհանդերձ, ես ամեն Աստծո առավոտ արթնանում ու ճանապարհվում եմ ամենուր՝ ինքս ինձ ու բոլորին համոզելով, որ մաքրությունն ու պարզությունն եմ փորձում հայտնաբերել, եւ պարզությունն ու մաքրությունը հայտնաբերելու նպատակով ես նախ ճանապարհվում եմ Գրողների միություն, այնուհետեւ՝ Վիլոյի տպարան, այնուհետեւ՝ «Գարուն», էնտեղից՝ Սուրբ Սարգիս, էնտեղից՝ Նիկոլի խմբագրություն, էնտեղից՝ Վարուժի արվեստանոց, էնտեղից` Վահեի դեղատուն, էնտեղից՝ Նորոյի կլորները, էնտեղից՝ հիմնադրամ, էնտեղից՝ «Բնագիր», էնտեղից՝ «Պապլավոկ», էնտեղից՝ «Այբ-Ֆե» եւ վերջում, ինչպես միշտ, իմ մանկության ընկեր ու իմ համադասարանցի Սաքոյի շուրջօրյա խանութը, ու ամեն օր էդպես ինձ ու բոլորին համոզելով՝ սպառում եմ մեռյալիս հույժ կարճատեւ օրը, ու երբ առավոտյան մտնում եմ Գրողների միություն, ցերեկային պահակը, որ համատեղության կարգով իմ ու մյուսների գրքերն է նաեւ վաճառում, ինձ դարձյալ սկսում է բացատրել, որ երկու գրքերիցս մեկը դախլի վրայից, ուրեմն, թռցրել են, իսկ մյուսի փողը չի կարող տալ, որովհետեւ արդեն ծախսել է,- ու ես, ինչպես միշտ, որոշում եմ չխորանալ ու չփչացնել տպավորությունս, շրջվում ու ոտով բարձրանում եմ Վիլոյի տպարան, ուր Վազգանուշի սուրճն ըմբոշխնելով՝ Վիլոյի որդի Ավիկի հետ վերստին ու մանրակրկիտ քննարկում ենք Երեւանի ժարգոնով օրաթերթ հրատարակելու հեռանկարը, իսկ երբ վերստին հասնում ենք հարցի ֆինանսական կողմին, ես դուրս եմ թռչում տպարանից ու Պռոշյանով իջնում «Գարունի» խմբագրություն, ուր խմբագիր Վարուժն ինձ դեմ է անում ամսագրի ամենանոր համարը, բայց ես նրանից խընդրում եմ իր մանկության անհեթեթություններից ընդամենը մի էջ ու տեղում ըմբոշխնում եմ այն եւ, որպեսզի չփչացնեմ տպավորությունս, իր մոտ եմ թողնում ամսագրի ամենանոր համարը եւ քայլերս ուղղում եմ Սուրբ Սարգիս, ուր հանապազօրյա իմ մոմն եմ վառում ու մտքիս մեջ մրմնջում եմ իմ հերթական տեքստը, որը հիմի կդժվարանամ գրի առնել, որովհետեւ իմացյալ մահով մեռածներիս տեքստերն ամեն օր տարբեր են եւ չափազանց խրթին, ու ես հետ-հետ գնալով՝ դուրս եմ գալիս եկեղեցուց ու մտնում Նիկոլի խմբագրություն, որպեսզի Թեւոսյան Վահագի հետ քննարկենք հերթական պատմվածքիս ֆինալը, բայց Ավոն, ինչպես միշտ, խանգարում է, Բաբաջանյան Ավոն, ինչպես միշտ, ջրիկլամիշ վիճակում է, եւ ես, որպեսզի Ավոյի ջրիկությունը մեջս զուլալ ու անաղարտ պահեմ, անմիջապես դուրս եմ գալիս խմբագրությունից ու նույն շենքի լիֆտով բարձրանում Վարուժի արվեստանոց, ուր Վարուժն արդեն նոր կտավ է ձգել ու նոր կտավի մուգ կանաչ ֆոնին ինչ-որ սպիտակ բծեր է արդեն դրել, ու, չնայած դեռ նոր պիտի սկսի նկարել, բայց նկարն արդեն ավելի քան կատարյալ է, ու ես Վարուժին թախանձագին խնդրում եմ, որ էդպես էլ թողնի ու չշարունակի, բայց Վարուժը բարձրացնում է վրձինը, որ քսի, ու ես, որպեսզի նկարը մեջս մշտնջենապես պահեմ ու ունենամ, փախչում եմ արվեստանոցից ու ճանապարհին մտնում եմ Վահեի դեղատուն, որտեղ, ինչպես միշտ, հարկայինը նստած է, եւ ես, որպեսզի չխանգարեմ, դուրս եմ գալիս պրոսպեկտ ու մտնում Կլորներ՝ Նորոյի մոտ, ուր Գրիգոր Խաչատրյանը խըռխըռալով խնդալու դասեր է տալիս իր ժամանակակիցներին, ու ես, որպեսզի չընդհատեմ խըռխըռոցը, շարունակում եմ ճանապարհս ու մտնում հիմնադրամ, ուր Սաթոյի ու Տիկոյի հետ վերստին քննարկում ենք Լոսի մեր բանաստեղծական գաստրոլների տեսլականը, ու ես էստեղից էլ եմ դուրս վազում՝ ոչ միայն էն պատճառով, որ տեսլականը չխաթարվի, այլեւ որ՝ էդ նույն պահին «Բնագրում» արդեն սկսվել է Վահրամի վիպակի քննարկումը, ու էրեխեքն արդեն հավաքվել են, ու էրեխեք եմ ասում, որովհետեւ մի պահ ինձ թվում է, թե Տերյանի դպրոցի մեր դասարանն է, ու նստածներն էլ՝ Վահանը, Մարինեն, Հարութը, Վիոլետը, Արփին, Վարդանը, Գոհարը, Բիձեն, Ծովիկը, Սոնիան, Արմանն ու մյուսներն իմ համադասարանցիներն են, ու երբ հնչում են «գլոբալիզացիա» եւ «պոստմոդեռնիզմ» բառերը, ես հասկանում եմ, որ զանգը տվեց, ու դասամիջոց է, ու ցած եմ սլանում «Նփակի» աստիճաններով, որոնք ինձ տանում են մութ միջանցքներով, ուր վիդեոարտի բազմաթիվ էկրաններից ոմն վիդեոարտիստ իր մանկության անունից իմ ու բոլորիս մանկությունն է ռիթմիկ պղծում, եւ դա բավական երկար է տեւում, քանի որ՝ փողոցում նույնպես մութ է, որովհետեւ ձմեռնամուտ է եւ ոչ թե ուշ ժամ, ու անժամանակ մթությունն ինձ առանց որեւէ դժվարության հասցնում է «Պապլավոկ», ուր արհեստական լույսերի ներքո Աբոյի ռուսամետությունն ու Արշակի արեւմտամետությունը հավասարապես են ղողանջում, բայց ընդմիջումներին նրանց հաղթում է նախ Ջոնը՝ առ Սեմերջյան Մանուկ իր հարատեւ լեգենդով, եւ ապա՝ Ջավախյանի որդի Վահագը՝ աշխարհի ամենաարագավազ հայը, իսկ երբ մեր սեղանին է մոտենում աշխարհի ամենաանհամ դոկտորը, ես փախչում եմ ոչ միայն այն պատճառով, որ տպավորությունս չփչացնեմ, այլեւ այն պատճառով, որ աշխատում եմ «Այբ-Ֆե» օրաթերթում, որտեղ ինձ աշխատավարձ են տալիս իմ ու բոլորիս մեռած լինելը չբացահայտելու պայմանով, իսկ այնուհետեւ «Այբ-Ֆե»-ից ուշ գիշերով ոտքերս իրենք իրենց ու ինձ հասցնում են իմ մանկության ընկեր Սաքոյի շուրջօրյա խանութը, որտեղ, ինչպես միշտ, ես ու Սաքոն խմում ենք մեր կենդանի կենացը եւ զակուսկի ենք անում մեր մանկության փշրանքներով, ու հետո, ինչպես միշտ, կեսգիշերին վերադառնում եմ տուն, ուր, ինչպես միշտ, մերոնք խորը քնած են եւ, ըստ ամենայնի, շատ հետաքրքիր ու բովանդակալից երազներ են տեսնում, ու ես էլ, մերոնց օրինակով, պառկում ու փորձում եմ շուտափույթ քնել, որպեսզի ոչ միայն նորանոր երազներ տեսնեմ, այլեւ՝ մի քիչ հանգստանամ, որպեսզի վաղը նոր ուժերով զարթնեմ ու նոր եռանդով ինձ ու բոլորիդ համոզեմ, որ ապրում ենք։

2003 թ.

Էջի սկիզբը

Գրական փորձագիտարան - Գրողներն ընդդեմ բախումների նախագիծը կոչված է հաղթահարելու հակամարտող ժողովուրդների միջեւ առկա ատելությունը։ Դա չի նշանակում, թե կայքի ստեղծագործություններն արտացոլում են բուն ռազմական եւ քաղաքական հակամարտությունը, որն ատելության աղբյուրն է: Ավելին. կայքը չունի գաղափարական կամ բովանդակային որեւէ սահմանափակում: «Ադրբեջանցիները (հայերը) լավ գրականություն ունեն». ընթեցողների այսպիսի արձագանքը գլխավոր արդյունքն է, որին կարող է ձգտել կայքը: Քանի որ այն կարող է ժողովուրդների մեջ իրար հանդեպ փոխադարձ հարգանք ներշնչել, որը բախումները կարգավորելու լավագույն հիմքն է: Բացի այդ, գեղարվեստական գրականությունը, հատկապես` արձակը, ի հայտ է բերում այն ընդհանրությունները, որ կան հարեւան երկրների ներկայացուցիչների վարքի ու մտածողության մեջ, որը նույնպես կնպաստի կեղծ կարծրատիպերի և օտարացման հաղթահարմանը։

Հեղինակներին ընտրելիս կայքի գրական համակարգողները ջանացել են ընդգրկել ավագից մինչեւ երիտասարդ սերունդները, ավանդապաշտներին եւ նորարարներին:

home about partners terms and conditions
Forum