| ՀԱՅԱՍՏԱՆ |
 |
| ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ |
| (1926) |
|
Ժամանակակից հայ գրականության նահապետն է։ Գրողի համարյա ամբողջ ստեղծագործությունը թարգմանված է ռուսերեն, բազմաթիվ գործեր` տարբեր այլ լեզուներով։ Չնայած իր «համամիութենական» համբավին եւ երկար տարիների «Էկրան» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը զբաղեցնելուն, Այվազյանը երբեւէ չի անդամակցել կոմունիստական կուսակցությանը։ Գրողին սրտամոտ են դրամատիկական ժանրերը, նա հեղինակել է բազմաթիվ պիեսներ։ «Լացի այգին» պիեսում Այվազյանը պատկերում է այն դաժան բախումը, որ տեղի է ունեցավ 1946-ի քաղաքակիրթ բարքերի սովոր հայ հայրենադարձերի եւ քրեա-քաղաքական ահաբեկչության օրենքներով ապրող տեղացիների միջեւ։ Այս եւ ուրիշ ստեղծագործություներում նա հաճախ է արծարծում Ստալինի ու ստալինիզմի թեման, որը լիարժեք բացահայտված չի համարում բարոյական գնահատականի եւ գեղարվեստական տեսանկյուններից։ «Հայֆիլմ»-ում Աղասի Այվազյանի սցենարով նկարահանված «Եռանկյունի» կինոնկարը (ռեժիսոր` Հենրիկ Մալյան) իր կայուն տեղն ունի հայաստանցիների ամենասիրած ֆիլմերի ցանկում։ Գրողն ինքը նկարահանել է լիամետրաժ գեղարվեստական կինոնկարներ, որոնց հատուկ է եղել փորձարարական մոտեցումը։ Նույն մոտեցումն աննկուն կերպով արտահայտվել է Այվազյանի գրեթե բոլոր գործերում, ինչը եւ պայմանավորում է նրա ներկայությունը նոր գրականության կայքում։
|
|
«ՖԱԼԿԵՆՇՏԵՅՆ»
Դիմացը սեւ պատ էր։
- Գեղեցիկ է, չէ՞...- ասաց կողքիս՝ մի քիչ ետեւում կանգնած գերմանացի ուղեւորներից մեկը։ Այդ երկու բառը ես հասկացա եւ, կասկածի տակ չառնելու համար եվրոպացու խոսքը, սեւեռեցի հայացքս սեւի մեջ ինչ-որ ձեւ, գույն հայտնաբերելու նպատակով։ Պատրաստ էի ասելու՝ «գեղեցիկ է», սակայն գոնե ինքս ինձ պետք է պարզեի՝ սեւի մեջ ի՞նչ կա։ Հայի քաղաքավարությունը՝ օտարների նկատմամբ եւ հայի սեւեռումը՝ իր մեջ։ Նահանջի, երկբայության համար տեղ ապահովելու համար, գլխով կիսահավանության նշան արեցի եւ վերստին սեւեռվեցի սեւի մեջ։ Հայի սեւեռումը/ռիսկ եմ անում ինձ վերագրել հայի հատկությունները/տրամաբանություն չունի, կամ էլ՝ շատ խորքային անիմանալի տրամաբանության արդյունք է։ Խե՜ղճ իմ ուղեղ... Ինչքա՜ն եմ քեզ չարչարել... Եվ էլի չարչարում եմ՝ ինչ-որ մի բան հասկանալու, այժմ՝ տեսնելու համար։ Եվ ոչինչ չկարողացա նշմարել։ «Ֆալկենշտեյն» նավի շարժիչների դղրդյունն էի զգում ողնաշարովս վարից վեր, իսկ ցռուկի ճեղքած ծովի ալիքների միալար, հերսոտ ու հոգեմաշ ճողփյունը պարտադրում էր իր կամքն ու տրամադրությունը։
- Դուք է՞լ եք դեպի լիճը ուղեւորվում...- խտտացնող քաղաքավարությամբ հարցրեց իմ կողքին՝ մի քիչ ետեւում կանգնած անձնավորությունը։
- Այո՛...- փնթփնթացի ես։- Կղզի,- ավելացրեցի, քանի որ իմ՝ աշխարհի անկյունները տեսնելու մղումը տանում էր կղզի, որտեղ հռչակավոր գեղեցկության լիճ կար։ Եվ եթե այդ սեւ նիստի մեջ ես ոչինչ չեմ տեսնում, իսկ նա...
- Գեղեցիþկ է,- այս անգամ հաստատեց կողքիս՝ մի քիչ ետեւում կանգնածը, եւ ես առաջին անգամ շրջվեցի դեպի նա։ Նա ժպտաց, ես քաղաքավար պատասխանեցի նույն կերպ։ Եվ եթե մարդիկ անընդհատ նման ձեւով հասկանան իրար, նման ձեւով պարզեն իրականությունը, ի՞նչ է լինելու ճշմարտությունը սահմանելու, եղելությունը ճշտելու, աշխարհի կյանքը շարունակելու վիճակը։
Սեւ հարթությունը ցայգաբացին պատռվածք տվեց, եւ մեր «Ֆալկենշտեյնը» մտավ պատռվածքի մեջ։
- Մեկ ժամից կհասնենք,- նորեն կողքիս՝ մի քիչ հետեւում հայտնվեց «Ֆալկենշտեյնի» ուղեւորը։ Ես թեքեցի գլուխս։ Լիճը շա՜տ գեղեցիկ է...- ասաց նա՝ արդեն դեմուղիղ։ Ապա ժպտաց.
- Ասում են՝ նրա ափին պառկել չի կարելի...
Ես, նորեն քաղաքավարության համար, հարցական նայեցի։ Նա կրկին ժպտաց.
- Ասում են՝ գետինը սոված է...
Գերմաներեն «սոված» բառը, երեւի թե, մի ուրիշ իմաստ է պարունակում. այդպես է լինում, երբ լեզվին չես տիրապետում։ Բառը ավելի այլ խորհուրդ է ներկրում նախադասության մնացած բառերի ընկերակցությամբ։ Ես միայն «սոված» հասկացա ու նորեն ժպտացի. ինձ համար այնքան էլ կարեւոր չէր նրա ասածը։
Կղզին թերակղզի էր, սակայն նրա կապը մայր հողի հետ այնքան չնչին էր, հարաբերությունը՝ այնքան հեղհեղուկ, որ այդ փոքրիկ հողակտորը ինքնաբավ էր, իր անկախությունն էր հարկավորում։
Փոքրիկ, ճռճռան տախտակամածը, որ գրեթե թաքնված էր ծովի վրա խոնարհված սաղարթի տակ եւ ծառայում էր որպես նավամատույց, շարունակվում էր կղզի մտնող նեղ արահետով։ Արահետը ճյուղավորվում էր, եւ մի ճյուղը՝ դեպի լիճ ուղղություն հուշող ցուցատախտակներով, խորհրդավոր փսփսուկով տանում էր ջրերից եկող տամկության միջով։
Այնտեղից, որտեղից սկսվում էր լճի արահետը, երեւացին սագեր։ Չքնաղ, ճերմակ, աչքերի շուրջ՝ սեւ օղակներով, ծառերի խտությունից առաջացած կիսախավարում նրանք փայլքեր էին շաղ տալիս, ու ցոլցլում էր բանդագուշանք միջավայրը։ Այն է՝ ես պիտի մոտենայի նրանցից առաջինին, երբ, անսպասելիորեն ինձ համար, ինքը արագաքայլ շարժվեց ինձ վրա եւ կտցահարեց ձեռքս։ Ես մի կողմ ցատկեցի՝ տակավին չարժեվորելով կատարվածը։ Հարձակվող սագի առաջին անգամ էի հանդիպում։ Հետո, գնալով, ավելի անհասկանալի դարձավ. երկրորդ սագը արդեն հեռվից վազում էր դեպի ինձ։ Ես մի կողմ քաշվեցի՝ արագացնելով ընթացքս, բայց սագը հասավ ու ավելի վայրագորեն կտցահարեց թեւս, ոտքս, ազդրս... Սա իսկական գիշատիչ էր... Ես համարյա փախա։ Իմ ամոթալի փախուստը սագերն ընդունում էին բավարարվածությամբ, որովհետեւ այլեւս կասեցնում էին հետապնդումը։ Վտանգավոր էին առջեւում գտնվող թեւավորները. մտքովս անցավ, որ նրանք հսկում են արահետը. յուրաքանչյուրը՝ իր հատվածը։
Լիճը, թերեւս՝ լճակը, խաղաղ էր, լուռ, ինձ ծանոթ ու անծանոթ զանազան բուսականությամբ։ Ափերը փափուկ էին, թավշապատ... Հեռվում, ծառերի արանքներում ճոճվող մի քանի լանտիկներում մարդիկ էին ընդգոգվել տեղանքի հուռութքի մեջ։
Իրականությունը փոխհատուցեց բոլոր իմ դժվարություններն ու անծանոթ անհարմարությունները. օդի շոյանքը, լճի թափանցիկ մակերեսը, որի տակ էլի ինքն էր, իր ենթագիտակցությունը՝ բազմաթիվ հաշտ ու իմաստալից շերտերով, որոնց ներքո անգիտակցականն էր, անվերջանալին... Թվում էր՝ լիճը հատակ չունի... Ափերն էին նրան պահում, որ չընկնի, չգնա հավերժություն... Եվ ամեն ինչ ժամանակ չուներ, չափումներից դուրս էր...
Օդոլորտի թանձրուկն էր՝ սկիզբն ու վերջը միասին, այն անիմանալին, որի մեջ կայթում ենք որպես պահեր լոկ։
Ամեն ինչ հրապուրում էր, կանչում... Հոգնած ոտքերս ծալվում էին, եւ ես նստեցի թավշյա կանաչի վրա, ապա կողքի ընկա, հետո մեջքս հանգիստ ուզեց, եւ մարմինս փռեցի՝ դեմքով դեպի երկինք... Ու զարմանալի էր ամբողջի միասնականությունը՝ սովորականի հակառակ՝ լիճը արտացոլվում էր երկնքում... Նայում էի լճին երկնքում, երկնքին՝ լճում, եւ ընդարմություն էր ժողովում էությունս, մարմինս անկշռանում էր ու վերեւանվում դեպի երկինք... Ու ես ընկղմվում էի լիճը՝ երկնքում... Եվ ես ընկղմվում էի ավելի ու ավելի խորը...
Հողը նահանջում էր իմ ներքո, եւ ես իջնում էի նրա ընդերքը... Քիչ անց, երկինքը երեւաց շրջանակի մեջ, եւ ես հասկացա, որ դա ինձ ընդգրկող փոսի եզրերն են։ Ես սուզվել էի գետնի մեջ։ Հիշեցի «Ֆալկենշտեյնի» ուղեւորի «գետինը սոված է» խոսքը։ Ուրեմն՝ ես ուղիղ էի ընկալել օտար բառը։ Հողը սոված էր, եւ ես նրան ցանկալի էի։ Եվ ինչն էր ամենաանսովորը, զարմանալին՝ նա էլ էր ինձ ցանկալի...
Կիլ, Գերմանիա
2000թ.
Էջի սկիզբը
|